l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց
Եղանակն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներ
14.09.2026
Ցույց տալ բոլորը

Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

15.09.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • գյուղատնտեսություն
  • թունաքիմիկատներ
  • Հասարակություն
  • Հետաքննություն

● Տաթև Խաչատրյան

Պատկերացրեք՝ մեկ տարի առաջ դուք իմացաք, որ ձեր սննդակարգի մաս կազմող միրգն ու բանջարեղենը պարունակում են շատ թունաքիմիկատներ, և ձեր շրջապատի ամեն 5-րդ մարդ մտահոգության շեմում է։

Ի՞նչ կանեիք դրանից հետո։ Կսպասեի՞ք, որ պատասխանատու պետական մարմիններն օգտագործեն այդ հետազատությունը, գտնեն պատճառներն ու միջոցներ ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար։

Մենք էլ էինք դրան սպասում։ Հատկապես, երբ մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսում Սննդամթերքի անտվտանգության տեսչական մարմինը նշեց, որ հայտնի են նաև 2024թ. մոնիթորինգի արդյունքները, մնում է վերլուծել։

Արդյունքներ, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այպես էլ համառորեն չտրամադրեց՝ դրանք ռիսկերի հաշվարկում ներառելու համար, և որոնք 2026թ. օգոստոսին, ի վերջո, գտանք ՍԱՏՄ-ի կայքի ենթաբաժիններից մեկում։

Եվ դրանք ամենևին էլ այն մասին չէին, որ հանրային առողջապահական ռիսկերը գոնե մի քիչ նվազել են։ Ընդհակառակը, Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերում
պատկերն ավելի էր վատացել. թունաքիմիկատներից բացի, հայտնաբերվել էին նիտրատների գերազանցումներ և ծանր մետաղներ։

Ինչու՞ էր 2025-ին ՍԱՏՄ-ն պնդում, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», եթե այդ ժամանակ արդեն իսկ ուներ այս տվյալները։

Ինչու՞ չօգտագործեց մեր կողմից իրականացված նախորդ մոնիթորինգների ռիսկերի հաշվարկը, ինչո՞ւ չտրամադրեց 2024-ինը, որ կարողանայինք դա էլ վերլուծել։

Ի վերջո, ինչպիսի՞ն է մեր «առողջ ափսեն» մեկ տարի անց։ 

Եկեք պարզենք։

.
.

.

Ի՞նչ էինք պարզել 2025թ.-ին, երբ, ըստ ՍԱՏՄ-ի, «իրավիճակը սարսափելի» չէր

 

2025թ.ի մեր հետաքննությունը սկսվել էր ՍԱՏՄ-ի 2019 և 2021 թվականների մոնիթորինգների «մտահոգիչ» արդյունքների մասին հաղորդագրությունից։ Այդ երկու ստուգումների ընթացքում փորձաքննվել էր ընդհանուր 30 տեսակի միրգ-բանջարեղենի 340 նմուշ, և եթե 2019-ին խախտումներ չէին հայտնաբերվել միայն ծիրանի, նռան ու հնդկաձավարի նմուշներում, ապա 2021-ին պատկերը վատացել էր․ թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ եղել էին փորձաքննված բոլոր նմուշներում

Երկու մոնիթորինգների ընթացքում տարբեր նմուշներում փորձաքննվել էր ընդհանուր 34 թունաքիմիկատ, որոնցից 21-ը կամ 60%-ը հայտնաբերվել էր առնվազն 1 նմուշում։

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք մենք այս տարիների ընթացքում կերել ենք խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

2019թ.ին, օրինակ, բիֆենտրին էր հայտնաբերվել խաղողի բոլոր 15 նմուշներում, սալորի 7 նմուշներից 6-ում և ձմերուկի ամեն 2-րդ նմուշում։ 

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Սալորի գրեթե բոլոր նմուշներում, խնձորի՝ ամեն 2-րդ և լոբու՝ ամեն 5-րդ  նմուշում հայտնաբերվել էր դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

Կամ, 2021թ.ին ամենահաճախ հայտնաբերված թունաքիմիկատներից էր քլորպիրիֆոսը․ այն հայտնաբերվել էր տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ,, ձմերուկի, սեխի ու սմբուկի ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ, խաղողի ամեն 6-րդ նմուշում։

Միայն խնձորի 18 նմուշում փորձաքննված 10 թունաքիմիկատներից 8-ը հայտնաբերվել էր։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի մասնագետները կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ՝ իրականացրել էին ռիսկերի վերլուծություն, որի արդյունքնում պարզվել էր նաև, որ միայն խնձոր ու կարտոֆիլ ուտելով՝ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի գրեթե 40%-ը, իսկ ուսումնասիրության մեջ ներառված 10 մթերքներ ուտելու դեպքում այդ թիվը դառնում է 45.63%։

Իսկ ամենակարևոր բացահայտումն այն էր, որ միրգ-բանջարեղենի սպառման այն թվերով, որը կա Հայաստանում, բնակչության մոտ 20%-ը՝ կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Ի՞նչ արեց ՍԱՏՄ-ն այս վերլուծությունից հետո։ Օրեր անց պարզաբանում տարածեց՝ նշելով, որ Հայաստանում կա մոտ 350 000 գյուղացիական տնտեսություն և խախտումների հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, իսկ դրան հաջորդած ասուլիսում Բուսասանիտարիայի պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ ուտել»։

«Աշխատելու տեղ ունենք, բայց չի կարելի ասել, թե սարսափելի է»,-նշեց նա, և դրանից մոտ մեկ տարի հետո էլ ՍԱՏՄ-ն մեզ այդպես էլ չտրամադրեց նոր մոնիթորինգի արդյունքները։

Ինչու՞, գուցե իրավիճակը, այնուամենայնիվ «սարսափելի՞ էր»։

.

 

Ինչու՞ ՍԱՏՄ-ն մեզ չտրամադրեց 2024-ի տվյալները


Հարցի պատասխանը ստանալու և տվյալների վերլուծությունն սկսելու համար, եկեք վերադառնանք 2024թ. սեպտեմբեր։

Սեպտեմբերի 17-ին ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահականության սկզբունքով իրականացնում է բուսական ծագման մթերքների նմուշառում։

Դեռևս նախորդ տարի՝ 2025թ. փետրվարին, երբ մենք ցանկանում էինք գիտական կենտրոնի հետ ռիսկերի հաշվարկ իրականացնել, ՍԱՏՄ-ին խնդրեցինք տրամադրել նաև 2024թ.ի մոնթիորինգի տվյալները, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ «արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

2025թ. հունիսի նույնպես նմանատիպ պատասխան ստացանք.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Մեկ տարի անց՝ 2026թ. հուլիսին, մենք նորից հարցում ուղարկեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2024թ.-ի տվյալները, սակայն նորից ստացանք նույն պատասխանը՝

«Լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս ամփոփված չեն»։

Իսկ արդեն օգոստոսին, ի վերջո, մենք գտանք այդ արդյունքները։ 

Ի՞նչ են ցույց տալիս 2024թ. մոնիթորինգի տվյալները, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այդպես էլ չտրամադրեց։

.

Թունաքիմիկատի գերազանցում ամեն 2-րդ նմուշում

 

2024թ.ին փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ միրգ-բանջարեղեն և 19 նմուշ եգիպտացորեն՝ նաև ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիմներ, հեղ.) ստուգելու համար։

Փորձաքննվել է ընդհանուր 12 տեսակի միրգ- բանջարեղեն. խնձորը, դեղձը, սալորը, ելակը, խաղողը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սբմուկը։ Բացի ելակից, բոլորը մթերքները փորձաքննվել էին նաև 2019 և 2021թթ.ին, և բոլորում խախտումներ էին հայտնաբերվել։ 

Թունաքիմիկատների մասով՝ փորձաքննվել է 192 նմուշ, որից 91-ում կամ ամեն 2-րդում խախտում է հայտնաբերվել։ Այս անգամ, սակայն ՍԱՏՄ-ն նույնիսկ չի հայտնել, թե որ միրգ-բանջարեղենում ինչ թունաքիմիկիատի գերազանցում է հայտնաբերվել. տվյալները ներկայացրել է պարզապես՝ ըստ մարզերի և նմուշների քանակ։

Ըստ այդ արդյունքների՝ ամենաշատը նմուշ է վերցվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից (համապատասխանաբար՝ 42, 42, 39 և 39 նմուշ)։

Ամենաքիչը նմուշները վերցվել են Վայոց ձորից և Տավուշից, ընդամենը՝ 3-ական նմուշ։

Ամենաշատը թունաքիմիկատի գերազանցումներ հայտնաբերվել են Արմավիրի մարզում. նմուշների 52%-ում, կամ 22-ում շեղումներ են եղել։ Արմավիրին հաջորդում է Կոտայքը` 51%, ապա՝ Արարատն ու Արագածոտնը (համապատասխանաբար՝ 45% և 43,5%)։

Թեև Լոռիում, Շիրակում և Գեղարքունիքիում նույնպես խախտումները տոկոսային առումով շատ են, սակայն այդ մարզերում փորձաքննվել է ընդամենը 6-9 նմուշ։

Միակ մարզը, որտեղ շեղում չի հայտնաբերվել, Տավուշն է, բայց այստեղ ևս փորձաքննվել է ընդամենը 3 նմուշ դեղձ։

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից փորձաքննված սեխի և ձմերուկի նմուշներում, մասնավորապես՝ իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ և տրիադիմեֆոն։ Թե սեխի ու ձմերուկի քանի նմուշներում և կոնկրետ ինչ քանակությամբ են հայտնաբերվել այդ թունաքիմիկատներից, ՍԱՏՄ-ն չի նշում։

Իմիդակլոպրիդ — նեոնիկոտինոիդ միջատասպան է, որի ազդեցության դեպքում հիմնական առողջական մտահոգություններից մեկը նյարդային համակարգն է։ ԵՄ-ում դրա բոլոր բացօթյա կիրառություններն արգելված են 2018-ից՝ հատկապես փոշոտիչների համար ռիսկի պատճառով։

Էմամեկտին բենզոատ — միջատասպան է, որի հիմնական թունաբանական ազդեցությունը նույնպես նյարդային համակարգի վրա է։ ԵՄ-ում և ԱՄՆ-ում այն ամբողջությամբ արգելված չէ և կիրառվում է սահմանված պայմաններով։

Քլորպիրիֆոս — օրգանոֆոսֆորային միջատասպան է, որի համար մտահոգություններ կան հատկապես նյարդային համակարգի զարգացման և վերարտադրողական առողջության վերաբերյալ։ Դասակարգված է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

Պենկոնազոլ — ֆունգիցիդ է, Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմնի (European Food Safety Authority, EFSA) 2025թ. փորձագիտական քննարկման մեջ նշվել են կենդանիների ուսումնասիրություններում լյարդի վրա անբարենպաստ ազդեցություններ, այդ թվում՝ լյարդի մեծացում, հյուսվածաբանական փոփոխություններ, բորբոքում, ֆիբրոզ և բարձր դոզաներում՝ բջիջների վնասում/նեկրոզ։ ԵՄ-ում այն ներկայումս արգելված չէ և պարբերաբար կիրառումը վերանայվում է։ Այժմ դրա հաստատման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. հոկտեմբերի 15-ը։

Տրիադիմեֆոն — ֆունգիցիդ է, որի հիմնական թունաբանական մտահոգություններից մեկը նեյրոտոքսիկությունն է (նյարդային հյուսվածքի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոքսիններ)։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (Environmental Protection Agency, EPA) այն դասակարգել է՝ որպես հնարավոր քաղցկեղածին, իսկ ԵՄ-ում այն արգելված է։

Ձմերուկի մասով նշենք, որ 2025թ.ին մենք պարզել էինք, ամռան ամիսներին Հայաստանում դրա օրական սպառումը գերազանցում է 500 գրամը (պատկերավորության համար՝ 500գ-ը 1 դիլիմ ձմերուկի միջին քաշն է, հեղ.), Այսինքն՝ միայն ձմերուկի սպառումը գերազանցում է միրգ-բանջարեղենի օրական սպառման չափաբաժինը՝ 400-500գ, որը մասնագետները խորհուրդ էին տվել ռիսկերը հաշվարկելուց հետո։

 

.
83% նիտրատ սեխի 10 նմուշում

 

Ձմերուկի դեպքում ռիսկի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև նիտրատների խնդիրը։ Մասնավորապես, ըստ ՍԱՏՄ հաշվհետվության,  ձմերուկի, սեխի և կարտոֆիլի փորձաքննված 16 նմուշում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումներ։

Նիտրատները բնականորեն հանդիպում են բույսերում, հատկապես՝ որոշ բանջարեղեններում, և կարող են մթերք անցնել նաև ազոտական պարարտանյութերի միջոցով։ Օրգանիզմում նիտրատների մի մասը վերածվում է նիտրիտի, որը մեծ քանակի դեպքում կարող է խանգարել արյան՝ թթվածին տեղափոխելու կարողությանը։ Հատկապես խոցելի են փոքր երեխաները։ 

Միաժամանակ, նիտրատներն ինքնին արգելված նյութեր չեն․ խնդիրը դրանց թույլատրելի մակարդակի գերազանցումն է։ ԵՄ-ում, օրինակ, որոշ բանջարեղենների համար սահմանված են նիտրատի առավելագույն մակարդակներ։

 

Օրինակ, ձմերուկի 5 նմուշում նիտրատների զանգվածային մասը եղել է 62%։ Այս նմուշները վերցված են եղել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից։

Սակայն ամենաշատ գերազանցումը եղել է սեխի նմուշներում. 10 նմուշում նիտրատների զանգվածային մասը կազմել է 83%։ Այս նմուշները նույնպես վերցվել էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից։

Գեղարքունիքի կարտոֆիլի 1 նմուշում նույնպես հայտնաբերվել է նիտարտների զանգվածային մասի շեղում՝ 4,1%։

Ինչ վերաբերում է ԳՁՕ-ներին, ապա փորձաքննված եգիպտացորենի 19 նմուշներից միայն մեկում է հայտնաբերվել՝ 5,2%։ Նմուշը վերցվել է Լոռու մարզից։

ԳՁՕ-ն օրգանիզմ է, որի գենետիկական նյութը փոփոխվել է այնպիսի եղանակով, որը բնական զուգավորման կամ վերարտադրության արդյունքում չէր առաջանա։ ԳՁՕ լինելը, սակայն, ինքնին չի նշանակում, որ մթերքը վտանգավոր է․ սննդի անվտանգության տեսանկյունից գնահատվում է յուրաքանչյուր կոնկրետ ԳՁՕ-ի առողջապահական և բնապահպանական ռիսկը։ ԵՄ-ում, օրինակ, սննդի կամ կերի համար ԳՁՕ-ն շուկա հանելուց առաջ անցնում է ռիսկի գնահատում և թույլտվության գործընթաց։

.

 

Կադմիում. ամենաշատ հայտնաբերված ծանր մետաղը

 

Ի տարբերություն թունաքիմիկատների, ՍԱՏՄ հաշվեհտվության համաձայն, ծանր մետաղների մասով զգալիորեն քիչ շեղումներ են եղել. 696 նմուշներից միայն 9-ում են դրանք հայտնաբերվել։ Դրանցից 3-ը վերցվել էին Արարատի, 2-ականը՝ Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերից։

Ամենահաճախը հայտնաբերվել է կադմիում, իսկ այն պարունակող մթերքների ամենամեծ թիվը եղել է Արարատի մարզում` 3 նմուշ։  

Կադմիումը ծանր մետաղ է, որը կարող է հողից և ջրից անցնել բույսերի մեջ և սննդի միջոցով մտնել մարդու օրգանիզմ։ Երկարատև ազդեցության դեպքում այն կարող է վնասել հատկապես երիկամները և ոսկրային համակարգը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կադմիումը և դրա միացությունները դասակարգում է՝ որպես մարդու համար քաղցկեղածին։ 

Հետո, սակայն, ՍԱՏՄ-ն նշում է, որ «ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի նմուշներում՝ հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի դեպքում»։ Հաշվետվությունից պարզ չէ՝ այս ձևակերպումը վերաբերում է հայտնաբերման բոլոր դեպքերի՞ն, թե՞ դրանց թույլատրելի մակարդակների գերազանցումներին։

.

 

«Պետական վերահսկողը հերքում է իր իսկ թվերը». սննդագետը՝ «թաքնված հաշվետվության» մասին 

 

2024թ. մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերի գրեթե ամեն 2-րդ նմուշում հայտնաբերվել է թունքիմիկատի գերազանցում։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը ՍԱՏՄ հաշվետվության մեջ մի շարք խնդրահարույց կետեր է առանձնացնում։ 

Նախ, որևէ անդրադարձ կամ համեմատություն չկար 2019թ. և 2021թ.ին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հետ։ Սա, ըստ նրա, շատ կարևոր է ցուցիչ է, քանի որ նախորդ տարի հրապարակված և հաշվարկված տվյալները ՍԱՏՄ-ն կարող էր ընդունել՝ որպես ահազանգ, օգտագործել և համապատասխան քայլեր ձեռնարկեր։

Ըստ սննդագետի՝ սա է նաև պատճառներից մեկը, որ հաշվետվության պատկերը շատ ավելի վատն է, քան նախորդը. 

«Ակնհայտ է, չէ՞, որ 2024թ. մոնիթորինգի տվյալները, այն պահին, երբ իրենք հայտարարում էին, որ խնդիր չկա {2025թ. ասուլիսին, հեղ.}, արդեն կային. իրենք գիտեին, որ գրեթե ամեն 2-րդ նմուշում խախտում կար։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնյաների պատասխանատվությունը սեփական երկրի սպառողների հանդեպ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ իմանալով, որ նմանատիպ իրավիճակ է, կանգնել են տեսախցիկների առաջ և ասել են՝ «Մենք տանն ուտում ենք»»,-ասում է Դ. Պիպոյանը։ 

Բացի այդ, նա մտահոգություն է հայտնում, որ ՍԱՏՄ-ն ցանկացած «մանր-մունր խախտում» հայտնաբերելիս իր էջում հոլովակներ է տեղադրում ու տարածում, մինչդեռ այս մոնիթորինգի մասին, որի վրա միլիոնավոր դրամներ են ծախսվել, նույնիսկ չի հայտնել մարդկանց, և սա «թաքցված հաշվետվություն» է։ 

Այս գործելաոճը, ըստ սննդագետի, ստիպում է ենթադրել, որ պետական վերահսկողություն իրականացնող մարմինը պատահական չէ թաքցնում է այս տվյալները.

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հաշվետվության մեջ խախտումների ինչ թիվ է։ Օրինակ, եվրոպական երկրներում, դրանք 1%-ի կարգի են. այսինքն՝ 100 նմուշ պիտի փորձաքննես, որ մեկում շեղում հայտնաբերես։ Մեզ մոտ կամայական 100 նմուշ ուղարկեք լաբորատորիա, փաստացի,՝ 47-ում խախտում կգա»,-ասում է նա։

Մյուս խնդրահարույց կետն այն է, որ ՍԱՏՄ-ն 2026թ-ի հաշվետվության մեջ ներկայացրել է ռիսկի պատկեր, սակայն, ըստ օրենքի, ռիսկեր գնահատելու լիազորությու չունի. դա գիտական գործառույթ է, որը իրականացվում է կոնկրետ սպառման տվյալների հիման վրա։

Բացի այդ, թունաքիմիկատների ռիսկը գնահատելիս կարևոր է ոչ միայն հայտնաբերված նյութի քանակը, այլև այն, թե մարդը ինչ մթերք է օգտագործում, ինչ քանակով և ինչ հաճախականությամբ։ 

Դ. Պիպոյանի խոսքով՝ այստեղ նույնիսկ մթերքի դասակարգումը կարող է ազդել հաշվարկների վրա։ Օրինակ՝ մի դասակարգիչով ձմերուկն ու սեխը մրգերի շարքում են, մյուսով՝ բանջարեղենի։ Հայաստանում այդ երկու մթերքն էլ շատ են սպառվում, և, դասակարգումից կախված, կարող է փոխվել նաև թունաքիմիկատների ազդեցության պատկերը։

Իսկ մոնիթորինգի ազգային պլանները պետք է հիմնված լինեն արտադրական ծավալների և երկրում ռիսկի գնահատման պատկերների վրա, որպեսզի ճիշտ նմուշառում իրականացվի՝ հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները.

«Մենք ամեն տարի և անընդհատ բախվում ենք նույն խնդիրներին։ Նշանակում է՝ համակարգը չի գործում։ Մինչդեռ սա լրջագույն, հանրային առողջապահական մարտահրավեր է»,-ասում է սննդագետը։

Ըստ նրա՝ եթե նախորդ տարի կամ գոնե հիմա ՍԱՏՄ-ն տրամադրեր ամբողջական տվյալները, իրենք պատրաստ կլինեին կրկին իրականացնել ռիսկի գնահատում։

Ինչ վերաբերում է ՍԱՏՄ բացատրական աշխատանքներին, որոնք տարվում են տնտեսվարողների հետ, Դ. Պիպոյանն ասում է, որ մինչև 2024-ն էլ էին ասում, որ անում են, սակայն պատկերը չի փոխվել.

«Հետո՞, քանի՞ տարի են տանելու։ Չեն տեսնու՞մ, որ այդ բացատրական աշխատանքները չեն ազդում»։,-ասում է նա։
.

 

Ծանր մետաղների պատկերը նույնպես հարցեր է առաջացնում

 

Դ. Պիպոյանը կասկածի տակ է դնում ծանր մետաղների մասով ստացված տվյալները (9 շեղում 696 նշուշում, հեղ.)՝ հատկապես հաշվի առնելով Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական արտադրության ծավալներն ու իր երկարամյա ուսումնասիրությունները։

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արարատի և Արմավիրի մարզերում, չի կարող ընդամենը 9 նմուշում հայտնաբերվել ծանր մետաղ։ Դա բացառված է»,- ասում է սննդագետը։

Նրա խոսքով՝ իրենք տարիներ շարունակ ուսումնասիրել են ծանր մետաղների ռիսկերը և, մասնավորապես, Հայաստանում աճեցված մրգերում կապարը ավելի խնդրահարույց են համարել, քան կադմիումը. 

Իրենց կողմից իրականացված ուսումնասիրություններում կադմիումի ավելի մեծ կուտակում եղել է կարտոֆիլում։

Նա նշում է, որ այս արդյունքները ներկայացրել են նաև գիտաժողովներում և շեշտում, որ պետական մարմնի գործառույթը չպետք է լինի հանրության մոլորեցումը.

«Կապարի և կադմիումի դեպքում ես կոնկրետ գիտեմ այն մեթոդաբանությունը, որով իրականացվում է դրանց ռիսկի գնահատումը։ Իսկ գիտե՞նք՝ ինչ մեթոդաբանություն է ՍԱՏՄ-ն կիրառել։ Ես չգիտեմ»,-ասում է սննդագետը։

.

Ի՞նչ անել հիմա՝ 2026-ին

 

Միրգն ու բանջարեղենը մարդու սննդակարգում կարևոր դեր ունեն, և դրանց բավարար օգտագործումը կարևոր է առողջության համար։

Դ. Պիպոյանն ասում է, որ աշխարհի մի շարք երկրներ «կերազեին» միրգ-բանջարեղենի այնքան սպառում ունենենալ, որքան Հայաստանում է, քանի որ դա մեծ առավելություն կլիներ հանրային առողջության տեսանկյունից, մինչդեռ մեզ մոտ եղած պատկերը ստիպում է կրկնել նույն խորհուրդը. օրական առավելագույն 400գ միրգ-բանջարեղեն։

Բացի այդ, ինչքամ բազմազան է տեսակային կազմն ու որքան քիչ է մեծ չափաբաժիններով միատեսակ մրգի կամ բանջարեղենի օգտագործումը, այնքան ռիսկը նվազում է. 20% մտահոգության շեմն այն մարդկանց մոտ է, ովքեր օրական 800գ-ից ավելի են սպառում.

«Ձմերուկը ավելի քիչ կերեք, ուզում եք կադմիում չստանալ, կարտոֆիլը պիտի կլպեք։ Լավ կլպեք։ Հա, կարող է 15% կորուստի փոխարեն 20% կորուստ ունենաք, բայց, միևնույն է»,-ասում է նա։

Ամեն դեպքում, այս և նախորդ խորհուրդները չեն կարող փոխարինել պետության կողմից պարտավորությունների կատարումն ու անվտանգ մթերքի ապահովումը. 

«Մենք չենք կարող ձեռքներս ծալել և թույլ տալ, որ ՍԱՏՄ-ն ամեն տարի այսքան խախտումներով միրգ և բանջարեղեն թողնի շրջանառության մեջ։ Ինչքա՞ն պիտի կույր ձևանանք։ Խնդիրները նոր չեն առաջացել։ Եվ հավաստիացնում եմ ձեզ՝ եթե մեզ լսեին, մենք շատ խնդիրներ լուծած կլինեինք»,-ասում է սննդագետը՝ նշելով, որ սխալները փոխելու կամք, ցավոք, չի տեսնում։

.

 

Ռիսկերի գնահատման ու կառավարման համակարգը դեռ լիարժեք չէ. ՍԱՏՄ

 

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի վերլուծությունն արդյունավետ իրականացնելու համար «առաջնային է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և հաղորդակցման շղթայի փոխկապակցված գործունեությունը»։

Սակայն նաև նշում է, որ թեև 2025թ.ին Կառավարությունը անասնաբուժության ոլորտի համար նշանակել է գիտական կենտրոն, բայց սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտների համար նման կենտրոն դեռևս չկա։ Սա էլ իր հերթին խոչընդոտում է ռիսկերի արդյունավետ կառավարումը։

Ռիսկերի կառավարման գործընթացում խնդիրներից մեկը , ըստ ՍԱՏՄ-ի, նաև այն է, որ տնտեսավարողների վերաբերյալ ծրագրային տեղեկատվական բազա չկա։
Բացի այդ, սննդի շղթայի օպերատորները միշտ չէ, որ ժամանակին և ամբողջությամբ հայտնում են իրենց գրանցման կամ գործունեության բնույթի փոփոխությունների մասին, ինչը դժվարացնում է վերահսկողության կազմակերպումը։

.

Այնուամենայնիվ, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ

.

Բացահայտված «ռիսկերի վերլուծության արդյունքնում» ՍԱՏՄ մի շարք կանխարգելիչ գործողություններ է առաջարկել։

Մասնավորապես՝

  • Այն տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց, որոնցից վերցված նմուշներում անհամապատասխանություններ են հայտնաբերվել, իրազեկել արդյունքների մասին և տրամադրել թունաքիմիկատների ու նիտրատների ճիշտ կիրառման ուղեցույցներ։
  • Հողօգտագործողներին նույնպես տրամադրել այդ ուղեցույցներից
  • Արտահանվող բուսական ծագման մթերքների նկատմամբ սահմանային պետական վերահսկողության շրջանակում իրականացնել ուժեղացված լաբորատոր հսկողություն՝ թունաքիմիկատների և մնացորդային նյութերի մասով։
  • Ներմուծվող, այդ թվում՝ ցանքսի նպատակով ներմուծվող եգիպտացորենը լաբորատոր փորձաքննության ենթարկել՝ ԳՁՕ-ի առկայությունը ստուգելու համար։
  • Նախաձեռնել ջերմատներում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթի մշակում։
  • Լիազոր մարմնին առաջարկել իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ՝ հողում և ջրում ծանր մետաղներով աղտոտվածությունը վերահսկելու համար։
  • Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ «դիտարկման» շրջանակն ընդլայնելու և իրացման շղթայում բուսական ծագման մթերքի նկատմամբ թունաքիմիկատների, մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հսկողություն սահմանելու համար։

.

Մեկ տարի անց՝ արգելված թունաքմիկիատների ցանկ ստեղծելու ճանապարհին

 

Այս առաջարկների ֆոնին 2026-ի սեպտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ նախագիծ է ներկայացրել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում հուլիսին կատարված փոփոխությունները գործնականում կիրառելու համար։

Այդ փոփոխություններով, մասնավորապես, Կառավարությանը լիազորություն է տրվել՝ սահմանելու Հայաստանում արգելված թունաքիմիկատների, դրանց ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերի, ինչպես նաև՝ ագրոքիմիկատների և դրանց բաղադրիչների ցանկը,եթե դրանք առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգ են ներկայացնում։

Օրենքով նախատեսվում է նաև սահմանել այդ նյութերի արգելման և շրջանառությունից հանելու կարգը։

Սեպտեմբերի 2-ի նախագծով առաջարկվում է հաստատել, թե ինչ քայլեր պետք է արվեն օրենքը գործնականում կիրառելու համար և երբ պետք է դրանք իրականացվեն։

Դրա ընդունումից հետո պետք է մշակվի այն իրավական ակտը, որով նախատեսվում է սահմանել առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների, դրանց ազդող, համագործիչ և օժանդակ նյութերի, ագրոքիմիկատների ու դրանց բաղադրիչների արգելված ցանկը և դրանց շրջանառությունից հանելու կարգը։

Նոր կարգավորումը նաև ենթադրում է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների գրանցման գործող կարգավորումների համապատասխանեցում նոր պահանջներին։ 

2020-2026թթ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 20 600 տոննա թունաքիմիկատ (ԱՏԳ ԱԱ 3808 ապրանքային կոդ` միջատասպան նյութ, հերբիցիդ, ռոդենտիցիդ, ֆունգիցիդ), ընդհանուր՝ ավելի քան 122 մլն դոլարի։

Նշված ժամանակահատվածում տարեկան միջինը ներկրվել է 3129 տոննա թունաքիմիկատ։

2020-ից 2025թթ. թունաքիմիկատների ներմուծումն աճել է մոտ 41%-ով։ 

Արդյո՞ք նոր կարգավորումը Էկոնոմիկայի նախարարությանն ու ՍԱՏՄ-ին տալիս է այնպիսի գործիքներ, որոնք նրանք չունեին 2019, 2021 և 2024 թվականների մոնիթորինգներում հայտնաբերված խնդիրները կանխելու համար։

Ոչ. մինչև 2026-ի հուլիսյան փոփոխությունը Հայաստանում արդեն արգելված էր չգրանցված, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ, ինչպես նաև արգելված և բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը։ 

Ավելին, դրանց գրանցումը կարող էր մերժվել, եթե ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված էր Հայաստանի՝ արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում։ Իսկ գործող գրանցումից էլ թունքամիկատը կարող էր հանվել, եթե այդ նյութերից մեկը ներառվեր այդ ցանկում։ 

Այսինքն` նախկին կարգավորումն արդեն հնարավորություն էր տալիս արգելված նյութի առկայության դեպքում չգրանցել կամ գրանցումից հանել թունաքիմիկատը։

«Հայաստան չեն ներմուծվում, չեն գրանցվում ու չեն օգտագործվում քաղցկեղածին պեստիցիդներ»,- 2025թ.ին մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսին ասում էր ՍԱՏՄ Բուսասանիտարիայի պետ Արթուր Նիկոյանը։

Իսկ սննդագետ Դ. Պիպոյանի գնահատմամբ՝ սա ընդամենը «արդարացման փոփոխություն է».

 — Իրենք անցած տարի էլ գործիք ունեին, այս տարի էլ գործիք ունեն, բոլոր տարիներն էլ գործիք ունեին։

— Լավ, եթե իրենք այս նյութը կարդալուց հետո ասեն՝ «ի վերջո, պետք է դիմել մասնագետներին ու լրջորեն զբաղվել հարցով», դուք պատրաստակամ կլինե՞ք օգնել։

— Միշտ, ես միշտ եմ պատրաստ։ 

։

։

Կարդացեք նաև՝

  • Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
  • «Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան
  • Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը
  • Խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել. ՍԱՏՄ պատասխանը
  • Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ ուտել, երբ չկա վերահսկողություն
  • Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

 

Share
6

Տես նաև

14.09.2026

Եղանակն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց
    15.09.2026
  • 0
    Եղանակն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներ
    14.09.2026
  • 0
    Խմելու ջրի 35 նմուշում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
    10.09.2026
  • 0
    Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը
    08.09.2026
  • 0
    Աղիքային վարակի դեպքերից հետո Բյուրեղավանի բնակիչներին հորդորում են չխմել ծորակի ջուրը
    07.09.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co