
Երբեմն մարդիկ վիտամին D-ն սկսում են ընդունել ինքնուրույն՝ «որպես մոդայիկ» վիտամին՝ առանց ստուգելու դրա մակարդակը և հասկանալու՝ արդյոք օրգանիզմն իսկապես դրա կարիքն ունի։
Ոմանք էլ տարիներով անուշադրության են մատնում հնարավոր պակասը՝ այն վերագրելով հոգնածությանը, վատ ինքնազգացողությանը կամ սթրեսին։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ վիտամին D-ի և՛ պակասը, և՛ չվերահսկվող օգտագործումը կարող են խնդիրներ առաջացնել։
anvtangsnund.am-ն ուսումնասիրել է՝ ինչպես հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, ով և երբ պետք է այն ստուգի, ինչ վտանգներ ունի վիտամինն առանց ստուգելու խմելը և ինչպես ընդունել այն անվտանգ։
.
.
Վիտամին D-ի գլխավոր և ապացուցված գործառույթը օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորումն է։ Այն կարևոր դեր ունի նաև ոսկրային համակարգի բնականոն զարգացման և պահպանման գործում։ Այսպես է վիտամին D-ն «Ջի Կլինիկ» (G. Cliniq) բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը.
«Վիտամին D-ն մասնակցում է ոսկորների հանքայնացմանը, ապահովում է դրանց ամրությունն ու խտությունը։ Երեխաների մոտ այն կանխարգելում է ռախիտը, իսկ մեծահասակների մոտ՝ ոսկորների փափկեցումը (օստեոմալացիա)»,-ասում է նա
Բացի այդ, վիտամինն ուղղակիորեն ազդում է մկանների ուժի վրա. եթե մարմնում դրա արտահայտված պակաս կա, մարդը կարող է զգալ մկանային թուլություն, ցավեր ողնաշարի, կողերի կամ ոսկորների շրջանում:
Տարեցների համար սա առավել վտանգավոր է, քանի որ մկանների թուլացումը մեծացնում է հավասարակշռությունը կորցնելու, վայր ընկնելու և ծանր կոտրվածքներ ստանալու ռիսկը:
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի (National Institutes of Health, Office of Dietary Supplements) տվյալներով՝ առողջ մարդկանց համար վիտամին D-ի օրական առաջարկվող քանակը կախված է տարիքից։ 0–12 ամսական երեխաներին անհրաժեշտ է 400 ՄՄ (10 մկգ), 1–18 տարեկան երեխաներին և դեռահասներին՝ 600 ՄՄ (15 մկգ)։ Մեծահասակների համար մինչև 70 տարեկանը առաջարկվող քանակը 600 ՄՄ (15 մկգ) է, իսկ 71 տարեկանից՝ 800 ՄՄ (20 մկգ)։
Թեև D-ն դասվում է վիտամինների շարքին, ժամանակակից գիտական գրականության մեջ վիտամին D-ն հաճախ բնութագրվում է՝ որպես պրոհորմոն, քանի որ օրգանիզմում այն մի քանի փուլով փոխակերպվում է ակտիվ հորմոնի՝ կալցիտրիոլի (1,25-dihydroxyvitamin D)։
Պրոհորմոնն այն նյութն է, որն իր սկզբնական տեսքով դեռևս կենսաբանորեն ակտիվ չէ, բայց ծառայում է որպես «հումք» կամ նախանյութ, որից մեր օրգանիզմը հետագայում ստեղծում է ակտիվ հորմոնը։
Վիտամին D-ի որոշակի քանակ կարելի է ստանալ սննդից՝ ձկան յուղից, յուղոտ ձկնատեսակներից, ձվի դեղնուցից։ Սակայն, ինչպես նշում է էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը, միայն սննդով վիտամին D չես ապահովի. վերջինիս առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մնացած վիտամինների, օրգանիզմը կարող է այն սինթեզել նաև արևի լույսի (արևի ուլտրամանուշակագույն B (UVB) ճառագայթների) ազդեցությամբ.
«Սովորական վիտամինները կարելի է ստանալ սննդի միջոցով, իսկ վիտամին D-ն օրգանիզմը կարող է «ստանալ անվճար»՝ սինթեզելով ինքնուրույն՝ արևի լույսի ներգործությամբ։ Վիտամինի ազդեցության մեխանիզմը նման է ստերոիդ հորմոնների աշխատանքին. դա օրգանիզմում սինթեզվող հատուկ նյութ է, որը կարգավորում է մարմնի կենսական գործառույթներն ու օրգանների աշխատանքը»,-ասում է էնդոկրինոլոգը՝ նշելով, որ եթե կա արտահայտված դեֆիցիտ, միայն սննդի և արևի հաշվին հազիվ թե կարողանա ապահովել վիտամին D-ի անհրաժեշտ քանակը.
«Այդ դեպքում պակասը լրացվում է հատուկ դեղատեսակներով»,-ասում է բժիշկը
։

Վիտամին D-ի պակասը բոլորիս մոտ էլ կարող է լինել, սակայն կան հիմնական ռիսկի մի քանի խմբեր։
Ըստ Դ. Խաչատուրյանի՝ առաջինը տարեցներն են. նրանք ավելի քիչ են լինում դրսում, և տարիքի հետ մաշկի՝ վիտամին արտադրելու հատկությունը բնականորեն նվազում է։
Այնուհետև բժիշկն առանձնացնում է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ (օրինակ, ցելիակիա, Կրոնի հիվանդություն, աղիքների ներծծման խանգարումներ, հեղ.), քանի որ դրա պատճառով վիտամինը վատ է ներծծվում.
«Ցանկում են նաև այսօր շատ ակտիվորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արվող բարիատրիկ վիրահատություն տարած պացիենտները»,-ասում է Դ. Խաչատուրյանը՝ բացատրելով, որ քաշի նվազեցման նպատակով ստամոքսի փոքրացման վիրահատությունները հաճախ կարող են հանգեցնել վիտամին D-ի կտրուկ պակասի։
Այսօր մարդիկ հաճախ կարծում են, որ եթե ունեն քրոնիկ հոգնածություն, մազաթափություն, այտուցներ, տագնապայնություն, վատ քուն կամ հաճախ են մրսում, ապա պատճառը վիտամին D-ի պակասն է։
Էնդոկրինոլոգը հիշեցնում է, որ ամբողջ ախտանշանաբանությունը (սիմպտոմատիկա, ախտանշանների ամբողջություն, հեղ.), որը սովորական մարդիկ վերագրում են վիտամին D-ի անբավարարությանը, չունի հստակ ապացուցողական բազա։ Գիտականորեն հաստատված չէ, որ հենց դրա պակասն է առաջացնում այդ խնդիրները։
Եթե ընդհանուր ախտանշանները միշտ չէ, որ հուշում են դեֆիցիտի մասին, ինչպե՞ս հասկանալ՝ երբ է իրականում պետք գնալ լաբորատորիա։
Արյան հետազոտությունը կարող է անհրաժեշտ լինել հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ բժշկական ցուցման դեպքում։
Մյուս դեպքերում հետազոտության անհրաժեշտությունը պետք է որոշի բժիշկը։

Երբ բժիշկն ուղղորդում է ստուգելու վիտամին D-ի մակարդակը, նշանակվում է արյան հատուկ հետազոտություն, որով չափվում է 25(OH) D մակարդակը (25-հիդրոքսիվիտամին D կամ կալցիդիոլ)։
Կարևոր է իմանալ՝ մեր օրգանիզմում կա նաև վիտամին D-ի ակտիվ ձևը, որը կոչվում է կալցիտրիոլ։ Շատերը սխալմամբ կարծում են, թե պետք է հենց այդ ակտիվ ձևն արյան մեջ ստուգել։
Սակայն իրականում, նույնիսկ երբ օրգանիզմում վիտամին D-ի ընդհանուր պաշարները սպառված են, ակտիվ ձևի մակարդակը կարող է պարադոքսալ կերպով նորմալ կամ նույնիսկ բարձր երևալ արյան մեջ։
Հետևաբար, իրական պատկերը տեսնելու համար բժիշկները հիմնականում չափում են հենց 25(OH)D-ի մակարդակը։
։
25(OH)D-ի մակարդակները տարբեր ուղեցույցներում կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի տվյալներով՝ 20 նգ/մլ և ավելի մակարդակը մարդկանց մեծ մասի համար համարվում է բավարար, իսկ 12 նգ/մլ-ից ցածր մակարդակը կապված է վիտամին D-ի դեֆիցիտի հետ։ 12–20 նգ/մլ մակարդակները կարող են համարվել անբավարար։
Միևնույն ժամանակ, Էնդոկրինոլոգիական ընկերության (Endocrine Society, ԱՄՆ-ում հիմնադրված և Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող, բայց միջազգային մասնագիտական կազմակերպություն է, հեղ. ) 2024թ.ի ուղեցույցում նշվում է, որ վիտամին D-ի «բավարարության», «անբավարարության» և «դեֆիցիտի» համընդհանուր շեմեր սահմանված չեն։
Վիտամին D-ի թունավորության դեպքում 25(OH)D-ի մակարդակը սովորաբար շատ բարձր է՝ հաճախ 150 նգ/մլ-ից ավելի, և ուղեկցվում է արյան մեջ կալցիումի բարձրացմամբ (հիպերկալցեմիա)։
Թունավորությունը հիմնականում կապված է վիտամին D-ի հավելումների չափից ավելի օգտագործման հետ և կարող է առաջացնել, մասնավորապես, երիկամների վնասում և փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիա։

։
Թեև արևը համարվում է վիտամին D-ի «անվճար աղբյուր», բայց դրա սինթեզի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ արևի ճառագայթի անկման անկյունը, տարվա եղանակը և նույնիսկ մաշկի գույնը։
Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը հստակեցնում է նաև, որ մուգ մաշկ ունեցողների մոտ վիտամինն ավելի դանդաղ է արտադրվում։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք է ժամերով մնալ արևի տակ.
«Եթե մարդը լինում է դրսում նորմալ, անվտանգ ժամերի, դա բավական է: Ես չեմ ասում, որ նա պետք է «տապակվի» արևի տակ. քաղցկեղի ռիսկերը անհամեմատ ավելի վտանգավոր են, քան վիտամին D-ի պակասը: Եթե կա դեֆիցիտ, մենք այն հանգիստ կարող ենք վերականգնել»,-ասում է նա։
Ինչ վերաբերում է արևապաշտպան քսուքներին, որոնք անհրաժեշտ են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար, ապա դրանք, ըստ էնդոկրինոլոգի, զգալիորեն նվազեցնում են վիտամին D-ի սինթեզը մաշկում։
։
Արևի տակ երկար մնալուց գերդոզավորում լինել չի կարող, քանի որ մարդու մաշկն ունի ինքնապաշտպանական մեխանիզմ և ավելցուկը քայքայում է:
Բայց այսօր ոմանք խմում են վիտամին D-ն սեփական նախաձեռնությամբ՝ առանց բժշկի նշանակման կամ հետազոտություն անցնելու՝ կարծելով, թե որքան շատ խմեն, այնքան ավելի առողջ կլինեն, ընդ որում՝ դեղատներում նույնիսկ ամենաբարձր դոզաները (օրինակ՝ 50,000 ՄՄ) վաճառվում են՝ առանց դեղատոմսի։
ԱՄՆ-ում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D-ի պատրաստուկները դասակարգվում են՝ որպես դեղատոմսով տրամադրվող դեղեր։
Կանադայում առանց դեղատոմսի վիտամին D-ի համար սահմանված է մինչև 2,500 ՄՄ օրական առավելագույն մակարդակ, իսկ 50,000 ՄՄ-անոց վիտամինների պատրաստուկները դեղատոմսով են։
Անգլիայում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D դեղերը նույնպես դեղատոմսով են, թեև նույն դեղաչափով որոշ սննդային հավելումներ հասանելի են առանց դեղատոմսի։
Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը զգուշացնում է, որ վիտամին D-ի գերդոզավորումը բավական վտանգավոր վիճակ է և լուրջ հետևանքներ կարող է ունենալ.
«Գերդոզավորումը բերում է նրան, որ արյան մեջ կալցիումի քանակը կտրուկ բարձրանում է՝ առաջացնելով հիպերկալցեմիա։ Այդ ավելցուկային կալցիումը սկսում է «նստել» այնտեղ, որտեղ չպետք է լինի՝ փափուկ հյուսվածքներում, անոթների պատերին և օրգաններում»,-պարզաբանում է բժիշկը։
Բացի այդ, կալցիումի ավելցուկը ծանրաբեռնում է երիկամները՝ մեծ քանակությամբ դուրս գալով մեզի միջոցով, ինչը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման։