

2025թ-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում, որից ամեն 4-րդում խախտում է հայտնաբերվել։ Կաթնամթերքի, մսամթերքի, հացի, պաղպաղակի շուկայում իրականացված դիտարկումների 60%-ում նույնպես եղել են խախտումներ։
ՍԱՏՄ պետ Տիգրան Պետրոսյանն այսօր ներկայացրել է 2025թ. գործունեության արդյունքները։
ՍԱՏՄ ղեկավարը խոսել է մեկ տարվա ընթացքում իրականացված վերահսկողության, ամենատարածված խախտումների, փակ հաստատություների, մանկապարտեզների սննդի, սննդային թունավորումների, սպանդանոցների և համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունների մասին։
Մենք առանձնացրել ենք նրա խոսքից հիմնական միտքերը, իսկ վերջում առաջարկում ենք ծանոթանալ նաև 2025թ. մեր ոլորտային բացահայտումներին։
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ 2025 թվականին ՍԱՏՄ հիմնական նպատակներն են եղել հանրային առողջության պաշտպանությունը.
«2025 թ.–ին Տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները եղել են սննդամթերքի անվտանգության ապահովումը, հանրային առողջության պաշտպանությունը և վերահսկողության արդյունավետության բարձրացումը»։
Տարվա ընթացքում իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում, այդ թվում՝ պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ և մշտադիտարկումներ։ Արդյունքում ամեն 4-րդում կամ 1810-ի ժամանակ խախտում է արձանագրվել։
Վերահսկողության հիմնական ոլորտներն են եղել սննդամթերքի անվտանգությունը, անասնաբուժությունը, բուսասանիտարիան և սահմանային վերահսկողությունը։
Տեսչական մարմնի տվյալներով՝ խախտումները հիմնականում կրկնվող և համակարգային բնույթ ունեն։ Ամենատարածվածն են՝
ժամկետնանց կամ վտանգավոր սննդամթերքի իրացում,
ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառք,
պահման պայմանների խախտում,
անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանում,
աշխատակիցների բժշկական զննությունների բացակայություն,
HACCP (Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ, ՎՎՀԿԿ) համակարգի բացակայություն։
2025-ին նախատեսված էր 710 պլանային ստուգում, իրականացվել է 697-ը։
57 տնտեսվարողի մոտ խախտում չի հայտնաբերվել,
640-ի մոտ արձանագրվել են խախտումներ։
Պլանի ամբողջական չկատարման պատճառներից մեկը եղել է այն, որ 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը կամ փոխել ոլորտը։
Քաղաքացիների և պետական մարմինների դիմումների հիման վրա իրականացվել է 685 ոչ պլանային ստուգում, որոնցից 365 դեպքում խախտում չի հայտնաբերվել։
320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության։
2025-ին իրականացվել է 886 դիտարկում, որոնց 540-ի դեպքում կամ 60%-ի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ։
Սննդամթերքի դիտարկումների արդյունքներից՝
հաց՝ 403 դիտարկում, 257 խախտում,
կաթնամթերք՝ 210 դիտարկում, 80 խախտում,
պաղպաղակ՝ 16 դիտարկում, 11 խախտում,
մսամթերք՝ 20 դիտարկում, 8 խախտում։
Անասնամաճարակային մշտադիտարկումների շրջանակում իրականացվել է 5301 ստուգում, խախտումներ են արձանագրվել 314 տնտեսվարողի մոտ։
.
2025-ին մսի իրացման կետերում իրականացվել է շուրջ 4500 մշտադիտարկում, արձանագրվել է 265 խախտում։
Նոր կարգավորումների շրջանակում առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։
«Մեր գերնպատակը գումարների գանձումը չէ, այլ այն, որ շուկայում լինի կայուն և անվտանգ իրավիճակ»։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում գրանցվել է շուրջ 31 հազար տոննա փաստացի մորթ։
2025-ին արձանագրվել է 21 սննդային թունավորման դեպք, տուժել է 64 մարդ։
Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հանրային սննդի օբյեկտներում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով։
«Խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարում ենք ՀԱՍՊ համակարգի ներդրումը».-ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ դպրոցների, մանկապարտեզների, մանկատների և կալանավայրերի սննդի վերահսկողությունը տեսչության համար խիստ առաջնահերթություն է։
«Դպրոց, մանկապարտեզ, ծերանոց, կալանավայր․ մեր մոտեցումը շատ խիստ է, և աչք փակել չենք կարող»։,-ասել է Տ. Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մասնավոր բուֆետների նկատմամբ տեսչությունը չունի ազատ մուտքի լիազորություն՝ առանց բողոքի կամ իրավական հիմքի, և այս ուղղությամբ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ։
2025-ին կայացվել է
200 արտադրական գործունեության կասեցում,
1455 վարչական տուգանքի որոշում՝ ավելի քան 339 մլն դրամի չափով։
Տեսչական մարմինը շարունակել է վերահսկողական գործընթացների թվայնացումը, ներառյալ պլանշետներով ստուգումները և էլեկտրոնային համակարգերի ներդրումը։
«Սա վերահսկողությունը դարձնում է ավելի արագ, թափանցիկ և վերահսկելի»։
ՍԱՏՄ ղեկավարը վստահեցրել է, որ 2026-ին շարունակվելու է վերահսկողության խստացումը, HACCP/ համակարգի պարտադիր կիրառումը և թվայնացման գործընթացը։
«Մենք պատրաստ ենք աշխատել նույնիսկ 24-ժամյա ռեժիմով, բայց մեր գործողությունները պետք է լինեն օրենքի շրջանակում»,-եզրափակել է Տ. Պետրոսյանը։
։