

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, ո՛չ որպես դեղամիջոց:
Ապրանքները ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»:
Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են։
Սակայն ներկայացված փաստաթղթերը ոչ միայն նորից հաստատել են, որ ապրանքը չունի պետական գրանցում, հետևաբար՝ վաճառքի իրավունք, այլև պարզվել է, որ ապրանքը փորձաքննվել է միայն երկու ցուցանիշով՝ որպես սովորական թեյ՝ միջնորդ կազմակերպության օգնությամբ։
«Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացող Աիդա Արիսյան ԱՁ-ն արձագանքել էր հրապարակմանը՝ նշելով, որ «ընկերությունը ունի բոլոր փաստաթղթերը՝ Efsun Form թեյերի, թե՛ ներմուծման, թե՛ ՀՀ-ում լաբարատոր փորձարկման արդյունքները, թե՛ համապատասխանության հայտարարագիրը ԵԱՀ-ն»։
«Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ կապ հաստատել մեր ընկերության հետ, որպեսզի հարատեք Ձեր բոլոր կասկածները։ Այլապես մեզ անհիմն զրպարտելու համար մենք կդիմենք համապատասխան մարմիններ։
Մենք պատասխանատվություն չենք կրում այլ անձանց և ինստագրամյան էջերի կողմից բերված և վաճառվող նմանատիպ, թեյերի համար»,-հայտնել էին նրանք։
Գրանցումն ապացուցելու նպատակով ներկայացուցիչը մեզ էր ուղարկել լաբորատոր փորձարկման արձանագրության և համապատասխանության հայտարարագրի լուսապատճեները (Համապատասխանության հայտարարագիր տրվում է սովորական թեյերին, նիհարեցնող թեյերը ենթակա են պարտադիր պետական գրանցման, ներքևում՝ ավելի մանրամասն, հեղ.)։

Պարզվել էր, որ «Efsun Form» նիհարեցնող թեյերի լաբորատոր փորձարկումն իրականացրել և համապատասխանության հատարարագիր է տրամադրել «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ն ( գրանցումն ապացուցելու համար մեզ ուղարկվել են միայն թեյի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, հեղ.):
Փորձարկման արձանագրության և համապատասխանության հայտարարագրի մեջ նիհարեցնող թեյ ներկայացվող ապրանքը գրանցված է՝ որպես «բուսական և մրգային խառնուրդներով թեյ»: Նույնիսկ որպես սովորական թեյ անվտանգությունը ստուգելիս փորձաքննվել է միայն 2 ցուցանիշ՝ տեխկանոնակարգերով պահանջված մոտ 20 ցուցանիշի փոխարեն. դրանք են ծանր մետաղներ կապարը և կադմիումը։
Այս դեպքում հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել լաբորատորիան, երբ երկու ցուցանիշ փորձաքննելով՝ տվել է ՄՄ ՏԿ 021/2011 տեխկանոնակարգի («Սննդային արտադրանքի անվտանգության մասին») համապատասխանության եզրակացություն։
Մինչդեռ նիհարեցնող ցանկացած միջոց՝ թեյ, սուրճ, համարվում է հատուկ նշանակության սննդամթերք: Այն վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մաքսային միության հանձնաժողովի՝ թիվ 880 որոշման 24-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ նշանակության սննդամթերքը ենթակա է պարտադիր պետական գրանցման:
Նույն հոդվածի մեջ սահմանված են հատուկ նշանակության սննդամթերքի ցանկը, որում ներառված է «դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը»: Այսինքն, ԵԱՏՄ տարածքում վաճառվելու համար նիհարեցնող միջոցը պետք է ունենա պարտադիր պետական գրանցում:
Փաստաթղթերն ուղարկելուց հետո շարունակելով մեզ հետ նամակագրությունը՝ «Efsun Form»-ը վաճառողը պնդում էր, որ ապրանքն անցել է անհրաժեշտ փորձաքննությունը, որ իրենք չեն որոշում՝ ինչը պիտի ստուգվի ապրանքի լաբորատոր փորձաքննության ժամանակ, և որ, ըստ իրենց, «ապրանքը ենթակա չէ Առողջապահության նախարարությունում գրանցման, որովհետև ինքը դեղորայք չէ»:
Մեզ ուղարկեցին նաև Հավատարմագրման ազգային մարմնում մուտքագրված ապրանքի հղումը՝ պնդելով, որ ապրանքը գրանցված է, սակայն դա ապացույց չի կարող լինել, քանի որ ապրանքը ներառված չէ ԵԱՏՄ «Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում»։

Նամակագրությունից և փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մենք նորից փորձեցինք կապ հաստատել իրեն թուրքական «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնող Աիդա Արիսյանի հետ: Մեր զանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ՝ որպես Աիդա Արիսյանի ամուսին և վստահեցրեց, որ տեղյակ է գործից ու ինքն էլ կարող է պարզաբանում տալ:
Նա նշեց, որ ապրանքը (խոսքը միայն նիհարեցնող թեյ ներկայացվող ապրանքի մասին է) անցել է լաբորատոր փորձաքննությունը. պահանջն է այդպիսին: Թե ինչ կարգավիճակով է ապրանքն անցել փորձաքննությունը, ինչ նյութեր են ստուգվել ու ինչպես, ինքը տեղյակ չէ:
«Ամբողջ պրոցեսը՝ փորձաքննությունից մաքսազերծում, բրոկերն ա արել»,- ասաց նա: Իր հիշելով՝ լաբորատոր փորձաքննության համար վճարել է 20-30 հազար ՀՀ դրամ:
Նա նաև հավելեց, որ իրենք պատասխանատվություն են կրում միայն իրենց բերած ապրանքի համար՝ պնդելով, որ նույն ապրանքից շատերն են Հայաստան բերում ու վաճառում, իսկ ինքը ապրանքը Հայաստան է բերել օրինական ճանապարհով:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք կա պայմանագիր կամ որևէ այլ պայմանավորվածություն ապրանքն արտադրող թուրքական ընկերության հետ, քանի որ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում, որոնց աշխատանքը համակարգում է Աիդա Արիսյանը, իրենք ներկայանում են՝ որպես Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ:
Աիդա Արիսյանի ամուսինն ի պատասխան ասաց, որ սխալմունք է տեղի ունեցել. իրենց սոցցանցերի էջը վարողը սխալ է նշել, և պաշտոնական ներկայացուցիչ ասվածը ճիշտ չէ, քանի որ շատերն են իրենց ներկայացնում՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ։
Հավելեց, որ թեև այս պահին չունեն պայմանագիր արտադրող ընկերության հետ, բայց աշխատում են այդ ուղղությամբ:
Նշենք, որ թեյի լաբորատոր փորձաքննությունն իրականացրած և համապատասխանության հայտարարագիր տված «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ի գործունեությունն այս պահին դադարեցված է։

Հ.Գ. Մինչ այդ, մենք հարցումներ ենք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով պարզաբանել՝
արդյոք հատուկ նշանակության սննդամթերքը՝ նիհարեցնող թեյը , սուրճը և կապսուլաները կարող են ունենալ համապատասխանության հայտարարագիրը՝ որպես գնահատման ձև և կարելի է արդյոք երկու ցուցանիշով փորձաքննության ենթարկվված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։