

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, ո՛չ որպես դեղամիջոց:
Հրապարակումից հետո մեզ հետ կապվեց նաև Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են, սակայն պարզվեց, որ թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել էին միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ կիրականացնեն պետական վերահսկողություն ապրանքը նեմուծող ընկերությունում։
«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս գրել էր, որ հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվում են թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցները, որոնք չունեն գրանցում։ Դրանք ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»:
Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ էր հաստատել Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ ուղարկելով փաստաթղթեր ու փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են։

Սակայն դրանք ոչ միայն վերահաստատել են, որ ապրանքը չունի պետական գրանցում, հետևաբար՝ վաճառվելու իրավունք, այլև պարզվել է, որ ապրանքներից նիհարեցնող թեյը փորձաքննվել է միայն երկու ցուցանիշով՝ որպես սովորական թեյ՝ միջնորդ կազմակերպության օգնությամբ:
Այս հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնել են, որ պետական վերահսկողություն կիրականացնեն թուրքական ապրանքը ներմուծող ընկերությունում և փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնեն դրանց հայտնի լինելուն պես։
ՍԱՏՄ-ն նաև վերահաստատել էր, որ նիհարեցնող ապրանքները հատուկ նշանակության սննդամթերք են համարվում և ենթակա են ոչ թե համապատասխանության գնահատման, այլև պետական գրանցման։
«Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի՝ հատուկ նշանակության սննդամթերքը դա սննդամթերքն է, որի համար սահմանվում են առանձին նյութերի կամ բոլոր նյութերի և բաղադրիչների պարունակությանը և (կամ) հարաբերակցությանը ներկայացվող պահանջներ, և (կամ) որի համար փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) հարաբերակցությունը՝ ի համեմատություն այդպիսի սննդամթերքում դրանց բնական պարունակությանը, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, (բացի սննդային հավելումներից և համաբուրավետիչներից) և (կամ) որի համար պատրաստողը հայտարարագրում է դրանց բուժիչ և (կամ) կանխարգելիչ հատկությունների մասին, և որը նախատեսված է մարդկանց առանձին կատեգորիաների կողմից այդ սննդամթերքի օգտագործման համար»,- հայտնել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից
Հիշեցնենք, որ մենք դիմել ենք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք հատուկ նշանակության սննդամթերքը՝ նիհարեցնող թեյը , սուրճը և կապսուլաները կարող են ունենալ համապատասխանության հայտարարագիրը՝ որպես գնահատման ձև և կարելի է արդյոք երկու ցուցանիշով փորձաքննության ենթարկվված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։