l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում
24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում
02.07.2025
Ռոսպոտրեբնաձորը պարզաբանումներ է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներկրման արգելքի վերաբերյալ
04.07.2025
Ցույց տալ բոլորը

«Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում

03.07.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
Թեգեր
  • դեղեր
  • Հետաքննություն
  • նիհարեցնող միջոցներ
  • չգրանցված

● Ալյոնա Հայրապետյան

Հայկական մի շարք դեղատներում, սոցցանցներում վաճառվում են գրանցում չունեցող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցները: 

Այս ապրանքները ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»: Ապրանքը գովազդում մի շարք հայ բլոգերներ, և նույնիսկ դեղատներում են գովում՝ ասելով, որ այն տանում են «նույնիսկ Ամերիկա»։

Ի՞նչ միջոցներ են սրանք, ի՞նչ բաղադրություն ունե՞ն, ո՞վ է արտադրում և ո՞վ է ներկրում Հայաստան, ի՞նչ են ասում պատասխանատու մարմինները և ինչպե՞ս դրանք կարող են վնասել մարդկանց առողջությանը։

Փորձել ենք պարզել։

 

«Efsun form» նիհարեցնող միջոցներ. ի՞նչ բաղադրություն ունեն և ովքե՞ր են արտադրում 

 

Նիհարեցնող միջոցները` խոտաբույսերը, թեյերը, սուրճը համարվում են հատուկ սնունդ, որոնք վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իսկ  ԵԱՏՄ տարածքում վաճառվելու համար պետք է ունենան պարտադիր պետական գրանցում։

Նիհարեցնող կապսուլաները, կախված ազդող նյութի չափաքանակից, տարբեր կերպ են գրանցվում և կարգավորվում. եթե չափաքանակը բարձր է, դեղ է, վերահսկում է Առողջապահության նախարարությունը, եթե ցածր է, գրանցված է՝ որպես կենսաբանական ակտիվ հավելում, վերահսկում է ՍԱՏՄ-ն։

Սակայն «Efsun form» ապրանքանիշի ապրանքները չկան ո՛չ ԵԱՏՄ «Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում», ո՛չ էլ՝ Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դեղերի գրանցամատյանում, սակայն ազատ վաճառվում են նաև դեղատներում։

«Efsun form» ապրանքանիշն ստեղծվել է 5 տարի առաջ՝ 2020 թվականին թուրքական Բուրսա քաղաքում։ Արտադրողը թուրքական  CC Holding (LinkedIn) ընկերությունն է, որը գործում է 1990 թվականից: Այս ընկերությունը գործունեություն է ծավալում տեքստիլ արդյունաբերության, շինարարության, լոգիստիկ հարցերի, տեղեկատվական, առևտրային հարցերով խորհրդատվությունների ոլորտներում:

Նշվածներից բացի ընկերությունը զբաղվում է նաև նիհարեցնող ապրանքատեսակների արտադրությամբ, որոնցից «Efsun form»-ը հայկական շուկայում ամենատարածվածն է:  Ընկերության հիմնադիրը թուրք գործարար Ջևհեր Ջենքչին է: 

CC Holding ընկերությունն արտադրում է նաև «Alvina», «Glovital», «Aymira», «Bluetox», «Em-Teadox», «Esillaa»,  «Fitbe Natural», «Magic-X», «Misslim», «My Trend», «Meri Detox Premium», «Tlain», «Wendy», «Zeytox» ապրանքանիշերի նիհարեցնող միջոցները: Բոլոր այս ապրանքանիշերում առկա են նիհարեցնող դետոքս թեյեր, նիհարեցնող դեղապատիճներ, և բոլոր ապրանքներն էլ ներկայացվում են որպես բնական կամ բուսական բաղադրության արտադրանք: 

«Efsun form» արտահայտությունը թուրքերենից թարգմանաբար նշանակում է հմայիչ տեսք / ձև : Ապրանքանիշի հիմնական ապրանքատեսակներն են՝ նիհարեցնող դեղապատիճները, նիհարեցնող դետոքս թեյը, նիհարեցնող դետոքս սուրճը, խոտաբույսերով թեյը, նիհարեցնող քսուքը:

Ապրանքները թուրքական պաշտոնական ինստագրամյան էջում ներկայացվում են ՝ որպես նիհարեցնող միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում են օրգանիզմի նյութափոխանակությունը, տալիս են թեթևության զգացում»: 

Կախված ապրանքատեսակից` բաղադրությունը փոփոխվում է: Օրինակ, նիհարեցնող դետոքս թեյի բաղադրության մեջ մտնում են տարբեր տեսակի էքստրակտներ (ազնվամորու, սամիթի, նռան, բրնձի կեղևի, բրոկկոլիի, գոջի հատապտղի, էխինացեայի, հապալասի, յոգուրտ խոտի, թզուկ արմավենու, կեչու ծառի), ուլուն տեսակի (oolong) թեյ, կիտրոնի բալզամ, չոր մրգերի փոշի և L-կարնիտին: 

L-կարնիտինը նյութ է, որը բնական ձևով արտադրվում է մարդու օրգանիզմում և մասնակցում է ճարպերի էներգիայի վերածման գործընթացին։ Այն օգնում է ճարպաթթուները տեղափոխել բջիջների միտոքոնդրիաներ, որտեղ դրանք «այրում» են՝ էներգիա արտադրելու համար։

Օգնո՞ւմ է արդյոք նիհարել

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մոտ L-կարնիտինը ինքնին գրեթե չի նպաստում քաշի նվազեցմանը։ Թեթև ազդեցություն հնարավոր է միայն մարզումների և դիետայի հետ համատեղ օգտագործելիս։ Սովորաբար, օգտագործվում է օրական 500–2000 մգ դոզաներով, սակայն բարձր չափաբաժինները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։

Չգրանցված միջոցների դեպքում բացակայում է որակի վերահսկողությունը, ինչը կարող է վտանգավոր լինել։

«Efsun form» դեղապատիճի բաղադրությունն է «կանաչ թեյ, կարմիր պղպղեղ, բուժիչ օսլա, ցիտրուս, գուարանա միրգ, tragacanth մաստակ»:

Սուրճի բաղադրատարրերից են՝ օրգանական լուծվող սուրճը, բրոմելինը, բերբերինը, եղերդակը, կոճապղպղեղը, սև չամանը, L-կարնիտինը, կոլլագենը, հիալուրոնաթթուն, L-ասկորբինաթթուն:

Նշված բաղադրիչներից կոլլագենը և հիալուրոնաթթուն բուսական օրգանիզմներում չեն արտադրվում և կենդանական ծագման են: 

Ապրանքի պաշտոնական կայքԷջում գրված է, որ դրանք հակացուցված են «անչափահասների, հղիների ու կրծքով կերակրողների, հակադեպրեսանտ ընդունողների, ստամոքսի խոց, երիկամի, սրտի և լյարդի խնդիր, բարձր արյան ճնշում ունեցողների, ինչպես ապրանքի բաղադրիչներից ալերգիա ունեցողների համար»:

Սուրճի դեպքում՝ հակացուցված է նաև վարիկոզ ունեցողներին: 

«Efsun form»-ի ապրանքները գովազդող էջերում վաճառվում է նաև նույն ապրանքանիշի նիհարեցնող քսուք: Այս ապրանքի բաղադրության մասին ասվում է միայն, որ այն պատրաստված է «բնական բաղադրիչներից՝ հատուկ ձևաչափված ակտիվ նյութերով, որոնք նպաստում են մաշկի ձգմանը և յուղերի այրմանը»։

Ըստ էջի՝ քսուքը «նվազեցնում է ցելյուլիտի նշանները, խթանում է արյան շրջանառությունը՝ օգնելով արդյունավետ այրել ճարպային շերտերը»։ Այս ապրանքի օգտագործման համար որևէ հակացուցում նշված չէ: Նշվում է, որ այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար: 

 

4-9 կգ՝ մեկ ամսում. ինչ են խոստանում Հայաստանում

 

«Efsun form» ապրանքատեսակի՝ հայկական էջերի գովազդներում ասվում է, որ «Efsun form»-ի թեյը, սուրճը, և դեղապատիճը պետք է ընդունել դատարկ ստամոքսին: Իսկ օրվա ընթացքում պետք է պարտադիր խմել նաև 1,5-2 լիտր ջուր: 

Հայաստանում այս ապրանքատեսակի բոլոր նիհարեցնող միջոցները վաճառվում են մի շարք ինստագրամյան (1, 2, 3, 4, 5) և ֆեյսբուքյան (1, 2, 3) էջերում: Հաշվի առնելով այս էջերում արված առաջին հրապարակումները և ստեղծման տարեթվերը՝  կարելի է ենթադրել, որ Հայաստանում «Efsun Form»-ի նիհարեցնող միջոցների նմանատիպ վաճառքով սկսել են զբաղվել վերջին երկու տարիներին: 

Առաջին հրապարակումները հիմնականում արված են 2024 կամ 2025 թվականներին: Նշված ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերից «niharecnox_detox_tey»-ը ներկայանում է որպես «Efsun Form» ապրանքանիշի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ: Ինստագրամյան այս էջին հղում են անում երկու տարբեր ֆեյսբուքյան էջեր՝ «Efsun form» և «Niharecnox detox teyer» անվանումներով: 

Երկու էջերն էլ, իսկ երկրորդ էջը առավելապես, «Efsun Form»-ի ապրանքների հետ գովազդում է նույնպես թուրքական «Meri» ապրանքանիշի նիհարեցնող միջոցները: 

Նշված ինստագրամյան էջի պատմություն բաժնում տեղադրված է հավաստագրի նկար՝ թուրքերենով: Հավաստագրի բովանդակության մեջ ասվում է, որ ոմն «Աիդա Արիսյանը ավարտել է ուսուցումը և լիազորված է վաճառել «Efsun Form»-ի բոլոր ապրանքները»:

Նկարն ուղեկցվում է՝ «հավաստագրի առկայությունը փաստում է թեյի անվտանգ լինելու մասին» գրությամբ: Հենց այս վկայականին են հղում անում վաճառողները, երբ խոսքը գնում է ապրանքի անվտանգ լինել-չլինելու մասին։

Վկայականը

Սակայն նշված վկայականը պետական գրանցման վկայական չէ, սովորական գովասանագրին համարժեք թուղթ է և կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքով զբաղվելու հիմք չի կարող լինել ու որևէ կերպ չի փաստում նիհարեցնող միջոցների անվտանգ լինելու մասին։

«Efsun form»-ի ապրանքատեսակները վաճառող հայկական ինստագրամյան էջերից մեկում պնդում են, որ թեյի և դեղապատիճների միջոցով ամսական կարելի է նիհարել 4-6 կգ: Մեկ այլ էջում նույն թեյի միջոցով գրում են, որ կարելի է նիհարել 6-9 կգ:  

«Efsun Form»-ի նիհարեցնող միջոցներից նիհարեցնող դետոքս թեյը ակտիվ գովազդել են 100 հազարից ավելի հետևորդներ ունեցող բլոգերներ (1, 2)՝ պնդելով, որ այն «լաբորատոր ստուգումներ է անցել», օգնում է նիհարել, ու իրենք պատվիրել են թեյը՝ նիհարելու նպատակով:

Նիհարելու արդյունքներով բլոգերները չեն կիսվել, ինչպես նաև չեն արձագանքել մեր նամակներին: 

Միաժամանակ նշված էջերում կան մի շարք նամակագրություններ ու տարբեր բովանդակությամբ հրապարակումներ, որոնց մեջ գովում են ապրանքը կամ նշում դրա արդյունավետության մասին: 

Ներկայումս «Efsun Form» նիհարեցնող միջոցները կարելի է գտնել նաև Wildberries, Ozon, List հարթակներում, ինչպես նաև՝ վրացական էջերում (1, 2, 3, 4) ։

 

 

«Թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը». ներմուծողի պատասխանը

 

Ինչպես արդեն նշեցինք, «Efsun form» ապրանքատեսակները Հայաստան է ներմուծում և իրեն պաշտոնական ներկայացուցիչ է անվանում «Աիդա Արիսյան Սամվելի» ԱՁ-ն, որի գործունեության տեսակը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտուրն է»:

Մենք նախ գրեցինք իրենց ինստագրամյան էջին՝ ներկայանալով գնորդ: Ի պատասխան՝ մեզ անմիջապես առաջարկեցին ապրանքի առաքում կատարել՝ առանց ճշտելու տարիքի ու մյուս հակացուցումներից ելնող մանրամասները:

Մենք գրեցինք նաև թուրքական պաշտոնական ինստագրամյան էջին: Մինչև ապրանքի մասին հարցերին պատասխանելը, էջի պատասխանատուն հետաքրքվեց տարիքի, քաշի, հասակի, ստամոքսի, լյարդի խնդիրների առկայության, հղիության մասին և այլ մանրամասներ: Իսկ հարցին, թե ունե՞ն արդյոք պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, չպատասխանեց: Միայն ասաց, որ ապրանքը Հայաստան չեն առաքում: 

Ավելի ուշ մենք նորից կապվեցինք Հայաստան ներկրողի հետ, այս անգամ՝ զանգահարելով և կրկին ներկայանալով որպես գնորդ: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Աիդա Արիսյանը պնդեց, որ թեյն իսկապես փակում է ախորժակը և թեյի հետ պարտադիր պետք է օրվա մեջ 1,5-2 լիտր ջուր խմել: 

Նրա խոսքով՝ «ջրի հետ այրված ճարպը պետք է դուրս է գա օրգանիզմից»: Աիդա Արիսյանը միաժամանակ առաջարկեց թեյից հետո փորձել խմել դեղապատիճները. 

«Որ հետո քաշը չավելանա, թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը, ինքը լավ պահում է: Թեյը խմեք, վերջացրեք, կարող եք հետո կապսուլան խմել: Կապսուլայով էլ են իջնում, բայց կապսուլայով, սովորաբար, իջած քաշը պահում են: Կապսուլան քաշը պահողն ա»: 

Նա միաժամանակ պնդեց, որ ապրանքը «սննդային հավելում է», անցել է բոլոր լաբորատոր փորձաքնությունները և ունի պետական գրանցում: 

 

 

«Շատ գոհ են, նույնիսկ Ամերիկա են տանում». ինչ են ասում դեղատներում 

 

Հայաստանում «Efsun form»-ի ապրանքատեսակներից նիհարեցնող թեյը վաճառվում է «Նատալի Ֆարմ», «Տոնուս-Լես», «Էլեոնֆարմ» դեղատներում: Մենք այցելել ենք նշված դեղատներ՝ պարզելու, թե ինչպես են վաճառում գրանցում չունեցող այս ապրանքը:

«Տոնուս-Լես» դեղատան՝ Երևանի Ազատության պողոտա 3 հասցեում գտնվող մասնաճյուղի աշխատակիցը սկզբում պնդեց, որ ապրանքը «արտոնագրված դեղորայք է», հետո էլ՝ որ «ՀՀ-ում գրանցված թեյ է», իսկ գրանցված լինելու հարցում համոզվելու համար առաջարկեց կապվել Առողջապահության նախարարության հետ: Հետո ներողություն խնդրեց ու ասաց, որ սխալվել է, դեղորայք չէ, այլ պարզապես թեյ է: 

«Նատալի Ֆարմ» դեղատան՝ Երևանի Կոմիտասի պողոտա 60/2 հասցեի մասնաճյուղում աշխատողներից մեկի խոսքով՝ թեյից «շատ գոհ են, նույնիսկ Ամերիկա են տանում»: Ներկայացնելով ապրանքը՝ աշխատողն ասաց, որ այն «կարգավորում է նյութափոխանակությունը, մաքրում է օրգանիզմը, դրա հաշվին իջեցնելու է քաշը»: 

Գրանցված լինելու մասին հարցին դեղատան մյուս աշխատողը պատասխանեց, որ «եթե գրանցված չլիներ, չէր կարող վաճառվել»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ նիհարեցնող թեյը, որը հատուկ սնունդ է համարվում, «ԵԱՏՄ պետական գրանցամատյանում» առկա չէ, բայց վաճառվում է, դեղատանը մեկ պատասխանեցին՝ «ինքը դեղորայք չէ, դրա համար կարող է և գրանցված չլինել», մեկ էլ՝ «եթե ապրանքն արդեն վաճառվում է, ուրեմն բոլոր փուլերը անցած ա»: 

Թեյի տուփը, որի մեջ առկա է 30 հատ թեյապարկուճ, «Նատալի Ֆարմ» դեղատանը վաճառվում է 23 690 դրամով: Միաժամանակ, գրանցման համար համոզվելու նպատակով այստեղ էլ առաջարկեցին ներմուծողից հարցնել: 

 

ԵԱՏՄ գրանցամատյանում նշված ապրանքատեսակի մասին տեղեկատվություն չկա. ՍԱՏՄ

 

Թեև ԵԱՏՄ միասնական պետական գրանցամատյանում չլինելն արդեն փաստ է, որ ապրանքը գրանցված չէ, այնուամենայնիվ, մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք «Efsun form» ապրանքատեսակն ունի պետական գրանցում ՀՀ-ում կամ ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար: 

ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ ԵԱՏՄ Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում նշված ապրանքատեսակի մասին տեղեկատվություն չկա: Սա ևս մեկ անգամ, հաստատում է, որ ապրանքը չունի պետական գրանցում: 

ՍԱՏՄ պատասխանը

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մաքսային միության հանձնաժողովի՝ թիվ 80 որոշման 24-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ պետական գրանցման ենթակա հատուկ նշանակության սննդամթերք է նաև «դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը»: 

 

«Դրանք ոչ թե մաքրում են օրգանիզմը, այլ  ջրազրկում». ինչ ռիսկեր են տեսնում սննդաբանները

 

Սննդաբան-գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝  իրական նիհարեցնող միջոցները ճարպակալման բուժման մեթոդներն են. սննդաբուժությունը, դեղորայքային բուժումը և վիրաբուժական միջամտությունը: Սննդաբուժությունը, օրինակ, ենթադրում է քաշի կորուստ իր օրվա սննդակարգի կարգավորման միջոցով, որը կարող է ուղեկցվել ֆիզիկական մարզանքներով:

Դեղորայքային բուժման ժամանակ գիտականորեն հաստատված ու թույլատրված դեղեր միայն կարելի է կիրառել, որոնք պարտադիր պետք է ընդունել բժշկի նշանակումով։

Լուսանկարը՝ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Նիհարեցնող միջոցները, ըստ սննդաբանի, այս ամենի հակառակ կողմում են։

«Շուկայում միշտ եղել է պահանջարկ նմանատիպ ապրանքների նկատմամբ: Մարդիկ ուզում են խմել ինչ-որ կախարդական բան՝ լինի դա թեյ, կապսուլա կամ սուրճ, ու արագ նիհարել: Նաև այս պատճառով տարիներ շարունակ շուկայում հայտնվում են նոր ապրանքներ, որոնք սպառողներին խոստանում են արագ, անվտանգ նիհարում»,- նշում է Վ. Պետրոսյանը:   

Սննդաբանի պնդմամբ՝ եթե մարդը խմում է նիհարեցնող թեյ, սուրճ կամ կապսուլա ներկայացվող ապրանք, որի բաղադրության մեջ միայն բուսական կամ բնական բաղադրիչներ են գրված, և ախորժակն անմիջապես փակվում է, զուգահեռ առաջանում է բերանի չորություն, սկսում է լուծ կամ անընդհատ միզում է, նշանակում է ապրանքի մեջ կան այլ նյութեր, որոնք բաղադրության մեջ գրված չեն: 

ԵՊԲՀ դասախոս, դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը նույնպես կարծում է, որ ցանկացած ապրանքի գովազդ, որը խոստանում է հրաշալի արդյունքներով նիհարում՝ առանց նշելու կողմնակի էֆեկտների մասին, արդեն կասկածելի է:

«Երբ նշում են, որ, օրինակ, թեյը ակտիվացնում է նյութափոխանակությունը, ճարպերի այրումը, բացառված չէ, որ այն միզամուղ է: Իսկ դա ամենաարագ նիհարեցնող տարբերակն է»,- ասում է սննդաբանը:

Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն Մկրտչյանի պնդմամբ՝ վաճառողը միշտ պետք է տեղեկացնի, թե կոնկրետ էքստրակտի կոնկրետ բաղադրիչն ինչ էֆեկտն է թողնում օրգանիզմի վրա: 

«Կարող են գրել, որ ակտիվացնում է նյութափոխանակությունը: Բայց պետք է ասեն, թե որ կոնկրետ բաղադրիչի շնորհիվ է դա տեղի ունենալու»,- հավելում է Ա.Մկրտչյանը: 

Սննդաբանները խորհուրդ են տալիս չհավատալ նմանատիպ միջոցներին ու նիհարել բժիշկների խորհրդատվությամբ:

«Մասնագետը պետք է նայի մարմնի կազմվածքը, պարզի՝ ճարպ, սպիտակուց, ջուր կա՞ մարդու օրգանիզմում, պետք է ստուգի հորմոնալ համակարգը, հորմոնների վիճակը, մետաբոլիկ ակտիվությունը և այլն: Միայն դրանից հետո են որոշում, թե մարդն ինչ տեմպով և ինչպես պետք է նիհարի»,- ամփոփում է սննդաբան Արմեն Մկրտչյանը: 

Share
39

Տես նաև

11.07.2025

«Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել
    11.07.2025
  • 0
    Սալմոնելա և աղիքային ցուպիկ «Biella»-ի կոտլետում. խմբաքանակը հետ է կանչվել
    11.07.2025
  • 0
    Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
    09.07.2025
  • 0
    «Ժամկետի բացակայությունն անթույլատրելի է». «Դիլի»-ն արձագանքել է ահազանգին՝ խոստանալով լինել «էլ ավելի հետևողական»
    09.07.2025
  • 0
    ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
    09.07.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

    Թեգեր

    ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Հետաքննություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
    Բաժանորդագրվե՛ք

    Subscribe
    Հետևեք կայքին և եղեք առողջ
    • Մեր մասին
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Լրագրողական էթիկա
    • Կապ մեզ հետ
    • FAQ
    © 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
    Website Development: KhachatryanR.Co