

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կողմից «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։
Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ) և «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին։
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին: ։
ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ: