
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն սպառողները զեղչերից և տարբեր ակցիաներից օգտվելիս։
Հանձնաժողովը հորդորում է գնումներ կատարելիս ուշադիր լինել զեղչերի չափի, ապրանքների իրական գների, ակցիաների պայմանների և ժամկետների նկատմամբ՝ խուսափելու հնարավոր թյուրիմացություններից և ճիշտ գնահատելու առաջարկի շահավետությունը։
ՄՊՀ-ն ներկայացրել է 8 հիմնական խորհուրդ։
։
Զեղչված գնի կողքին պետք է տեսանելի լինի նաև ակցիային նախորդող մեկ ամսվա միջին գինը։ Հիշեք, որ զեղչը ապրանքի կամ ծառայության միջին գնի կարճաժամկետ նվազումն է։ Հետևաբար, միայն զեղչի տոկոսին մի՛ վստահեք․ համեմատեք նաև նախկին և գործող գները։
։
Ուշադրություն դարձրեք՝ զեղչը տարածվում է խանութի ամբողջ տեսականու՞ վրա, թե՞ միայն որոշակի ապրանքների։
Եթե ակցիայի հայտարարության մեջ նշված չէ, թե որ ապրանքներն են մասնակցում զեղչին, կամ բացակայում է այդ տեղեկությանը ծանոթանալու աղբյուրը, ակցիան համարվում է կիրառելի ամբողջ տեսականու նկատմամբ։
։
Մի՛ սահմանափակվեք միայն գովազդում նշված առավելագույն զեղչի չափով։ Օրինակ՝ եթե հայտարարված է «մինչև 50% զեղչ», ապա ակցիային մասնակցող ապրանքների առնվազն մեկ հինգերորդը պետք է զեղչված լինի 50%-ով։
։
Մինչև գնում կատարելը պարզեք ակցիայի մեկնարկի և ավարտի օրերը։ Այդ տեղեկությունը պետք է հասանելի լինի սպառողին։
Հաշվի առեք նաև, որ ակցիան կարող է ավարտվել նախատեսված ժամկետից շուտ, օրինակ՝ առաջարկվող ապրանքների սպառման դեպքում։
։
Պարզեք՝ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է արդյոք կատարել լրացուցիչ գործողություններ։ Օրինակ՝ ունենալ հավատարմության քարտ, գնել ապրանքի որոշակի քանակ կամ բավարարել այլ պայմանների։
Ակցիայի բոլոր պայմանները պետք է ներկայացված լինեն հստակ և հասկանալի ձևով։
։
Եթե ապրանքի հետ առաջարկվում է նվեր կամ բոնուս, ուշադրություն դարձրեք դրա արժեքին։ Նվերի արժեքը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ ներառված լինի հիմնական ապրանքի գնի մեջ։
։
Եթե ձեզ առաջարկվում է մի քանի ապրանք գնել միասնական փաթեթով, համեմատեք փաթեթի ընդհանուր գինը դրա մեջ ներառված ապրանքների առանձին գների հանրագումարի հետ։
Այսպես կկարողանաք պարզել՝ փաթեթային առաջարկն իսկապե՞ս ավելի շահավետ է, թե՞ ոչ։
։
Պահպանեք գնումը հաստատող կտրոնը, առցանց պատվերի հաստատումը, ինչպես նաև ակցիայի պայմանների վերաբերյալ հայտարարության կամ գովազդի սքրինշոթը։
Այս տեղեկությունները կարող են անհրաժեշտ լինել, եթե հետագայում հարց կամ տարաձայնություն առաջանա։
։
ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ ակցիաների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հավաստի և ընթեռնելի։ Այս պահանջը վերաբերում է ինչպես առևտրի օբյեկտներում, այնպես էլ առցանց էլեկտրոնային հարթակներում ներկայացվող առաջարկներին։
Ուստի հաջորդ անգամ զեղչից օգտվելուց առաջ մի՛ շտապեք․ համեմատեք գները, ուսումնասիրեք պայմանները և համոզվեք, որ առաջարկն իսկապես շահավետ է ձեզ համար։