

Վճարովի բովանդակություն
Մսամթերքի անվտանգությունը հաճախ կապում ենք պատրաստի արտադրանքի վերջնական ստուգման հետ։ Մինչդեռ իրականում այն ձևավորվում է շատ ավելի վաղ՝ դեռ հումքի ընդունման փուլից, և շարունակվում արտադրության, փաթեթավորման, պահեստավորման ու տեղափոխման ամբողջ ընթացքում։ Այսինքն՝ անվտանգությունը ոչ թե վերջում կատարվող մեկ ստուգում է, այլ վերահսկողության շարունակական շղթա։
Մսամթերքի արտադրությունում այս շարունակական վերահսկողությունը սկսվում է հումքի ընդունումից և ուղեկցում արտադրանքին մինչև փաթեթավորում, պահեստավորում ու վաճառակետ։ Թե ինչ փուլեր է ներառում այդ գործընթացը և ինչպես է այն կազմակերպվում գործնականում, բացատրում է «Աթենք» մսամթերքի ընկերության Սննդի անվտանգության վերահսկողության բաժնի ղեկավար Սուսաննա Մելիքյանը։
Ըստ մասնագետի՝ կարևոր է տարբերակել արտադրանքի որակն ու անվտանգությունը։ Արտաքին տեսքը, համը, հոտը, գույնն ու կառուցվածքը հիմնականում որակական հատկանիշներ են, մինչդեռ անվտանգության գնահատումը ներառում է նաև այնպիսի ցուցանիշներ, որոնք հնարավոր է որոշել միայն համապատասխան հետազոտությունների միջոցով։ Այդ աշխատանքն սկսվում է դեռ հումքի ընդունման փուլում։ Ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տեղափոխման պայմանները, իրականացվում են նմուշառումներ և անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ՝ մինչև հումքը կանցնի արտադրության հաջորդ փուլ։
«Վերահսկվում են հումքի տեղափոխման ջերմաստիճանային պայմանները, կատարվում են համապատասխան նմուշառումներ և մանրէաբանական հետազոտություններ։ Մեզ համար կարևոր է դեռ այս փուլում համոզվել, որ հումքը համապատասխանում է սահմանված պահանջներին և կարող է անցնել արտադրության հաջորդ փուլ»,- ասում է Սուսաննա Մելիքյանը։
Լաբորատոր հետազոտությունները սննդի անվտանգության վերահսկողության կարևոր փուլերից են, քանի որ հնարավորություն են տալիս գնահատել հումքի համապատասխանությունը՝ մինչև այն արտադրության մեջ օգտագործելը։ «Աթենք»-ում այս գործընթացի մի մասն իրականացվում է սեփական ներքին լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրվում են հումքի օրգանոլեպտիկ և մանրէաբանական ցուցանիշները։ Համապատասխան դրական արդյունքների դեպքում հումքը թույլատրվում է օգտագործել արտադրության հաջորդ փուլերում։
Սակայն հումքի ստուգմամբ վերահսկողությունը չի ավարտվում։ Հաջորդ փուլերում արդեն կարևոր է այն միջավայրը, որտեղ հումքը մշակվում է։ Վերահսկվում են աշխատակիցների հիգիենան, սարքավորումների և աշխատանքային մակերեսների մաքրությունը, լվացման ու ախտահանման գործընթացները, ինչպես նաև արտադրությունում օգտագործվող ջրի ցուցանիշները։ Կախված արտադրատեսակից և կիրառվող տեխնոլոգիայից՝ վերահսկվում են նաև անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմները, փաթեթավորման և պահեստավորման պայմանները։
Այս բոլոր քայլերը մեկ ընդհանուր համակարգի մաս են։ Սննդի անվտանգության ժամանակակից մոտեցման հիմքում կանխարգելումն է՝ հնարավոր ռիսկերը գնահատել և վերահսկել ոչ միայն վերջնական արտադրանքի փուլում, այլև ամբողջ արտադրական գործընթացի ընթացքում։
«Յուրաքանչյուր փուլում նախապես սահմանվում է՝ ինչն է պետք վերահսկել, ինչ հաճախականությամբ և ինչ ցուցանիշներով։ Այդ տվյալներն էլ հնարավորություն են տալիս հասկանալու՝ գործընթացը համապատասխանո՞ւմ է սահմանված պահանջներին, թե՞ անհրաժեշտ է որևէ գործողություն։ Այսինքն՝ անվտանգության վերահսկողությունը մեկ վերջնական ստուգում չէ, այլ շարունակական գործընթաց, որն սկսվում է հումքից և ուղեկցում արտադրանքին ամբողջ ընթացքում»,- բացատրում է Սուսաննա Մելիքյանը։
Համակարգի մեկ այլ կարևոր բաղադրիչը հետագծելիությունն է։ Արտադրության տարբեր փուլերում կատարվող գրանցումները հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում վերականգնել կոնկրետ արտադրանքի ամբողջ ճանապարհը՝ պատրաստի արտադրանքից մինչև պահեստավորում, փաթեթավորում, արտադրական փուլեր, օգտագործված հումք և դրա մատակարար։
Այս մեխանիզմը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ արտադրանքի վերաբերյալ հարց կամ արձագանք է ստացվում սպառողից․ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրել կոնկրետ դեպքը, այլև անհրաժեշտության դեպքում վերադառնալ արտադրական շղթայի համապատասխան փուլերին։
«Երբ սպառողից որևէ արձագանք ենք ստանում, նախ ճշտում ենք հիմնական տվյալները՝ որտեղից և երբ է գնվել արտադրանքը, ինչ պիտանելիության ժամկետ է ունեցել և ինչ հարց է առաջացել։ Դրանից հետո գրանցումների միջոցով կարող ենք վերականգնել տվյալ արտադրանքի անցած ճանապարհը և ուսումնասիրել արտադրական համապատասխան փուլերը։ Այդ աշխատանքը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն հասկանալ կոնկրետ դեպքը, այլև տեսնել՝ արդյո՞ք որևէ փուլում կա վերահսկողությունն ավելի ուժեղացնելու կամ գործընթացը բարելավելու անհրաժեշտություն»,- ասում է մասնագետը։
Սպառողի համար ամենատեսանելի տեղեկություններից մեկը պիտանելիության ժամկետն է, բայց պիտակի վրա նշված այդ թիվը պարզապես արտադրողի որոշումը չէ, այն սահմանվում է համապատասխան հետազոտությունների հիման վրա։
Մասնագետի խոսքով՝ հաշվի են առնվում արտադրանքի մանրէաբանական ցուցանիշների փոփոխությունները, օգտագործված հումքի առանձնահատկությունները, արտադրության տեխնոլոգիան և փաթեթավորման եղանակը։ Այս տվյալների համադրությամբ էլ որոշվում են տվյալ արտադրանքի պահպանման ժամկետն ու պայմանները։
Արտադրանքի անվտանգության համար կարևոր է նաև այն, թե ինչ պայմաններում է այն պահպանվում գործարանից դուրս գալուց հետո։ Պիտակի վրա նշված ջերմաստիճանային և պահպանման պահանջները պետք է պահպանվեն նաև տեղափոխման և վաճառքի ընթացքում։ «Աթենք»-ում այս փուլին ևս հետևում են․ ընկերության համապատասխան ստորաբաժանումները դիտարկումներ են իրականացնում վաճառակետերում՝ գնահատելու, թե արդյոք պահպանվում են արտադրանքի համար սահմանված պայմանները։
Այս ամբողջ համակարգը գործում է նաև միջազգային ընդունված չափորոշիչների շրջանակում։ «Աթենք»-ն ունի ISO 22000 սննդի անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկացում, իսկ արտադրական գործընթացներում կիրառվում են HACCP համակարգի սկզբունքները։ Ընկերությունն այժմ նաև անցնում է FSSC 22000 սերտիֆիկացման գործընթացը։
Սակայն սպառողի համար ստանդարտների անվանումներից առավել կարևոր է դրանց հիմքում ընկած սկզբունքը․ սննդի անվտանգությունը ձևավորվում է ոչ թե մեկ վերջնական ստուգմամբ, այլ ամբողջ արտադրական շղթայի հետևողական վերահսկողությամբ՝ հումքի ընդունումից մինչև պահեստավորում և վաճառք։
Խանութում սպառողը տեսնում է արդեն այդ երկար գործընթացի վերջնական արդյունքը՝ պատրաստի արտադրանքը, իսկ դրա հետևում մնում են բազմաթիվ փուլեր, ստուգումներ և գրանցումներ, որոնց նպատակը մեկն է՝ ապահովել, որ արտադրանքը սպառողին հասնի սահմանված պահանջներին համապատասխան։