
Որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է, նախ, ընդունել, որ այն կա։ Իսկ երբ դրա մասին բարձրաձայնվում է, հաջորդ քայլը պետք է լինի խնդիրը լուծելը, այլ ոչ թե հերքելը։
Մի քանի օր է անցնել միրգ-բանջարեղենում թունաքիմիկատների մասին մեր հրապարակումից, թեման ԱԺ-ում բարձրաձայնել է պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ պահանջելով ամբողջությամբ հրապարակել մոնիթորինգի արդյունքներն ու խորհրդարանական լսումներ հրավիրել։
Ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պարզաբանում է տարածել, որը հակասում է իր իսկ հաշվետվությանը, իսկ ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է՝ «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ»։
Եթե «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ», ապա ի՞նչն էր ՍԱՏՄ-ն իր հաշվետվությունում անվանել «շեղում» և դա էլ համարել «խախտում». թունաքիմիկատը միրգ-բանջարեղենում քի՞չ է եղել։
Ինչո՞ւ, ունենալով խախտումների այս պատկերը, պատասխանատու մարմնի պաշտոնյան 2025թ.ին պնդում էր, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», իսկ հիմա՝ 2026-ին, հայտարարում է, որ «վիճակը վատ չէ», և որ պտուղ-բանջարեղենը «պետք է պարունակի թունաքիմիկատ»։
Սկսենք փաստերից։
.
.
Թունաքիմիկատները ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։
Հաշվարկված է, որ թունաքիմիկատները 30-70%-ով ավելացնում են մրգերի, բանջարեղենի, հատիկեղենի բերքատվությունը։
Սակայն Կառավարության N 1904-Ն որոշմամբ՝ բուսական ծագման սննդամթերքի համար սահմանված են թունաքիմիկատների առավելագույն մնացորդային քանակներ, իսկ «Բուսասանիտարիայի մասին» օրենքն արգելում է այդ քանակները գերազանցող մթերքի վաճառքը։
Շատ պարզեցնենք. չկա պահանջ, ըստ որի՝ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։
ՍԱՏՄ-ն իր պարզաբանման մեջ հայտնում է, որ «զարմանալի է, որ խնդիր է համարվում պտուղ-բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայությունը»։ Միևնույն ժամանակ, ՍԱՏՄ-ն ընդունում է, որ կան իրավական ակտեր, որոնք թույլատրելի չափաքանակներ են սահմանում։
«Թունաքիմիկատները պտուղբանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր 2-րդ ում, այլև բոլոր նմուշներում։ Դա նորմալ է, քանի որ այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ, և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այդ թունաքիմիկատները պտուղբանջարեղենում գերազանցում են թույլատրելի չափաքանակները։
Նույն միտքն է «Հանրային հեռուստաընկերության» եթերում կրկնում Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը.
«Պտուղ-բանջարեղենը պեստիցիդներ պետք է պարունակի։ Դա նորմալ է»։
Հիմա, եկեք բացենք ՍԱՏՄ հաշվետվությունը՝


«Արձանագրված շեղումները», ապա՝ «ամենաշատ խախտումները», «ամենամեծ խախտումները»։
Եթե «շեղում» նշանակում է պարզապես թունաքիմիկատի հայտնաբերում, ինչո՞ւ են նույն հաշվետվության մեջ այդ շեղումները բնութագրվում՝ որպես «խախտումներ»։ Նորից շեշտում ենք. չկա պահանջ, որ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։ Կա պահանջ, որ դրանք չգերազանցեն թույլատրված չափաքանակը։
Այս դեպքում ակհայտ է, որ ուղղակի թունաքիմիկատ հայտնաբերելը չի կարող լինել «շեղում», դա էլ իր հերթին՝ «խախտում»։
Նույն տրամաբանությամբ՝ ՍԱՏՄ-ն նշում է, որ «իրականացրել է ոչ թե 192, այլ 179 նմուշի փորձաքննություն, որոնցից միայն 6 նմուշում է թունաքիմիկատը գերազանցել նորման»։
Եկեք ՍԱՏՄ հաշվետվության թվերով կատարենք պարզ մաթեմատիկական հաշվհարկ՝ գումարելով Հայաստանի մարզերից վերցրած նմուշների քանակը
Նմուշները՝ 42+42+39+39+9+6+9+3+3 = 192
Շեղումները՝ 19+22+17+20+4+4+4+1+0 = 91
Հաշվարկն էլ դեռ մի կողմ. շեղումների տոկոսները հենց ՍԱՏՄ-ն է տվել։ Այսինքն՝ թե’ մեր հրաապարակման մեջ, թե’ Հ. Մնացականյանի ելույթի ժամանակ ներկայացվում են հենց ՍԱՏՄ հաշվարկված տոկոսները, որը վերջինս «թյուրիմացության մեջ գցող» է համարում։
Եթե 91-ից միայն 6 նմուշում է թունաքիմիկատի գերազանցել նորման, ստացվում է, ըստ ՍԱՏՄ-ի, «թունաքիմիկատի շեղումը» նորմա՞ է։
Այսինքն՝ «ամենաշատ և ամենամեծ խախտումները» որտե՞ղ են, նորմայի մե՞ջ։
Մի բանում, սակայն, ՍԱՏՄ-ն իրավացի է. հաշվետվության սկզբում իսկապես նշվում է 179 նմուշի մասին, սակայն մարզերի նմուշների գումարման ժամանակ, ինչպես տեսաք, այդ թիվը դառնում է 192։
Բայց սա, ինչպես նաև հաշվետվության մեջ տեղ գտած մի շարք տրամաբանական անճշտություններ, պետք է պարզաբանի ՍԱՏՄ-ն։
.

Ինչպես մեր նախորդ հետաքննությունից հետո, այս անգամ ևս ՍԱՏՄ-ն շարունակում է պնդել, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ օգտագործել»։
Հիմա, մի քանի մեջբերում ՍԱՏՄ հաշվետվությունից՝
Սա է նշում ՍԱՏՄ-ն իր հաշվետվության մեջ, իսկ հանրությանն ասում՝ «վիճակը սարսափելի չէ, ավելին՝ վատ չէ»։
Բուսասանիտարիայի պետն էլ ավելացնում է, որ «տեսչական մարմինն այս տվյալները հրապարակելու պարտավորություն չուներ» և մեղադրում հրապարակողներին։
«Ցավոք սրտի, այդ տվյալները վերցվել են և, ոչ ճիշտ վերլուծության և ոչ ճիշտ մեկնաբանության արդյունքում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվել։ Մեր ազգաբնակչությանը խուճապի մեջ են գցել»։
Այս դիտարկմանը կպատասխանենք հենց ՍԱՏՄ պարզաբանման տեքստով՝
«Անթույլատրելի է անհիմն խուճապ ստեղծելու միտում ունեցող նյութերի միջոցով մարդկանց մոլորեցնելը»։
.
.
.