

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հուլիսի 27-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումները։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 14-21-ը ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են իրականացրել Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում։ Ստուգումների արդյունքներով «Ռոսսելխոզնադզորը» դիմել է հայկական կողմի տեսչական մարմնին՝ խնդրելով կասեցնել այն արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը, որը նախատեսվում էր արտահանել Ռուսաստան։
«Պարտավորեցնում եմ ապահովել վերահսկողություն՝ 2026 թվականի հուլիսի 27-ից Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը թույլ չտալու ուղղությամբ», — նշվում է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովի ստորագրած փաստաթղթում։
Փաստաթուղթն ուղարկվել է գերատեսչության տարածքային վարչությունների ղեկավարներին։
Նշվում է նաև, որ Մաքսային միության ռեեստրում հայկական 4 ընկերությունների՝ «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գրին Պրոդ» ՍՊԸ-ի, «Արաքս 2» արտադրական կոոպերատիվի և «Ալաշկերտ գրուպ» ՍՊԸ-ի կարգավիճակը հուլիսի 27-ից փոխվելու է՝ դառնալով «ժամանակավորապես սահմանափակված»։
«Ռոսսելխոզնադզոր»-ում ընդգծել են, որ սահմանափակումները «կապված չեն քաղաքականության հետ, այլ պայմանավորված են որակի խնդիրներով»։
Նշենք նաև, որ այսօր ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ «մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում», և անհամապատասխանություններ հայտնաբերելիս, կասեցնում է.
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,-հայտնել է ՍԱՏՄ-ն։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանը արդեն փուլային կերպով սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ներմուծվող տարբեր ապրանքների նկատմամբ՝
ծաղկային արտադրանք
ալկոհոլային խմիչքներ
«Ջերմուկ» հանքային ջուր