

Վաղվանից՝ 2026թ հունիսի 12-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը՝ ներառյալ դրանց տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ։
Որոշումը պայմանավորված է կրկնվող կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ և վերահսկողական համակարգի խնդիրներով։
։
ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում լայնածավալ սահմանափակում, որը վերաբերում է՝
Հայաստանից ներմուծվող բոլոր կարանտինային արտադրանքին
ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ իրականացվող տարանցմանը
Սահմանափակումը կգործի մինչև նոր մեխանիզմի մշակումը, որը պետք է ապահովի մատակարարումների անվտանգության և հետագծելիության վերահսկում։
Կարանտինային արտադրանք են համարվում այն ապրանքները, որոնք կարող են պարունակել բույսերի համար վտանգավոր վնասատուներ կամ հիվանդություններ։
Դրանք ենթակա են հատուկ ստուգումների՝ ներմուծումից առաջ, քանի որ կարող են վնասել գյուղատնտեսությանը, պահեստներին և արտադրական շղթային։
Կարանտինային ապրանքներ են մրգերը, բանջարեղենը, ընկույզները, չրերը, սերմերը և բուսական ծագման այլ գյուղմթերքը։
։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին ամիսներին շարունակվել են կրկնվող խախտումները։
Հունիսին արձանագրվել է 3 նոր դեպք, որոնցում հայտնաբերվել է կարանտինային վնասատու՝ կապրայի բզեզ (khapra beetle)՝
ընկույզների խմբաքանակում
չորացրած դեղձում
չորացրած լոլիկում
Ռուսական կողմը պնդում է, որ սա վկայում է մատակարարումների վերահսկողության թերությունների մասին։
Կապրայի բզեզը համարվում է կարանտինային վնասատու, որը չի հանդիպում Ռուսաստանի տարածքում և համարվում է բարձր ռիսկային տեսակ գյուղատնտեսության համար։
Այն կարող է վնասել տարբեր տեսակի պահեստավորված արտադրանք՝
հացահատիկ, հատիկավոր մշակաբույսեր, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր, ինչպես նաև դրանց վերամշակված արտադրանքը։
Վնասատուն կարող է տարածվել նաև պահեստներում, պահեստային տարածքներում, տրանսպորտային միջոցներում, ալյուրի և հացահատիկի պահեստներում, ինչպես նաև սննդի արտադրության ձեռնարկություններում։
Մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է վնասել մինչև պահեստավորված արտադրանքի 70%-ը։
։
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նշվում է, որ հայկական համապատասխան մարմնի վերահսկողությունը բավարար արդյունավետ չէ, ինչը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը։
Գերատեսչությունը նաև նշում է, որ նախկինում արդեն բազմիցս ուղարկվել են ծանուցումներ արձանագրված խախտումների վերաբերյալ։
——————————
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանը արդեն փուլային կերպով սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ներմուծվող տարբեր ապրանքների նկատմամբ՝
ծաղկային արտադրանք
ձկնամթերք
ալկոհոլային խմիչքներ
«Ջերմուկ» հանքային ջուր
Նոր որոշումը փաստացի ընդլայնում է նախկինում կիրառվող վերահսկողական սահմանափակումները։