

Երեկ՝ հուլիսի 8-ին, «Անվտանգ սնունդ» մեր ֆեյսբուքյան խմբում օգտատեր Լիլիթ Խեչոյանը ահազանգել է «Դիլի» ընկերության արտադրած մոթալ պանրի վրա բացակայում է արտադրության ամսաթիվը։ Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է։
«Շատ եմ օգտվում Դիլի կաթնամթերքից, բայց այսօր նկատեցի, որ մոթալ պանրի վրա չկա արտադրման ամսաթիվը։ Մի փչացրեք որակը և մարդկանց վստահությունը», – գրել է նա։

Ընկերությունն արձագանքել էր ահազանգին՝ շնորհակալություն հայտնելով ու խնդրի լուծման պատրաստակամություն հայտնելով։
«Ձեր նշած հարցը շատ կարևոր է։ Ապրանքի վրա ժամկետի բացակայությունը անթույլատրելի է, և մենք լիովին հասկանում ենք Ձեր անհանգստությունը։ Խնդրում ենք անձնական նամակում նշել գնման մանրամասները՝ վայրը և օրը, որպեսզի մեր թիմը կարողանա ավելի արագ ու արդյունավետ ուսումնասիրել իրավիճակը», – հայտնել էր «Դիլի»-ն։
Նրանք նաև վստահեցրել են, որ հետևում են արտադրական խիստ ստանդարտների և օգտագործում են սեփական ֆերմայի կովերի կաթ՝ «առանց արհեստական հավելումների»։
«Հավաստիացնում ենք, որ էլ ավելի հետևողական կլինենք, որպեսզի նման խնդրի այլևս չբախվեք»,-հավելել էր ընկերությունը։
Ահազանգին արձագանքել է նաև օգտատեր Նարինե Ավագյանը, ով պատմել էր նույն ապրանքի մասին իր անցած տարվա փորձից։
«Այս պանիրը խայտառակություն է։ Անցած տարի գնեցի Ավանի Պարմայից ու նետեցի աղբամանը», – նշել է նա։
Ընկերությունը նաև Նարինեին է պատասխանել՝ փորձելով պարզել խնդրի բնույթը։
«Մեզ համար շատ կարևոր է լսել ցանկացած արձագանք։ Եթե հնարավոր է, մանրամասնեք՝ արդյո՞ք ապրանքի հետ խնդիր կար, թե՞ պարզապես համային նախընտրություններին չէր համապատասխանում»։
Նարինեն նշել էր, որ խնդիր կար և հորդորել էր «հետևել որակին»։
___________
Եթե դուք ևս բախվել եք նմանատիպ խնդրի, կարող եք այն բարձրաձայնել «Անվտանգ սնունդ» խմբում.