

Վերջին օրերին միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել հանտավիրուսը, այն բանից հետո, երբ Կանարյան կղզիներից վերադարձած զբոսանավի ուղևորների շրջանում արձանագրվել են վարակման դեպքեր։
ՀՀ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տվյալներով՝ մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից 9-ը՝ հաստատված, 2-ը՝ հավանական։ Հայտնաբերված հիվանդները եղել են զբոսանավի ուղևորներ կամ ունեցել են նրանց հետ սերտ շփում։
ՀՎԿԱԿ-ը հայտնում է, որ հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որի դեպքում հնարավոր է մարդուց մարդ փոխանցում՝ հիմնականում սերտ և երկարատև շփման ժամանակ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են «շատ ցածր»։ Հայաստանում նույնպես, ըստ պաշտոնական գնահատականի, հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայում ցածր է։
ԱՀԿ-ի տվյալներով՝ հանտավիրուսները վիրուսների խումբ են, որոնք հիմնականում շրջանառվում են կրծողների շրջանում և որոշ դեպքերում կարող են փոխանցվել մարդկանց։
Վարակումը սովորաբար տեղի է ունենում՝
վարակված կրծողների մեզի,
արտաթորանքի,
թքի հետ շփման արդյունքում։
Ավելի հազվադեպ հնարավոր է նաև փոխանցում կրծողի կծելու միջոցով։
Մասնագետների խոսքով՝ առավել վտանգավոր են վատ օդափոխվող տարածքները, որտեղ կարող են բնակվել կրծողներ՝ պահեստներ, գյուղատնտեսական շինություններ, փակ տներ կամ տնակներ։
Հիվանդության առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակումից 1-8 շաբաթ անց։
Ամենատարածված ախտանիշներն են՝
ջերմություն,
գլխացավ,
մկանային ցավեր,
սրտխառնոց,
փսխում,
որովայնային ցավ։
Ծանր դեպքերում հանտավիրուսը կարող է առաջացնել՝
շնչառական ծանր խնդիրներ,
թոքերում հեղուկի կուտակում,
երիկամների ախտահարում,
արյունազեղումներ,
սրտային բարդություններ։
Հանտավիրուսային վարակները համեմատաբար հազվադեպ են ամբողջ աշխարհում, սակայն դրանց մահացության մակարդակը տատանվում է 1%-ից մինչև 15% Ասիայում և Եվրոպայում, իսկ Ամերիկայում՝ մինչև 50%:
Աշխարհում տարեկան գնահատվում է 10,000-100,000 դեպք, որտեղ վարակի ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում Ասիային և Եվրոպային:
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ Նշվում է, որ Հայաստանի «առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին»։
Ըստ ԱՀԿ-ի՝ ներկայում մարդուց մարդ փոխանցման սահմանափակ հնարավորություն հաստատվել է միայն Անդերի հանտավիրուսի դեպքում, որը հիմնականում շրջանառվում է Հարավային Ամերիկայում։
Փոխանցումը սովորաբար կապված է՝
երկարատև,
սերտ,
կենցաղային կամ ինտիմ շփման հետ։
Եվրոպայում ու Ասիայում շրջանառվող հանտավիրուսների դեպքում նման փոխանցում փաստագրված չէ։
Հանտավիրուսի ախտորոշումը վաղ փուլում դժվար է, քանի որ ախտանիշները կարող են նման լինել գրիպի, COVID-19-ի կամ այլ վարակների։
Ախտորոշման համար կիրառվում են՝
լաբորատոր հետազոտություններ,
հակամարմինների հայտնաբերում,
ՊՇՌ հետազոտություն։
Հանտավիրուսային վարակների դեմ հատուկ բուժող դեղամիջոցներ ներկայումս գոյություն չունեն։ Սակայն հիվանդների կյանքի պահպանման և վերականգնման հավանականությունը զգալիորեն բարձրանում է, երբ ժամանակին կիրառվում է աջակցող բուժում՝ հիվանդության կլինիկական դրսևորումների մանրակրկիտ վերահսկմամբ և թոքային, սրտային ու երիկամային բարդությունների կառավարումով։
Հանտավիրուսային վարակների կանխարգելման հիմնական միջոցը մարդկանց և վարակված կրծողների միջև շփումների սահմանափակումն է։
.
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս՝
պահպանել մաքրություն բնակելի և աշխատանքային տարածքներում,
փակել անցքերը, որոնցով կրծողները կարող են ներթափանցել,
սնունդը պահել անվտանգ պայմաններում,
կրծողների արտաթորանքը չմաքրել չոր ավելքով կամ փոշեկուլով,
մաքրումից առաջ խոնավեցնել աղտոտված հատվածը,
հաճախ լվանալ ձեռքերը։
Մասնագետները շեշտում են, որ ներկայում լայն հանրության համար ռիսկը ցածր է, սակայն հանտավիրուսը շարունակում է մնալ վտանգավոր վարակ, որը կարող է ծանր ընթացք ունենալ հատկապես ուշ ախտորոշման դեպքում