Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել նաև «Էլոլա» ընկերության չանախ պանրում, և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը ևս կասեցվել էր։