

Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն անդրադարձել է anvtangsnund.am-ի սեպտեմբերի 15-ի հրապարակմանը, որում գտել և ներկայացրել էինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024թ. միրգ-բանջարեղենի մոնիթորինգի արդյունքները։
Ըստ հրապարակված տվյալների՝ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում թունաքիմիկատների գերազանցում է հայտնաբերվել։
Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Հայաստանի գյուղատնտեսական 4 հիմնական մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն և Կոտայք։

Մոնիթորինգի տվյալներում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումնր և ծանր մետաղներ, հատկապես՝ կադմիում։
Հ. Մնացականյանն ընդգծել է, որ թեման վերաբերվում է բոլորիս և ընդգրկում է 3 ոլորտ՝ բնապահպանություն, առողջապահություն և գյուղատնտեսություն.
«Ես ուզում եմ՝ էս թիվը պատկերացնեք {ամեն 2-րդ, հեղ.}։ Սա, ոնց որ, վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես, որովհետև ոչ ոքս պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից»,-ասել է նա։
Պատգամավորն անդրադարձել է նաև 2025 թվականին anvtangsnund.am-ի նույն թեմայով հրապարակված նախորդ հետաքննությանը, որի շրջանակում գիտնականները հաշվարկել էին, որ Հայաստանի բնակչության 20%-ը կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսնկյունից։
Նա հիշեցրել է, որ դրան հաջորդած ՍԱՏՄ-ի մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատու պաշտոնյան հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենը հանրությունը կարող է հանգիստ օգտագործել։
«Այսինքն՝ երբ ՍԱՏՄ-ի պատասխանատուն մամուլի ասուլիսով հայտարարում էր այս մասին, ինքը գիտեր իրականությունը և ստում էր»,-ասել է նա։
Մնացականյանը մտահոգություն է հայտնել, որ մենք, օգտագործելով Հայաստանում արտադրված սնունդը, մեծ ռիսկի տակ ենք դնում մեր երեխաների, մեր ծնողների առողջությունը։
Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ խնդրի պատասխանատուն, իր գնահատմամբ, գյուղացին չէ.
«Ես չեմ եկել էստեղ գյուղացուն մեղադրելու։ Նա չի կարող պատկերացնել և հստակ չափորոշիչներ սահմանել՝ ինչպես օգտագործի թունաքիմիկատները։ Դրա համար պետք է կոնկրետ վերահսկողություն»,-ասել է պատգամավորը՝ ընդծելով, որ պատասխանատու մարմինները թաքցրել են տվյալները և փափուկ բարձ դրել մարդկանց գլխի տակ։
Ավելին, հիմա էլ ռիսկերի վերլուծություն են ներկայացրել՝ առանց դրա համար անհրաժեշտ գիտական հիմքի և լիազորության։ Վերջերս էլ նաև օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, որոնք, ըստ Հ. Մնացականյանի, պետք է իրականացվեն հիմա, այլ ոչ թե հերթական մոնիթորինգից հետո։
Միաժամանակ, նա ներկայացրել է, թե ինչ կոնկրետ քայլեր է առաջարկում իրականացնել.
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 14-օրյա ժամկետում պետք է ամբողջությամբ հրապարակի 2024թ. մոնիթորինգի արդյունքները՝ ըստ մթերքի, ըստ նյութի, ըստ քանակի և ըստ մարզի, ոչ թե ընդհանուր տոկոսներով, այլ այնպես, որ քաղաքացին կարողանա հասկանալ»,-ասել Հ. Մնացականյանը։
Նա պահանջել է նաև ԱԺ-ի պրոֆիլային հանձնաժողովում խորհրդարանական լսումներ անցկացնել՝ ՍԱՏՄ, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների ու պատգամավորների մասնակցությամբ։
«Պաշտոնյաները պետք է այս պատերի ներսում պատասխանեն՝ ինչու են մեկուկես տարի պահել այն, ինչը պարտավոր էին հրապարակել։ Եթե պաշտոնյան, ունենալով տվյալներ, հանրությանը հակառակն է ասել, դա ոչ թե հաղորդակցության թերություն է, այլ հանրային առողջության հանդեպ անպատասխանատվություն։ Սա ասում եմ մեղմ, իսկ ավելի կոպիտ պետք է լինի՝ հանցավոր անպատասխանատվություն։ Չի կարելի, չի կարելի այսպես շարունակել»,- եզրափակել է նա։
.
Կարդացեք նաև՝
- Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
- «Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան
- Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը
- Խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել. ՍԱՏՄ պատասխանը
- Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ ուտել, երբ չկա վերահսկողություն
- Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը