Wildberries-ում վաճառվող ֆրանսիական հայտնի La Roche-Posay-ի դեմքի խնամքի կրեմի որոշ նմուշներում հայտնաբերվել է քաղցկեղածին բենզոլ։ Այսօր սա հաստատել է «Ռոսպոտրեբնադզորը»՝ նշելով, որ այլ տեղից գնված նույն ապրանքում այդ նյութը չի հայտնաբերվել։
Wildberries-ում վաճառվող La Roche-Posay ընկերության Effaclar Duo+M կրեմներում «Ռոսպոտրեբնադզորը» հայտնաբերել է թունավոր նյութ՝ բենզոլ, որը կարող է առաջացնել քաղցկեղ։ Այս մասին նշվում է Ռոսպոտրեբնադզորի պատասխանում՝ ուղղված ՌԴ Պետդումայի առողջապահության պահպանության հարցերով կոմիտեի նախագահ Սերգեյ Լեոնովի դիմումին։
Բենզոլը գունազուրկ, հեշտությամբ գոլորշացող հեղուկ է՝ բնորոշ անուշաբույր հոտով, որն օգտագործվում է որպես լուծիչ և քիմիական նյութերի արտադրության հումք։ Սակայն այն համարվում է ապացուցված քաղցկեղածին նյութ՝ առողջության վրա լուրջ ռիսկերով։
Ըստ ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության (HHS), Ամերիկյան քաղցկեղի միության (American Cancer Society) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝, բենզոլը կարող է՝
- Վնասել ոսկրածուծը
- Արյան բաղադրության խանգարումների պատճառ դառնալ
- Բարձրացնել լեյկեմիայի և այլ քաղցկեղների առաջացման հավանականությունը, նույնիսկ ցածր կոնցենտրացիաների երկարաժամկետ ազդեցության դեպքում
Դեռևս 2024թ. մարտին Լեոնովը դիմել էր «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովային՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ՌԴ քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ La Roche-Posay ընկերության կոսմետիկ միջոցներում հայտնաբերվել է քաղցկեղածին բենզոլ։
Նրա խոսքով՝ այս ընկերության Effaclar Duo կրեմը մինչ այժմ վաճառվում է Ռուսաստանի դեղատներում, կոսմետիկ խանութներում և էլեկտրոնային առևտրի հարթակներում (մարկետփլեյսներում)։
«Wildberries հարթակի միջոցով ձեռք բերված նմուշը՝ սպառողական փաթեթավորման վրա օտար լեզվով մակնշված LA ROCHE-POSAY EFFACLAR DUO+M SOIN TRIPLE CORRECTION ANTI-IMPERFECTIONS, 40 մլ ծավալով, չի համապատասխանում Մաքսային միության «Օծանելիքա-կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և պարունակում է բենզոլ», – ասված է Պոպովայի պատասխանում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ըստ Մոսկվայի Հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնի փորձագիտական եզրակացության՝ «Eapteka» կայքից գնված նույն կրեմը համապատասխանում է օրենսդրական պահանջներին և բենզոլ չի պարունակում։
«Ռոսպոտրեբնադզորից» նաև հայտնել են, որ նամակ են ուղարկել Wildberries-ին՝ պահանջելով կանխել հիշյալ ապրանքի վաճառքը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ գերատեսչությունը համացանցում իրականացրել է տարբեր էլեկտրոնային առևտրի հարթակների մոնիթորինգ և հայտնաբերել նմանատիպ օծանելիքա-կոսմետիկ արտադրանքի վաճառք։
Նշվում է, որ «Ռոսպոտրեբնադզորն» այս տեղեկությունն է ուղարկել Մոսկվայի դատախազությանը՝ վերահսկողական միջոցառումների անցկացման պահանջի հարցը քննարկելու նպատակով։
«Շնորհակալություն եմ հայտնում «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Յուրևնա Պոպովային քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը ցուցաբերած ուշադիր վերաբերմունքի, ինչպես նաև՝ իրականացված ստուգման և ստացված արդյունքների համար։ Դրանք չափազանց կարևոր դուրս եկան և հերթական անգամ ապացուցեցին, որ ավելորդ չէ ստուգում անցկացնել՝ հույսը չդնելով վաճառողների բարեխղճության և կանոնակարգի կատարյալ պահպանման վրա։ Իրականությունը ցույց տվեց հակառակը», – ասել է Լեոնովը РИА Новости-ին։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Միջազգային քաղցկեղի հետազոտության գործակալությունը (IARC) դասակարգել է բենզոլը որպես 1-ին խմբի քաղցկեղածին նյութ, ինչը նշանակում է, որ դրա քաղցկեղածինությունը հաստատվել է մարդկանց վրա։