Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: