

Հոկտեմբերի 30-ին մեր «Անվտանգ Սնունդ» ֆեյսբուքյան խմբում Անի Ավետիսյանն ահազանգել էր «Barilla» ապրանքանիշի մակարոնեղենի փաթեթում որդեր հայտնաբերելու մասին։
«Բարիլայի նոր տուփը բացել եմ, եւ այս որդերը ուրախ դիմավորեցին»,- գրել էր նա՝ հրապարակելով դեպքը ներկայացնող լուսանկարները։

Նոյեմբերի 3-ին նույն սպառողը խմբում անդրադարձել է նաև դեպքի շարունակությանը։ Նրա խոսքով՝ հրապարակումից հետո իր հետ կապ են հաստատել Andaco ընկերության ներկայացուցիչները, որոնք Հայաստանում ներկայացնում են Barilla ապրանքանիշը։
Սպառողը նշել է, որ ընկերության ներկայացուցիչները բարեհամբույր և պատասխանատու մոտեցում են ցուցաբերել, վստահեցրել են, որ խնդիրը կուսումնասիրեն և համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Ավելի ուշ նա նաև ընկերության կողմից նվեր է ստացել։
«Ինձ համար ամենակարևորը ոչ թե նվերն էր, այլ այն, որ ընկերությունը չանտեսեց սովորական սպառողի բարձրաձայնած խնդիրը»,- գրել է սպառողը՝ շնորհակալություն հայտնելով ընկերությանը արձագանքի համար։
Ինչ արդյունք է տվել ընկերության ուսումնասիրությունը, պարզվե՞լ է արդյոք փաթեթում որդերի հայտնվելու պատճառը, և ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել՝ նման դեպքերը կանխելու համար։
anvtangsnund.am-ը պատրաստ է ներկայացնել նաև ընկերության պարզաբանումն ու ուսումնասիրության արդյունքները։