

Կասեցվել է «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասի (Երևան, Սեբաստիա 143) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս», «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
—-
ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
«Սիթի» ՍՊ ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։