Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնաձորը) դիմել է Հայաստանի պետական մարմիններին՝ պարզելու «Կորովկա իզ Կորենովկի» / «Коровка из Кореновки» ապրանքանիշի ռուսական պաղպաղակի ներկրման վրա դրված արգելքի պատճառները։
Ռուսական կողմը վստահեցնում է, որ իր մոնիթորինգի արդյունքներով՝ ապրանքի անվտանգության կամ որակի խախտումներ չեն արձանագրվել։
«Հաշվի առնելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական «Фабрики настоящего мороженого» / «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերության կողմից արտադրված «Կորովկա իզ Կորենովկի» ապրանքանիշի պաղպաղակի ներկրման ժամանակավոր արգելքի մասին՝ Ռոսպոտրեբնաձորը տեղեկացնում է, որ իր կողմից իրականացված մոնիթորինգի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի անվտանգության և որակի, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքեր չեն արձանագրվել», — նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ռոսպոտրեբնաձորն արդեն դիմել է Հայաստանի պատասխանատու պետական մարմիններին (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին) ՝ խնդրելով տրամադրել լրացուցիչ տեղեկություն, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության արդյունքները։
Ռուսական ծառայության ներկայացուցիչներն ընդգծել են, որ սննդամթերքի անվտանգության և որակի նկատմամբ մոնիթորինգն իրենց գերակայություններից է։
Հիշեցնենք, որ 2025թ․ հուլիսի 2-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ արգելել է ռուսական «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերության արտադրած՝ 2025թ․ մարտի 7-ին արտադրված էսկիմոյի խմբաքանակի ներկրումը Հայաստան, քանի որ ներկայացված նմուշներից մեկում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։
Նշենք, որ արտադրողը՝ «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերությունը, հայտարարեց, որ չի ստացել Հայաստանից պաշտոնական եզրակացություն տվյալ խմբաքանակի վերաբերյալ։