
Այսօր՝ հուլիսի 23-ին, «Անվտանգ սնունդ» մեր ֆեյսբուքյան խմբում Լիլիթ Ա.-ն ահազանգել է, որ գնել է «Yeremyan Products»-ի ազնվամորու յոգուրտ, որի մեջ միջատանման բան է եղել։
«Սա էլ «Երեմյան» ֆիրմայի յոգուրտը՝ այս օրվա ժամկետով, բացում եմ, մեջը՝ սև բլոճ»,-գրել էր նա։
«Yeremyan» ընկերությունն արձագանքել էր ահազանգին և ներողություն խնդրել.
«Շնորհակալ ենք գրառման համար: Խնդրում ենք անձնական նամակով տրամադրել հեռախոսահամար՝ հետադարձ կապի համար: Կանխավ շնորհակալ ենք»։
Ընթերցողները գրառման ահազանգում պատմել են իրենց փորձի մասին՝ նշելով, որ նույնպես հանդիպել են նմանատիպ խախտումներ
«Վերջին երկու անգամ տարբեր սուպերմարկետներից յոգուրտ եմ գնել, և երկու դեպքում էլ այն շատ վատ որակի էր։ Չնայած ժամկետի մեջ էր, անհամասեռ զանգվածի էր նման՝ պլաստիլինի պես պինդ, և ակնհայտորեն չէր համապատասխանում սպասելիքների»,-հայտնել է ր Արփի Ադամյանը։
Նա նշել էր, որ այդ դեպքերից հետո այլևս չի օգտվում ընկերության արտադրանքից։
«Ցավալի է, որովհետև մի ժամանակ այն մեր ընտանիքի ամենասիրելի ապրանքանիշերից էր. և՛ յոգուրտը, և՛ կաթը միշտ բարձր որակով էին, և վստահությամբ էինք գնում»,-եզրափակել էր նա։
Նշենք, որ միջատը սննդամթերքում կարող է հայտնվել տարբեր փուլերում՝ հումքի հավաքման և մշակման, արտադրության, փաթեթավորման, պահեստավորման կամ տեղափոխման ընթացքում։
Մրգային յոգուրտների դեպքում հնարավոր աղբյուրներից մեկը նաև մրգային հումքն է. եթե դրա տեսակավորման կամ մշակման որևէ փուլում միջատը չի հեռացվել։