

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
ՄԱՄՔ- ( մեզոֆիլ աէրոբ մանրէներ, որոնց թվում կարող են լինել պոտենցիալ ախտածին տեսակներ): Մանրէաբանական ցուցանիշ է, որն օգնում է գնահատել արտադրանքի հիգիենիկ վիճակը և արտադրության, պահպանման ու իրացման պայմանները։ Ցուցանիշի թույլատրելի քանակի գերազանցումը կարող է վկայել արտադրության կամ շշալցման ընթացքում հիգիենիկ պահանջների կամ տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև պահպանման և իրացման ոչ պատշաճ պայմանների մասին։
Խմորասնկեր և բորբոսասնկեր — միկրոօրգանիզմներ են, որոնք կարող են զարգանալ սննդամթերքում և ըմպելիքներում։ Դրանց բարձր քանակը կարող է վկայել արտադրության, շշալցման, պահպանման կամ տեղափոխման ընթացքում հիգիենիկ պահանջների խախտումների կամ ոչ պատշաճ պահպանման պայմանների մասին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: