
Հունիսի 24-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնեց, որ «Դիլի» ընկերության մի շարք ապրանքների լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Հաջորդ օրն ընկերությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
։
Հարգելի սպառողներ, գործընկերներ, հանրություն,
Անդրադառնալով ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից «Դիլի» ընկերության վերաբերյալ հրապարակված հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ նշված հարցը գտնվում է ընկերության ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և մենք դրան վերաբերվում ենք առավելագույն պատասխանատվությամբ։
Այս պահին ընկերության կողմից իրականացվում է իրավիճակի համակողմանի ուսումնասիրություն։ Կատարվում են արտադրական համակարգի լրացուցիչ ստուգումներ և ներքին վերահսկողության ուժեղացման աշխատանքներ՝ հնարավոր որևէ թերացում բացառելու համար։ Միաժամանակ, գործընթացի լիարժեք օբյեկտիվությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով՝ մեկնարկել են աշխատանքներ՝ հաղորդագրության մեջ նշված արտադրատեսակներն անկախ լաբորատոր փորձաքննության հանձնելու համար։
«Դիլի» ընկերության համար սպառողների առողջությունն ու անվտանգությունը բացարձակ արժեքներ են, իսկ բարձր որակի և անարատ կաթնամթերքի մատակարարումը՝ մեր գործունեության հիմնարար սկզբունքը։
Գործընթացի ավարտից և փաստացի տվյալների ամփոփումից հետո, հանդես կգանք համապատասխան և սպառիչ պարզաբանմամբ։
Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ մեր սպառողներին որակյալ և անվտանգ կաթնամթերք ապահովելու համար։
Շնորհակալ ենք վստահության համար։
«Դիլի» ընկերության տնօրինություն