
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Դիլի» ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։
Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
Խմորասնկեր և բորբոսասնկեր — միկրոօրգանիզմներ են, որոնց քանակի ավելացումը կարող է վկայել արտադրության, պահպանման կամ տեղափոխման ընթացքում սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների մասին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: