Կառավարությունը երկարաձգել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի պահանջը՝ 2025թ. հուլիսի 1-ի փոխարեն ժամկետ սահմանելով սեպտեմբերի 1-ը։ Որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 26-ի նիստում։
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:
«Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը և ներդնել փուլային կարգով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Օրեր առաջ խնդրի մասին ահազանգել էր «Անկախ դեղատների ասոցացիան»՝ նշելով, որ դեղատները 2024թ. մարտի 1-ից սկսած մինչ օրս տուգանվում են, քանի որ դեղերը բաց են թողնվում առանց էլեկտրոնային դեղատոմսերի։
«Դեղատնային կազմակերպությունները պնդում են, որ «ԱՐՄԵԴ» համակարգը չի աշխատում, և բժիշկները չեն գրում էլեկտրոնային դեղատոմսեր, բայց գրում են թղթային տարբերակով, որոնց հիման վրա հիվանդների տրամադրվում է դեղերը։
Արդյունքում, Տեսչական մարմինը (նկատի ունի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հեղ.), բացարձակ չընդունելով դեղատների ներկայացրած փաստարկները և թղթային դեղատոմսերը, այնուամենայնիվ, միլիոնավոր ՀՀ դրամների հասնող տուգանքներ է կիրառում դեղատների պատասխանատուների նկատմամբ՝ տանելով սննկացման։
Մեկ տարուց ավելի է այս իրավիճակը չի կարգավորվում, իսկ տուգանքների կիրառումը շարունակվում է։ Ստացվում է օրենքը և որոշում նախատեսված է եղել միայն տուգանք կիրառելու համար»,- նշված էր Անկախ դեղատների ասոցացիա»-ի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք նաև, որ Առողջապահության նախարարությունը նաև նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում է խստացնել դեղատոմսով դեղերի իրացման վերահսկողությունը՝ սահմանելով տուգանքներ ինչպես դեղատների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների ղեկավարների համար։ Ընդ որում, ըստ այդ նախագծի՝ դեղերն առանց դեղատոմսի վաճառելու դեպքում կարող է կիրառվել մինչև 10 մլն դրամ տուգանք։
Անդրադառնալով նախագծին՝ «Անկախ դեղատների ասոցացիան» արձանագրել է, որ մեկ տարուց ավելի ժամանակահատվածում «ԱՐՄԵԴ» համակարգը պատշաճ չի գործում տարբեր պատճառներով, բայց արդյունքում տուգանելու են առողջապահական մասնագիտական կազմակերպությունների պատասխանատու անձանց։
«Հարց է առաջանում պետական պաշտոնյաները կամ աշխատակիցները, ովքեր մշակել և նախաձեռնել են այս չգործող կարգերի ներդումը և կիրառումը, արդյո՞ք որևէ պատասխանատվություն չեն կրում։
Միթե այս ժամանակահատվածում լիազոր մարմինը, որևէ վերլուծություն չի իրականացրել առ այն, որ վարչարարությամբ, տուգանքներով կամ տուգանքների ավելացմամբ կամ պատասխանատուների ավելացմամբ առկա խնդիրը չի կարգավորվելու, չի լուծվելու»,- ասված է «Անկախ դեղատների ասոցացիա»-ի հայտարարությունում։