Առողջապահության նախարարությունը օրենքի նոր նախագծով առաջարկում է խստացնել դեղատոմսով դեղերի իրացման վերահսկողությունը՝ սահմանելով տուգանքներ ինչպես դեղատների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների ղեկավարների համար։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Դեղերի մասին» օրենքում և տուգանք սահմանել առանց դեղատոմսի դեղերը բաց թողնելու յուրաքանչյուր իրացման դեպքով։ Բացի այդ, նախարարության առաջարկով բժշկական կազմակերպության ղեկավարը կպարտավորվի հսկողություն իրականացնել դեղատոմսերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրելու նկատմամբ։
Նախագիծը հանրային քննարկմանն է դրվել e-draft.am հարթակում։ Ուժի մեջ մտնելու համար, այն դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովում։
Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելու դեպքում կսահմանվի տուգանք՝
Բացի այդ, տուգանք կսահմանվի նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր դուրս գրելու կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար դեղատոմս դուրս չգրելու համար։
Մինչև 5 դեղատոմսի դեպքում տուգանքը կլինի սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 դրամ, 5 և ավելի դեղատոմսի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկը՝ 250 000 դրամը։
Դեղատոմսերն օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրելու նկատմամբ բժշկական հաստատության ղեկավարի կամ նրա կողմից նշանակված պաշտոնատար անձի կողմից հսկողություն չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, որը հանգեցրել է բժշկի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր դուրս գրելուն կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար դեղատոմս դուրս չգրելուն՝ կտուգանվի՝ յուրաքանչյուր դուրս չգրված կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթով դուրս գրված դեղատոմսի համար՝
Առողջապահության նախարարության առաջարկով՝ միաժամանակ հանվում է վերոնշյալ արարքները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար օրենսգրքով սահմանված առավել խիստ (կրկնապատիկի չափով) վարչական պատասխանատվության միջոցը:
Գործող կարգավորումների համաձայն` վարչական պատասխանատվություն նախատեսված էր միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր գրելու համար: Ինչպես նաև վարչական պատասխանատվությունը սահմանված էր յուրաքանչյուր անվանմամբ դեղի դուրս գրման և իրացման դեպքի համար:
«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործող կարգավորումների համաձայն վարչական պատասխանատվություն է նախատեսված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելու համար, նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել ոչ թե յուրաքանչյուր անվանմամբ դեղի իրացման համար, այլ յուրաքանչյուր իրացման դեպքով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։