Օրերս Ֆեյսբուքի մեր «Անվտանգ սնունդ» խմբում Եվա Բարիկյանն ահազանգել էր, որ դեղատնից գնել է հայկական արտադրության կատվախոտի՝ վալերիանայի արմատներ, որի մեջ, սակայն, եղել է «ինչ ասես, բացի արմատներից»։
«Սիրելի անբարեխիղճ հայ արտադրող, ամոթ քեզ
Գնել ենք կատվախոտ (վալերիանայի արմատներ), բայց արմատներից բացի ինչ ասես չկար տուփի մեջ՝ է’լ ճանճ,է’լ քար,է’լ հող,արդեն կասկածելի է՝արմատներն արդյո՞ք կատվախոտի են։
Երբ տուփը բացեցի,ինձ պետք եկած չափաժինը լցրեցի առանձին տարայի մեջ թրմելու,հողի փոշին վերև բարձրացավ,տուփի միջից շատ ուժեղ հողի հոտ էր գալիս,այդտեղից էլ սկսեցի զննել ու ահա պարունակությունը։
Գնել ենք դեղատնից((( »
«Անվտանգ սնունդ» խմբի գրառումը
Մեկնաբանություններում մարդիկ նույնպես նշել էին, որ դժգոհություններ ունեն այս ընկերության ապրանքից։
«Ես էլ գնել եմ սենա թեյը ժամկետի մեջ էր, բայց ցեցոտած վիճակ էր»,- Դիանա Կարապետյան
«Մի անգամ երիցուկ գնեցի մեջը բացի երիցուկից ինչ ասես կար»,- Մարիամ Ղազարենց
Հրապարակման արձագանքել էր արտադրող «Անթառամ» ընկերությունը, որը ներողություն էր խնդրել և առաջարկել փոխարինել արտադրանքը։
Ապա հայտնել էր, որ «հրապարակման մեջ նշված հողը արմատների փոշին է»։
«Դա փաստում է այն հանգամանքը, որ ջրաթուրմ պատրաստելիս այն փոխարեն տարայի հատակը սուզվելու, բարձրացել է ջրի մակերեսին»,-հայտնել էր ընկերությունը։
Բացի այդ, ընկերությունը շնորհակալություն էր հայտնել բողոքի համար՝ նշելով, որ «այն վստահաբար օգնելու է ավելի լավը դարձնել իրենց արտադրանքը և արտադրական գործընթացը»։
Ապա «Անթառամ» ընկերությունը մանրամասն պարզաբանում էր ներկայացրել ճանճի, հողի և քարերի հնարավոր առկայության մասին՝ նշելով, որ, հաշվի առնելով նման մտահոգությունները, «ամիսներ առաջ որոշում են կայացրել հրաժարվելու աճեցվող և վայրի հավաքից ստացվող բնական կատվախոտի մթերումից և անցնել հիդրոպոնիկ ծագման ներմուծվող հումքերի»։
Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
Նախ և առաջ հրապարակման մեջ նշված հողը դա արմատների փոշին է։ Դա փաստում է այն հանգամանքը, որ ջրաթուրմ պատրաստելիս այն փոխարեն տարայի հատակը սուզվելու, բարձրացել է ջրի մակերեսին։ Հողի կամ կավի տեսակարար կշիռը՝ խտությունը կազմում է առնվազն 1․5 գ/խ․մ․ որը 1 գ/խ․մ․ տեսակարար կշիռ ունեցող ջրում խառնվելիս արագորեն կսուզվեր ջրի հատակին։ Հոտի մասին․ կատվախոտի արմատները պարունակում են վալերիանաթթվի ածանցյալներ։
Այս նյութերը կատվախոտի արմատների ազդող նյութերն են և այս նյութերի պարունակությամբ և քանակով է որոշվում հումքի լավորակությունը։ Ցավոք այս նյութերը բուրավետ են և նրանց պատճառով արտադրանքից կարող են զգացվել հողի, փայտի, սխտորի, նեխած մսի և անգամ ոտքերի հոտեր։ Օրինակ ոտքերի տհաճ հոտը պայմանավորված է լեյցին ամինաթթվի բակտերիալ քայքայմամբ առաջացող իզովալերիաթթվով, որը պարունակվում է նաև կատվախոտի արմատներում։
Ճանճի մասին․
Այս նյութերի բույրերը բավականին կայուն և չանցնող են, նաև նրանցով է պայմանավորված դեղատների յուրահատուկ հոտը։ Այս նյութերը գրավիչ են կատուների, շնազգիների, կրծողների, մոծակների, ճանճերի և տարատեսակ այլ միջատների համար։ Պահեստավորման և արտադրության փուլերից որևէ մեկում ցավոք հնարավոր չի եղել բացառել ճանճի արտադրանքում հայտնվելը։
Քարերի մասին․
Կատվախոտը ունի երկար և կարճ արմատներ, դրանք ձևավորում են փնջաձև կառուցվածք։ Ներկայացված նկարի ստորին աջ կողմի զանգվածը դրանք ըստ երևույթին նույնպես բույսի արմատների մասնիկներ են։ Նկարի ստորին միջնամասի զանգվածը ենթադրաբար կարող է ունենալ հանքային/քարային ծագում։ Պայմանավորված արմատների փնջաձև կառուցվածքով և բույսի աճման առանձնահատկություններով , արմատները կարող են սերտաճել նման ծագման մասնիկների հետ և երբեմն հնարավոր չէ բացառել դրանց առկայությունը վերջնական արտադրանքում։ Այս պատճառով է, որ ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի թույլատրվում է նման ծագման նյութերի որոշակի պարունակություն կատվախոտի արմատներում։
Այնուամենայնիվ նման իրավիճակներում սպառողների անհանդուրժողականությունը ընկալելի և ընդունելի է։ Ուստի մենք, հաշվի առնելով նման մտահոգությունները և բոլորին այս տեղեկատվությունը ներկայացնելու անհնարինությունը, հետագա տարակարծություններից խուսափելու նպատակով ամիսներ առաջ որոշում ենք կայացրել հրաժարվելու աճեցվող և վայրի հավաքից ստացվող բնական կատվախոտի մթերումից և անցնել հիդրոպոնիկ ծագման ներմուծվող հումքերի։ Վերը ներկայացված բացատրությունների իսկությունը կարելի է ստուգել բազմաթիվ հանրամատչելի և մասնագիտական տեղեկատվական աղբյուրներից։
Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը այս բացասական փորձառության համար։