

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում (վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՍԱՏՄ), ո՛չ որպես դեղամիջոց (վերահսկում է Առողջապահության նախարարությունը, հեղ.):
ՍԱՏՄ-ն օրերս հայտնել է, որ պետական վերանհսկողություն կիրականացնեն հրապարակման հիման վրա, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նշված հարցն իր իրավասություններից դուրս է։
«Անվտանգ սնունդ» կայքը հուլիսի 3-ին հոդված էր հրապարակել և պարզել, որ հայկական դեղատներում և սոցիալական ցանցերում վաճառվում են գրանցում չունեցող թուրքական նիհարեցնող «Efsun Form» թեյը, սուրճը և նույնանուն կապսուլաները:
Դրանք ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»: Որոշ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջեր խոստանում են, որ նիհարեցնող միջոցներն օգնում են նիհարել 4-6 կգ, որոշները՝ 6-9 կգ՝ մեկ ամսում:
«Efsun form» ապրանքատեսակները Հայաստան է ներմուծում և իրեն պաշտոնական ներկայացուցիչ է անվանում «Աիդա Արիսյան Սամվելի» ԱՁ-ն:
«Որ հետո քաշը չավելանա, թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը, ինքը լավ պահում է: Թեյը խմեք, վերջացրեք, կարող եք հետո կապսուլան խմել: Կապսուլայով էլ են իջնում, բայց կապսուլայով, սովորաբար, իջած քաշը պահում են: Կապսուլան քաշը պահողն ա»,- այսպես ասաց մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Աիդա Արիսյանը՝ խորհուրդ տալով նախ նիհարել թեյի միջոցով, որից հետո փորձել խմել դեղապատիճները.
Քանի որ վաճառվող միջոցներից մեկը նաև դեղապատիճով էր և պատշաճ չէր փորձաքննվել, հայտնի չէր դրա դոզավորումը, որպեսզի պարզ լինի՝ այն դե՞ղ է, թե՞ կեսնաբանական ակտիվ հավելում, մենք դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզել, թե «Efsun Form» դեղապատիճներն ինչ են, քանի որ գրանցված չեն ո’չ որպես դեղ, ո’չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, սակայն ազատ վաճառվում են նաև դեղատներում։
Ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունը պարզապես հայտնել էր, որ իր իրավասությունների շրջանակում է միայն դեղերի շրջանառությունը: Այնուհետև, հղում անելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին, բացատրել էր, թե ինչ է դեղը:
Մենք նաև հետաքրքրվել էինք՝ նշված հարցի շրջանակում, հանրային առողջության ապահովման նպատակով ի՞նչ գործողություններ է նախատեսում իրականացնել նախարարությունը, քանի որ դեղատներում վաճառվող չգրանցված նիհարեցնող միջոցները (կապսուլաները) պատշաճ չփորձաքննված չէն, հայտնի չէ՝ ինչ նյութեր են պարունակում։
Այս հարցին էլ Առողջապահության նախարարությունը արձագանքել էր՝ հղում անելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի մեկ այլ հոդվածի.
«Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»: