l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
Ձուն՝ առանց սառնարանի, բաց պանրի և կարագի կողքին․ մարդիկ ահազանգում են սխալ պահման պայմանների մասին
20.08.2025
2025-ին Հայաստանում գրացնվել է Արևմտյան Նեղոսի տենդի 2 դեպք
25.08.2025
Ցույց տալ բոլորը

Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ

22.08.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Հանրային առողջություն
  • Տեսանյութեր
Թեգեր
  • Առողջապահություն
  • բանջարեղեն
  • թունաքիմիկատներ
  • Հասարակություն
  • հետաքննություն
  • միրգ

● Տաթև Խաչատրյան ● Անի Սարգսյան

Պատկերացրեք, որ ամեն օր շուկայից գնելով ամենաթարմ միրգն ու բանջարեղենը, դուք կարծում եք, թե հոգ եք տանում ձեր, ձեր ընտանիքի և ձեր երեխաների առողջության մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իմանաք, որ դրանով դուք մեծացնում եք քաղցկեղի և մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

-Ինչպե՞ս,-կասեք դուք,-անհավատալի է։

Մենք էլ այդպես կասեինք մինչև 2024թ.-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած պետական մոնիթորինգի արդյունքները տեսնելը, ըստ որի՝ լայն սպառում ունեցող տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին քաղցկեղածին թունաքիմիկատների անթույլատրելի քանակներ։ 

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք, պարզվում է, մենք կերել ենք այս տարիների ընթացքում խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

Սրան զուգահեռ, վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը 45%-ով ավելացել է. բժիշկները փաստում են՝ սննդի որակի և քաղցկեղի միջև կապ կա, գենետիկներն էլ հաստատում՝ սնունդն ազդում է գեների, այսինքն նաև՝ հետագա սերունդերի առողջության և կյանքի որակի վրա։

Հետևաբար, մենք որոշեցինք ոչ միայն մանրամասն ուսումնասիրել այդ մոնիթորինգների արդյունքները, այլև՝ գիտական կենտրոնի հետ համատեղ հաշվարկել իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը՝ հասկանալու՝ ինչպես է սնունդն ազդում քաղցկեղի զարգացման վրա։ 

Ինչպե՞ս են մշակվում դաշտերը, ո՞ր թունաքիմիկատներն են ամենաշատն օգտագործվում, և արդյոք դրանք ճիշտ են կիրառվում, ի՞նչ են մինչ օրս արել և անում պատասխանատու պետական մարմինները, և, վերջապես, ի՞նչ է իրականում հայտնվում մեր «առողջ» ափսեի մեջ։

Ամիսներ տևած այս հետազոտությամբ՝ գտանք այս և մի շարք այլ հարցերի պատասխանները։

 

Ֆիլմը՝ նյութի վերջում

 

 

 

«Պեստիցիդների մնացորդային քանակները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության համար». ՍԱՏՄ

2024թ. փետրվարի 26-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել՝ հրապարակելով 2019թ.-ին և 2021թ.-ին իրականցված պետական մոնիթորգինգի արդյունքները, ըստ որի՝ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին «պեստիցիդների {թունաքիմիկատների} մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր»։

“Թունաքիմիկատները (պեստիցիդներ), ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք քիմիական կամ կենսաբանական միացություններ են, որոնք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։

ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գնահատմամբ՝ վնասատուներն ու հիվանդությունները տարեկան նվազեցնում են բերքը 20-40%-ով։

Հաշվարկված է, որ թունաքիմիկատները 30-70%-ով ավելացնում են մրգերի, բանջարեղենի, հատիկեղենի բերքատվությունը։

  • Թունաքիմիկատների հիմնական տեսակներն են՝
  • Միջատասպաններ (ինսեկտիցիդներ)՝ վնասատու միջատների դեմ
  • Սնկասպաններ (ֆունգիցիդներ)՝ սնկային հիվանդությունների դեմ
  • Խոտասպաններ (հերբիցիդներ)՝ մոլախոտերի դեմ
  • Բակտերիասպաններ (բակտերիցիդներ)
  • Կրծողասպաններ (ռոդենտիցիդներ)՝ սահմանափակ կիրառմամբ

2019թ-ին փորձաքննվել էր 17 տեսակի միրգ-բանջարեղեն, 2021թ-ին՝ 13, որոնց մի մասում հայտնաբերվել էին տարբեր թունաիքիմիկատների գերազանցումներ։

«Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք։

Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինպես նաև՝ սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից»,- հայտնել էին ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության հետևանք է՝ հորդորելով ճիշտ, տեղին և ժամանակին կիրառել թունաքիմիկատները։ 

ՍԱՏՄ-ն նաև հայտնել էր, որ տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն տրամադրել.

«Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր»,- եզրափակել էր ՍԱՏՄ-ն։

Ի՞նչ մնացորդային նյութեր էին դրանք, ո՞ր մրգերում և բանջարեղեններում էին հայտնաբերվել, որքա՞ն են գերազանցել թույլատրելի շեմն ու արդյո՞ք դա իսկապես վտանգավոր է մեր՝ սպառողներիս «կյանքի և առողջության համար»։ Ի վերջո, ինչու՞ է պետական վերահսկող մարմինն այս ամենի մասին հայտնում 3 և 5 տարի ուշացումով, երբ նշված մթերքը վաղուց արդեն սպառվել է։

Այս հարցերի պատասխանը, ՍԱՏՄ-ն, ցավոք, չէր տվել հաղորդագրության մեջ։ 

 

Բիֆենտրին՝ խաղողի բոլոր նմուշներում, դիմետոատ՝ խնձորի ամեն 3-րդ նմուշում. մոնիթորինգի իրական պատկերը

Այս հաղորդագրությունից հետո մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2 մոնիթորինգների արդյունքները, փորձաքննված միրգ-բանջարեղենի  ցանկը, նմուշների թիվն ու հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակները։  

Ընդհանուր առմամբ՝ 2019թ. և 2021թ.ին իրականացված մոնիթորինգների ժամանակ փորձաքննել էր 340 նմուշ։

2019թ-ին խախտումներ չեն հայտնաբերվել միայն ծիրանի, նռան և հնդկաձավարի նմուշներում։ 2021թ-ին պատկերը վատացել է. փորձաքննված բոլոր տեսակի նմուշներում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ։ 

2 մոնիթորինգների ընթացքում փորձաքննվել էր 30-ից ավելի թունաքիմիկատ տարբեր նմուշներում։ Հերթով դրանք չթվարկելու համար՝ ներկայացնում ենք միայն առավել հաճախ հայտնաբերված թունաքիմիկատներն ու առավել խնդրահայրույց միրգ-բանջարեղենը 

Օրինակ, 2019թ. փորձաքննված խաղողի բոլոր՝ 15 նմուշներում հայտնաբերվել է բիֆենտրին

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Բիֆենտրինը մուտագեն հատկություններ է ցուցաբերել նաև մկների լիմֆոմայի փորձարկման ժամանակ։ 

Մտահոգիչ քանակությամբ բիֆենտրին է հայտնաբերվել նաև սալորի 7 նմուշներից 6-ում, ինչպես նաև՝ ձմերուկի ամեն 2-րդ նմուշում (ինչքան թիվը փոքր է, այնքան՝ վատ է, հեղ.)։ 

Բացի այդ, 2019-ի մոնիթորինգի արդյունքում սալորի գրեթե բոլոր նմուշներում (ամեն 1.4, հեղ.), ինչպես նաև՝ խնձորի ամեն 3-րդ, լոբու ամեն 5-րդ նմուշներում հայտնաբերվել է դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

2019թ. և 2021թ. մոնիթորինգների արդյունքում ամենաշատ հայտնաբերված թունաքիմիկատը (հետևաբար, Հայաստանում գյուղատնտեսության մեջ շատ կիրառովող ) եղել է քլորպիրիֆոսը. այն հայտնաբերվել է, օրինակ, դեղձի և վարունգի, սեխի ամեն 3-րդ նմուշում, ոլոռի ամեն 2-րդ, լոբու ամեն 4-րդ նմուշում։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

2021-ին, ինչպես արդեն նշել ենք, պատկերն ավելի է վատացել։ Օրինակ,  փորձաքննվել է 10 թունաքիմիկատ խնձորի 18 նմուշում, և դրանցից 8-ը հայտնաբերվել է։ Կամ, խնձորի ամեն 3-րդ նմուշում հայտնաբերվել է քլորպիրիֆոս, ամեն 5-րդում՝ պրոպարգիտ,  ամեն 6-րդում՝ դիմետոատ։ Բացի այդ, 2021-ին խնձորի նմուշներում հայտնաբերվել է՝ մալաթիոն, ցինեբ, տրիֆլօքսիստրոբին, իմիդակլոպրիդ և թիամեթօքսամ։,

Լոլիկի 13 նմուշում նույնպես փորձաքննվել է 10 թունաքիմիկատ, որից 8-ը հայտնաբերվել է. քլորպիրիֆոս և ազոքսիստրոբին՝ ամեն 4-րդ, ցինեբ, իմիդակլոպրիդ և  լամբդա ցիհալոտրին՝ ամեն 7-րդ նմուշներում։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև պենկոնազոլ, դելտամետրին և տրիադիմեֆոն։ 

Պատկերը վատ է եղել նաև տաքդեղի դեպքում. փորձաքննվել է 10 տեսակի թունաքիմիկատ 6 նմուշում, որից 6-ը հայտնաբերվել է. մասնավորապես, քլորպիրիֆոս և պրոպարգիտ ամեն 2-րդ նմուշում, իմիդակլոպրիդ և տրիադիմեֆոն ամեն 3-րդ նմուշում և ֆենվալերատ և ֆոսալոն՝ 1-ական նմուշներում։

Նույն պատկերը սբմուկի դեպքում է. 10 տեսակի թունաքիմիկատից 6-ը հայտնաբերվել են փորձաքննված 7 նմուշում։ Մասնավորապես, ազոքսիստրոբին, քլորպիրիֆոս և ֆենվալերատ ամեն 4-րդ նմուշում, ինչպես նաև մեկական նմուշներում՝ իմիդակլոպրիդ, տրիադիմեֆոն և ցինեբ։ 

2021-ին քլորպիրիֆոս հայտնաբերվել է տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ, ձմերուկի, սեխի և սմբուկի՝ ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ նմուշում, խաղողի՝ ամեն 6-րդ նմուշում։ 

Դիմետոատ՝ խաղողի ամեն 3-րդ, սալորի ամեն 5-րդ նմուշներում. հարկ է նշել, որ 2021թ.ին դիմեոտատը պարզապես քիչ է փորձաքննվել։ Սա ևս շատ կարևոր հանգամանք է, քանի որ շատ միրգ-բանջարեղեններում մի շարք թունաքիմիկատներ ոչ թե չեն հայտնաբերվել, այլ պարզապես չեն փորձաքննվել։

Ամփոփելով՝ փորձաքննված 34 թունաքիմիկատներից առնվազն 20-ը կամ 60%-հայտնաբերվել է առնվազն 1 նմուշում։ Արդարության համար պետք է ասել, որ մի շարք թունաքիմիկատներ տարբեր նմուշներում ոչ թե չեն հայտնաբերվել, այլ պարզապես չեն փորձաքննվել։

 

Հայտնաբերված 4 թունաքիմիկատ դասակարգված է IARC-ի կողմից

Վերևում արդեն նշեցինք, որ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ որոշ թունաքիմիկատներ կարող են մեծացնել տարբեր տեսակի քաղցկեղների առաջացման հավանականությունը, սակայն դրանցից ոչ բոլորն են դասակարգված՝ որպես քաղցկեղածին։ 

Օրինակ, փորձաքննված 34 տեսակի թունաքիմիկատներից միայն  4-ն են դասակարգված միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO) Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության  (International Agency for Research on Cancer (IARC)) կողմից։

Դրանք են մալաթիոնը դելտամետրինը, ցինեբը և ֆենվալերատը։ 2021թթ.ին իրականացրած մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է մալաթիոնը . հավանական քացկեղածին է՝ 2A խմբից (հավանական քաղցկեղածին (probably carcinogenic to humans)) և հայտնաբերվել է 2021թ.ին ծիրանի և խնձորի նմուշներում (մնացածներում մալաթիոն ուղղակի չի փորձաքննվել)։

Դելտամետրինը (հայտնաբերվել է լոլիկում), ցինեբը (լոլիկում, խնձորում, սմբուկում) և ֆենվալերատը (սմբուկում, տաքդեղում) 3-րդ խմբի քաղցկեղածին թունաքիմիկատներ են (դասակարգված չեն (not classifiable), քանի որ դեռևս չկան բավարար ապացույցներ, սակայն վտանգավոր են)։

Այս բոլոր տվյալները վերլուծելուց հետո անհրաժեշտ էր ի վերջո հասկանալ՝ արդյոք այդ թունաքիմիկատներն իսկապես կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Հետևաբար, այս տվյալներով դիմեցինք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» (այսուհետ՝ «Էկոկենտրոն», հեղ.), որպեսզի իրական հաշվարկներ կատարվեն՝ հաշվի առնելով Երևանում և մարզերում մարդկանց օրական սննդակարգն ու նշված մթերքների սպառումը։

Սակայն, մինչև այդ, եկեք հասկանաք՝ ինչ պատկեր է Հայաստանում քաղցկեղի դեպքերի և տարածվածության մասով։

 

Հայաստանում ամեն 47-րդ մարդ քաղցկեղ ունի. 5 տարում հիվանդության տարածվածությունն աճել է 45%-ով

 

Առողջապահության ազգային ինստիտուտի՝ 2024թ. հրապարակած վերջին տվյալների համաձայն (ամփոփված են 2023թ. տվյալները, հեղ.)՝ Հայաստանում քաղցկեղ ունի մոտ 63 000 մարդ, այսինքն՝ ամեն 47-րդը։ Մահերի պատճառների թվում քաղցկեղը 2-րդ տեղում է (ընդհանուր մահերի 20% հենց քաղցկեղից է, հեղ.)։

5 տարում Հայաստանում քաղցկեղի տարածվածությունն ավելացել է 45%-ով. համեմատության համար, 2019թ-ին Հայաստանում քաղցկեղ ուներ ամեն 68-րդը։

Քաղցկեղի դեպքերն ամենաշատը Երևանում են. վերջին տվյալներով՝ Երևանի ամեն 42-րդ բնակիչ քաղցկեղ ունի։

Հաջորդը Լոռու մարզն է. քաղցկեղ ունի ամեն 44-րդը։ Ամենաքիչը դեպքերն Արմավիրի մարզում են. քաղցկեղ ունի մարզի ամեն 58-րդ բնակիչը։ Արմավիրի հաջորդում է Արագածոտնը. քաղցկեղ ունի մարզի ամեն 56-րդ բնակիչը։

Տոկոսային շատ քիչ տարբերությամբ՝ քաղցկեղ ավելի շատ հայտնաբերվում է կանանց մոտ։ Օրինակ, 2023թ.ին արձանագրված քաղցկեղի 8327 դեպքից 55,7%-ը կանանց մոտ է, 44,3%-ը՝ տղամարդկանց։

Թեև թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ դեպքերն ամենաշատը գրանցվել են 60-ից բարձր տարիքում, սակայն կանանց մոտ նկատվում է քաղցկեղի երիտասարդացում, մասնավորապես՝ 25-45 տարեկան կանանց շրջանում։ Օրինակ, 25-54 տարեկան կանանց մոտ քաղցկեղի դեպքերը մոտ 2 անգամ ավելի շատ են, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։

Կամ 25-44 տարեկան կանանց մոտ արձանագրվել է քաղցկեղի 705 դեպք, նույն տարիքի տղամարդկանց մոտ՝ 208` 3 անգամ ցածր։ Այսինքն՝ 2023-ին կանանց մոտ արձանագրված քաղցկեղի դեպքերի ⅓ կամ 30%-ը բաժին է հասնում 25-54 տարեկան կանանց, տղամարդկանց մոտ՝ 24%-ին։

Կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է (դեպքերի 33%-ը, հեղ.), ամենաշատը հանդիպում է Երևանում, որին հաջորդում է Լոռին, ապա՝ Տավուշը։

Տղամարդկանց մոտ ամենատարածվածը շնչափողի, բրոնխների և թոքի (դեպքերի 21%) քաղցկեղն է. ամենաշատը հանդիպում է Շիրակի մարզում, որին հաջորդում է Երևանը, հետո՝ Լոռին։ Ընդհանուր առմամբ՝ շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղը տղամարդկանց մոտ 6 անգամ ավելի շատ է հանդիպում, քան կանանց։

Իսկ ստամոքսի, հաստ աղու և լյարդի քաղցկեղները, համեմատաբար, հավասար են տարածված թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ։ Ամենաքիչը թե’ կանանց, թե’ տղամադրկանց մոտ հանդիպում է լյարդի և ներլյարդային լեղուղիների քաղցկեղը։

Չարորակ լիմֆոմաները, որը, ըստ որոշ հետազոտությունների, ուղղակիորեն կարող են կապ ունենալ թունաքիմիկատների մնացորդային քանակների հետ, ամենաշատը հանդիպում է Վայոց Ձորում, հետո՝ Շիրակում և Լոռիում։

 

Ռիսկերի հաշվարկն ու Հայաստանի կարևոր առանձնահատկությունները

Էպիգենետիկայում, որն ուսումնասիրում է, թե ինչպես են արտաքին գործոնները՝ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը և այլն ազդում մարդու գեների վրա, կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ թունաքիմիկատներ պարունակող սնունդը կարող  է ազդել այն գեների ակտիվացման վրա, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։

Հետևաբար, շատ կարևոր էր այս մոնիթորինգներից հետո հասկանալ՝  տեղական միրգ-բանջարեղենի սպառումը մեծացնու՞մ է քաղցկեղի զարգացման հավանականությունը։ 

Հարցին պատասխանելու համար, ԳԱԱ «Էկոկենտրոնը» գիտնականներն ու հետազոտողները ոչ միայն առանձին-առանձին ուսումնասիրել և վերլուծել են 2019թ, 2021թ.-ի մոնիթորինգի արդյունքներով մրգերում ու բանջարեղենում հայտնաբերված թունաքիմիկատները, այլև հաշվի են առել դրանց համակցված ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հենց քաղցկեղի առաջացման տեսանկյունից։

Հաշվարկներն իրականացվել են 24- ժամյա տվյալների բազայի հիման վրա՝ հաշվի առնելով տեղական տարբեր առանձնահատկություններ, ինչպես օրինակ, դրանց սեզոնայնությունը (Հայաստանի համար կարևոր ցուցանիշ է, քանի որ ամառվա ամիսներին մարդիկ օգտագործում են միրգ-բանջարեղենի այլ տեսականի, ձմեռային ամիսներին՝ այլ, և, համեմատաբար, ձմռանն ավելի քիչ է սպառումը, ամռանը՝ շատ), ու, ամենակարևորը, միանգամյա օգտագործման չափաբաժինը։

Ձմերուկի օրինակով պարզ է դառնում, թե որքան կարևոր է հաշվի առնել այս ցուցանիշները։ Օրինակ, Վիճակագրական կոմիտեն ձմերուկի օրական միջին սպառումը Հայաստանում հաշվարկում է մեկ տարվա կտրվածքով՝ բաժանելով 365-ի և ստանում օրական 30-40գ, սակայն այստեղ անտեսվում է այն փաստը, որ ձմերուկի սպառումը Հայաստանում խիստ սեզոնային է. օրինակ, ամռան ամիսներին մի մարդու մեկանգամյա օգտագործման չափափաժինը գերազանցում է 500գ (պատկերավորության համար՝ 500գ-ը 1 դիլիմ ձմերուկի միջին քաշն է, հեղ.), իսկ ձմռանը սպառում գրեթե չկա։

«Մենք օրական միջին սպառման տվյալների բազայի հիման վրա (որը տրամադրում է Վիճակագրական կոմիտեն, հեղ.) չենք կարող իրականացննել սուր ռիսկերի գնահատում, իսկ արդեն այս տվյալը, որը մեզ տրամադրում է պորցիան՝ {մեկանգամյա օգտագործումը}, մեզ տրամադրում է սուր ռիսկերը։ Սուր ռիսկը ենթադրում է, որ, օրինակ, եթե մարդը 4 դիլիմ ձմերուկ ուտի, ինքը կթունավորվի»,-ասում է «Էկոկենտրոնի» լաբորանտ-հետազոտող Տարոն Կարեյանը, ով մասնակցել է ռիսկերի գնահատման հաշվարկներին։

Տարոն Կարեյան

Հաշվի առնելով այս առանձնահատկությունները՝ ռիսկերի վերլուծության հարցում Կենտրոնին խորհրդատվություն են տրամադրել նաև Իտալիայի Սննդի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ալբերտո Մանտովանին և Դանիայի տեխնիկական համալսարանի խորհրդատու պրոֆեսոր Սառա Պիրեսը։

Նշենք, որ Հայաստանում չկան ուղենիշային արժեքններ, և ռիսկի գնահատումը իրականացվում է ԵՄ Սննդի անվտանգության լիազոր մարմնի (EFSA) կողմից տրված ուղենշային արժեքներով։ 

 

Այսպիսով, Հայաստանի ամեն 5-րդ բնակիչ կամ 20%-ը քաղցկեղի զարգացման մտահոգության գոտում է

«Էկոնկենտրոնի» իրականացրած ռիսկի վերլուծությունների համաձայն՝ 2019թ. և 2021թ.-ի պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակներն իսկապես մտահոգիչ են Հայաստանի բնակչության համար՝ հատկապես քաղցկեղի զարգացման հավանականության մեծացման տեսանկյունից.

«Մեր հետազոտությունների համաձայն, օրինակ` ամռանը` հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, որը տարվա 1/3–ն է մեր ազգաբնակչության 20 %–ը մտահոգության շեմում է, եթե թվային պատկերով՝ ամեն 5 քաղաքացուց 1–ը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից»,-ասում է «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

Դավիթ Պիպոյան

Մոնիթորինգների արդյունքների վերլուծության համաձայն, օրինակ, խնձորն «ապահովում է» մարդու օրական ընդունման չափաբաժնում քլորպիրիֆոսի ամենամեծ թույլատրելի չափաբաժնի  19,19 %-ը։ Հաջորդը  կարտոֆիլն է՝ 18,13 %։ Բացի այդ, և’ խնձորի, և’ կարտոֆիլի սեզոնայնությունն ավելի երկար է, և շատ են օգտագործում։ Այսինքն՝ միայն խնձորը և կարտոֆիլը միասին ապահովում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի չափաբաժնի գրեթե 40 %–ը։

Թեև վարունգը ևս շատ է օգտագործվում, սակայն քլորպրիֆոսի պարունակությունը խնձորի համեմատ շատ քիչ է (խնձորում՝ 0.07, իսկ վարունգում՝ 0.003)։ Լոլիկում նույնպես քլորպիրիֆոսը ցածր է եղել.  վարունգն ու լոլիկը միասին ապահովել են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի ընդամենը 1.05%-ը և 0.85 %-ը։

Եթե, օրինակ, հետագայում քլորպիրիֆոսի մի փոքր ավելի բարձր պարունակություն հայտնաբերվի վարունգի և լոլիկի մեջ, ռիսկը կմեծանա, քանի որ երկուսն էլ ունեն լայն սպառում։ 

«Դուք տեսնում եք՝ ընդամենը 10 մթերք ենք վերցրել, բայց այս 10 մթերքի հանրագումարում էլ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի իրենց օրական թույլատրելի շեմի 45,63 %–ը»,-ասում է սննդագետը։

Քլորպիրիֆոսը լոլիկում և վարունգում

Ըստ նրա՝ թեև այս ոլորտն իրենց համար նոր էր, սակայն այս հետազատության արդյունքներից պարզ դարձավ, թե ինչքան կարևոր է թեմայի ուսումնասիրության շարունակականությունը.

«Մենք ևս հասկանում ենք, թե հանրային առողջապահական տեսանկյունից այն որքան կարևոր է և, բնական է, մենք շարունակելու ենք այս հետազոտությունները, չենք սահմանափակվելու ո’չ ՍԱՏՄ-ի, ո’չ պետական վերահսկողության տվյալներով»,-ասում է Դ. Պիպոյանը։

Դիմետոատը խնձորում կազմում է օրական թույլատրելի չափաժնի 1.4 % -ը, սալորում՝ 7.1 %,  միևնույն ժամանակ դիմետուատը չի ստուգվել դեղձում, ծիրանում և մի շարք այլ սեզոնային մթերքներում, հետևաբար, ըստ «Էկոկենտրոնի» փորձագետների, ստացված տոկոսներն ամողջական պատկեր չեն տալիս, քանի որ ոչ թե դիմեոտատ չի հայտնաբերվել, այլ չի ստուգվել, քանի որ այդ դեպքում վերջնական թիվն ու իրական տոկոսը կմեծանային։

Կամ, նույն խնձորը ապահովել է ցինեբի օրական սպառման թույլատրելի շեմի 16.4 %–ը, այն դեպքում, երբ այն համարվում է թունավոր և դրա օրական թույլատրելի քանակը բավականին փոքր է` 0.005։

«Ե’վ քլորպինիֆոսը, և’ դիմետոատը, և’ ցինեբը, արդեն թունավորություն ցույց տված, աշխարհի տարբեր երկրներում արգելված թունաքիմիկատներ են, որ հստակ ամբողջ աշխարհը ցուցում է տալիս, որ խստագույն վերահսկողություն պիտի լինի, -ասում է Դ. Պիպոյանը։ -Մենք պետք է ագրոնոմիա էլ ունենանք, միրգ ու ու բանջարեղեն էլ պիտի ունենանք, որովհետև դա էլ պարենային ապահովության հարց է լուծում, բայց, կներեք, ոչ իմ, և ձեր և մեր բարեկամների և ազգականների առողջության հաշվին»,-նշում է սննդագետը։

Ափոփելով արդյունքները՝ Դ. Պիպոյանն ասում է, որ մոնիթորինգի վերլուծության այս պատկերը «խայտառակ ցուցանիշների մասին է խոսում», և վկայում, որ բոլոր թույլատրելի սահմաններն անցել ենք։

«Եկեք հասկանանք մի շատ կարևոր բան, որ մենք այս ռիսկի պատկերն արձանագրել ենք միայն փորձաքննված և միայն հայտնաբերված տեսականու հետազոտության մասով, իսկ եթե ներառենք ավելի շատ միրգ և բանջարեղե՞ն, եթե ներառենք շատ ավելի շատ թունաքիմիկա՞տ։ Լավ, էլ ի՞նչ դրոշակ հանենք, որ պետական մարմինները հասկանան, որ մեր վիճակը արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»,-ասում է սննդագետը՝ նշելով, որ այս մտահոգիչ պատկերը պետք է պետական մարմիններին զգոնության կոչ լինի։

 

«Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան

Հայկուհի Գյոքչյան

«Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք»,-առաջին միտքն էր, որ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական բաժնի փոխտնօրեն, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը` լսելով մեր հետազոտության թեման։ Նա ընդգծում է՝ սնունդը շատ կարևոր գործոն է ոչ միայն քաղցկեղի, այլև մնացած բոլոր հիվանդությունների զարգացման մեջ, իսկ սննդի և քաղցկեղի կապը մի ամբողջական շղթա է.

«Ապացուցված է, որ ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումները, չափից դուրս շատ շաքարի և ածխաջրերի օգտագործումը բերում են կրծքագեղձի, էնդոմետրիալ քաղցկեղի, շագանակագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացմանը»,-ասում է նա։

Ուռուցքաբանը նշում է, որ  այն ընտանիքները, որոնք շատ են օգտագործում կարմիր միս, նրանք առավել  հաճախ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հեղ.). մինչդեռ եթե հայկական ընտանիքներում միս կամ մսով ճաշ չկա, ուրեմն ընտանիքը սոված է.

«Պետք է այդ միֆը հանել, որովհետև սպիտակուցների աղբյուր կարող են լինել բազմաթիվ այլ մթերքներ, իսկ կարմիր միսը մենք ընդհանրապես խորհուրդ ենք տալիս օգտագործել շաբաթվա մեջ 2-3 անգամ, ընդամենը 400-500 գրամ»,-նշում է Հ. Գյոքչյանը։ 

Խոսելով ածխաջրերի չարաշահման մասին՝ ուռուցքաբանն ասում է, որ մասնավորապես, 50 և բարձր տարիքի կանանց մոտ ածխաջրերով սննդի չարաշահումը հաճախ հանգեցնում է ճարպակալմանը և էստրոգենի ավելցուկին (կանացի հորմոն, հեղ.), ինչն էլ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հ. Գյոքչյանը նշում է, որ վերջին տարիներին շատացել են վահանձև գեղձի քաղցկեղի դեպքերը, ինչը, ըստ ուռուցքաբանի, պայմանավորված է նաև թունաքիմիկատներ պարունակող սննդի կիրառմամբ և օդի աղտոտվածությամբ, այլ ոչ միայն Հայաստանում եղած յոդի դեֆիցիտով։ 

Հետևաբար,  թունքիմիկատներով, նիտրատներով և նիտրիտներով միրգ և բանջարեղենի երկարատև կիրառումը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, պարզապես, ուռուցքաբանի խոսքով, հետևանքներն անմիջապես չեն երևում, քանի որ այն կուտակային է.

«Մարդը տարիներ շարունակ պետք է անընդհատ օգտագործի, որ այդ քաղցկեղածին նյութերի քանակն այնքան բարձրանա օրգանիզմում, որ {քաղցկեղ} առաջացնի,-ասում է նա -Մենք ունենք սննդակարգի ուղեցույց մեր պացիենտների համար, որտեղ գրում ենք` ինչն է կարելի և ինչը խորհուրդ չի տրվում, կամ ինչ քանակով օգտագործել, որպեսզի սնուցումը ճիշտ կազմակերպվի, ինչն էլ կնպաստի հիվանդության կա’մ չառաջացմանը, կա’մ առաջանալու դեպքում՝ հնարավորինս ավելի ճիշտ բուժմանը»,-ասում է ուռուցքաբանը։ 

Սննդակարգի առումով՝ ուռուցքաբանը խորհուրդ է տալիս ուտել միայն սեզոնային մրգեր և «վախենալ շատ գեղեցիկներից», բացի այդ, լավ լվանալ և, հնարավորության դեպքում, կեղևազրկել միրգն ու բանջարեղենը, քանի որ  հիմնականում «թունավոր նյութերը» կուտակվում են կեղևի մեջ.

Հ. Գյոքչյանն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ այս ուսումնասիրությամբ կարողանանք Կառավարությանը ցույց տալ, որ անհրաժեշտ է պարտադիր նորմեր սահմանել, որ «այդ թունաքիմիկատները մեզ մոտ էլ պատշաճ ստուգվեն», ինչպես, օրինակ, արվում է եվրոպական երկրներում.

«Մեր սերունդները, որոնք օգտագործում են այս թունաքիմիկատները, ապագայում հիվանդ մարդիկ են դառնալու։ Այսինքն՝ սա տարիների երկար գործընթաց է, մինչև հիվանդությունը զարգանում է, բայց մենք կունենանք հիվանդ սերունդ, դրա համար պետք է մենք այսօրվանից այդ ամենը ճիշտ կարգավորենք»,-ասում է նա՝ ընդգծելով, որ բժիշկներն ինչքան էլ այսքանն ասեն, կարևոր է, որ լինի վերահսկողություն պետական մակարդակով.

«Կան բաներ, որոնք տանը մենք միշտ կատարում ենք, որպեսզի հնարավորինս իջեցնենք ռիսկը, բայց, իհարկե, գաղափարը ոչ թե այն է, որ ամեն մեկն իր տանը կեղևազրկի կամ սոդայով լվանա, այլ որ դա լինի կառավարական մակարդակով, որպեսզի թույլ չտա, որ մենք ուտենք պեստիցիդներով, նիտրատներով, նիտրիտներով հագեցված սնունդ, և հետագայում մեր սերունդները լինեն հիվանդ, այ սա է մեր ամենակարևոր մեսիջը»,-եզրափակում է նա։

 

Ի՞նչ հիվանդություններ են առաջացնում թունաքիմիկատներն ու ինչն է մեծացնում ռիսկը. պատմում է սննդաբանը

Արմեն Մկրտչյան

Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանն ասում է՝ թունաքիմիկատների ազդեցությունը խիստ բազմաբնույթ է, և կան մի շարք գիտականորեն հաստատված ռիսկեր, որոնք ապացուցում են դրանց կապը տարբեր հիվանդությունների հետ։

«Արդեն վաղուց հստակ կորելացիոն կապեր և վերջին 10 տարվա ընթացքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք հաստատում են Պարկինսոնի հիվանդություն և թունաքիմիկատներ, Ալցհայմեր և թունաքիմիկատներ, երեխաների պարագայում՝ կոգնիտիվ զարգացում և թունաքիմիկատներ կապը ,-ասում է Ա. Մկրտչյանը:- Դա երկարատև, քրոնիկ թունավորման հետևանք է, այսինքն՝ ես անընդհատ այդ թունաքիմիկատով բանջարեղենն եմ գնում, անընդհատ դրանով եմ սնվում՝ միկրոքանակներով»։

Բացի այդ, թունաքիմիկատները կարող են ազդել էնդոկրին (հորմոնալ) համակարգի վրա։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ թունաքիմիկատների շարունակական ազդեցության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև նույնպես կապ կա։

Ա. Մկրտչյանն նշում է, որ թունաքիմիկատները կարող են ազդեցություն ունենալ նաև վերարտադրողական համակարգի վրա՝ թե’ տղամարդկանց, թե’ կանանց մոտ։  Օրինակ, ըստ որոշ հետազոտությունների, տղամարդկանց դեպքում կարող է նկատվել սերմնահեղուկի ծավալի փոփոխություն, սպերմատոզոիդների շարժունակության անկում, դրանց որակի վատացում։ Կանանց մոտ՝  հղիության ինքնաբուխ ընդհատումներ` վիժումներ, ինչպես նաև՝ բնածին արատներ պտղի մոտ։ Որոշ դեպքերում այդ արատները կարող են լինել կյանքի հետ անհամատեղելի, ինչի հետևանքով հղիությունը կամ ինքնաբերաբար ընդհատվում է, կամ, բժշկական ցուցումով, դադարեցվում։

Թունաքիմիկատները կարող են ազդել նաև վերին շնչուղիների վրա։ Օրինակ, ասթման, ինչպես նաև քրոնիկ բրոնխիտի դեպքերն առավել հաճախ հանդիպում են գյուղատնտեսական ոլորտում աշխատող անձանց մոտ, ովքեր պարբերաբար քիչ քանակությամբ, բայց երկարաժամկետ շնչում են թունաքիմիկատների մնացորդները։

Բայց ամենամեծ ռիսկի խումբն, իհարկե, քաղցկեղի առաջացման ռիսկն է.

«Օրինակ, կապ կա ոչ Հոջկինի լիմֆոմայի հետ, որը, երևի, ամենատարածված 5 օնկոլոգիաներից մեկն է. կա հստակ կապ, նաև լեյկոզների պարագայում- ասում է Ա. Մկրտչյանը: -{Թունաքիմիկատները} կարող են ախտահարել տարբեր օրգաններ, առաջացնել լյարդի, երիկամի ուռուցքներ և այլն. բավականին շատ հետազոտություններ կան, որոնք դրական կորելացիա են տալիս՝ ինչքան ավելի երկար է այդ մարդը շփվել այդ թունաքիմիկատի հետ, օգտագործել այդ մթերքները, այդքան ավելի մեծ է ռիսկը»,-ասում է նա։

Ոչ Հոջկինի լիմֆոմա (ՈՀԼ) լիմֆատիկ համակարգի չարորակ ուռուցք է, որն սկսվում է լիմֆոցիտներից՝ սպիտակ արյան բջիջներից, որոնք պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար։ Ի տարբերություն Հոջկինի լիմֆոմայի, ՈՀԼ-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ և կարող է զարգանալ ինչպես լիմֆատիկ հանգույցներում, այնպես էլ՝ այլ օրգաններում, ներառյալ՝ փայծաղը, ոսկրածուծը և մարսողական համակարգը։

ՈՀԼ-ի ռիսկի գործոններն են իմունային համակարգի խանգարումները, որոշ վարակներ (օր.՝ Էպշտեյն-Բարի /Epstein-Barr/ վիրուս), գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի, թունաքիմիկատների ազդեցությունները։ 

Հիվանդությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է խոսել թունաքիմիկատների կեսնակուտակման և կենսամագնիսացման մասին, ինչի հետևանքով, ըստ սննդաբանի, ստանում ենք դրանց ավելի մեծ չափաքանակ, քան թվում է։

Կենսակուտակում (bioaccumulation) այն է, երբ վնասակար քիմիական նյութերը ժամանակի ընթացքում կուտակվում են օրգանիզմում, հիմնականում՝ ճարպային հյուսվածքներում կամ օրգաններում, քանի որ օրգանիզմը չի հասցնում դրանք դուրս բերել։

Կենսամագնիսացում (biomagnification) տեղի է ունենում, երբ այդ կուտակված վնասակար նյութերը սննդային շղթայի ընթացքում փոխանցվում են մի օրգանիզմից մյուսին և յուրաքանչյուր հաջորդ օղակում դրանց խտությունն ավելի է բարձրանում։

Օրինակ, թունաքիմիկատը կուտակվել է ջրիմուռում, հետո այն կերել է փոքր ձուկը, նրան՝ մեծ ձուկը, վերջում՝ մարդը։ Եվ հենց մարդն ստանում է այդ նյութի առավելագույն քանակը։

Սա վտանգավոր է հատկապես ճարպալույծ թունաքիմիկատների (նյութեր, որոնք լավ են լուծվում ճարպերում, հեղ.) դեպքում, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում. սկզբում դրանք կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, բայց, ժամանակի ընթացքում, փոքր դոզաներով կուտակվելով, անցնում են թույլատրելի շեմքը և սկսում ազդել գրեթե բոլոր օրգանների վրա։ 

Ա. Մկրտչյանն ասում է, որ հաճախ դրանք կուտակվում են լյարդում, երիկամներում, մկաններում, ուղեղում, կարող են հայտնվել կրծքագեղձում և կաթի մեջ՝ վտանգելով հատկապես կրծքով կերակրող մայրերի և նորածինների առողջությունը։ Կարող են ազդել նաև նյարդային համակարգի վրա։

Սննդաբանը նշում է՝ վնասը մեծացնում է նաև այն, որ շատ թունաքիմիկատների դեպքում կիսադուրսբերման պարբերությունը (biological half-life, այն ժամանակահատվածը, որի ընթացքում նյութի կեսը դուրս է գալիս օրգանիզմից կամ քայքայվում է, հեղ.) ավելի փոքր է, քան դրա՝ մեր ստանալու արագությունը, և օրգանիզմը չի հասցնում այն ամբողջությամբ մաքրել մինչև հաջորդ քանակը ստանալը։ 

Բացի այդ, թունաքիմիկատներն այլ թույների հետ կարող են կուտակային (cumulative)  կամ հավելյալ (additive) ազդեցություն ունենալ, այսինքն՝ ավելի շատ վնասել, քան եթե լինեին առաձին-առանձին.

«Կոպիտ բացատրեմ, օրինակ, ամեն մեկը 10 մմ–ով մեր ճնշումը կբարձրացներ, եթե իրենք իրար հետ են աշխատում, 35-40 մմ–ով կբարձրացնեն մեր ճնշումը, այսինքն՝ ռիսկը շատ ավելի մեծանում է։ Ռիսկը մեծանում է նաև ալկոհոլի հետ. տետրաքլոր մեթանը, եթե ալկոհոլի հետ զուգահեռ է, տոքսիկ էֆեկտը քառակի-հնգակի ավելանում է»,-նշում է սննդաբանը։ 

Ա. Մկրտչյանն ասում է, որ նույնիսկ եթե միրգ-բանջարեղենը ձեր տնամերձ  հողատարածքից է, միևնույնն է, դուք վստահ չեք կարող լինել, որ «մաքուր» միրգ կամ բանջարեղեն եք ուտում, քանի որ, հնարավոր է, դուք ոռոգում եք այն ջրով, որով քիչ այն արդյունաբերական ծավալներով ցորենի կամ կարտոֆիլի արտադրություն ունեցող մեկն է ջրում, և այդ ջրով թունաքիմիկատների մնացորդները հասնելու են ձեր այգի.

«Ես նման փորձ ունեմ. ելակը ջրել եմ ծորակի ջրով և ոռոգման ջրով, և այնտեղ, որտեղ ոռոգման ջրով եմ ջրել, ծանր մետաղներն ու թունաքիմիկատներն ավելի շատ են եղել. այնպես որ, ոչ մեկ չի կարող վստահ լինել»,-ասում է Ա. Մկրտչյանը։

 

Ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես նվազեցնել վտանգը

Սննդաբանն ասում է, որ թեև այս դեպքում ռիսկի խմբում բոլորն են, սակայն ռիսկը մեծանում է  մի խումբ մարդկանց համար։ Օրինակ, այն երեխաների, որոնք ինտենսիվ աճի և զարգացման փուլում են և շատ են ուտում։ Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չունեն թունաքիմիկատները վերամշակելու, փոխակերպելու կամ չեզոքացնելու բավարար ունակություն՝ օրինակ, լյարդի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Բարձր ռիսկային խմբում են նաև հղի կանայք և տարեց մարդիկ, որոնց օրգանիզմի պաշտպանական համակարգերը թուլացած են։

Ա. Մկրտչյանն առանձնացնում է նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին և հատկապես նրանց, ովքեր չեն տիրապետում անձնական հիգիենայի կանոններին տարբեր տեսակի թունաքիմիկատներ կիրառելիս, չեն կրում դիմակներ, ձեռնոցներ, չեն լվանում ձեռքերը կամ թունքիմիկատներն օգտագործում են սխալ չափաբաժնով։

Արդեն եղած ռիսկերը նվազեցնելու համար սննդաբանը մի պարզ խորհուրդ է տալիս. անպայման լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, կարելի նաև՝ փափուկ խոզանակով, եթե նույնիսկ հետո կեղևազրկելու եք. դա որոշակիորեն կնվազեցնի մակերեսային թունքաիմիկատների քանակը.

«Անպայման մաքրեք կեղևը, ինչքան էլ ասեն, որ շատ օգտակար է, ինուլին (օրգանական նյութ, բնական պրեբիոտիկ, հեղ.) կա մեջը, սննդային թելիկներն ավելի շատ են, բայց, ամեն դեպքում, եթե դուք կասկածում եք, չգիտեք՝ որտեղից է, և ռիսկը մեծ է, որ թունաքիմիկատներ կարող են լինել, ապա կեղևազրկեք,-ասում է սննդաբանը։ — Օրինակ, Ամերիկայում, Եվրոպայում խորհուրդ են տալիս նաև քացախ կամ սոդա, օրինակ, քացախը 1:4-ի հարաբերությամբ ջրի մեջ մոտ 15 րոպե թողնել այդ միրգ-բանջարեղենը,  հետո հանել, հոսող ջրով լվանալ ու նոր օգտագործել։ Կամ, եթե շերտերով է, անպայման մաքրել վերևի շերտերը»։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով այս ամենը, սննդաբանն ասում է, որ չի կարելի ասել՝ մի կերեք միրգ-բանջարեղեն, քանի որ պետք է կշեռքի նժարին դնել օգուտը և վնասը.

«Եթե ես պատրաստ եմ մուլտվիտամինային անբավարարություն ունենալ, պետք է ընդհանրապես հրաժարվեմ բանջարեղենից,-ասում է Ա. Մկրտչյանը։- Հետևաբար, այո’, ես շարունակելու եմ ուտել, բայց շարունակելու եմ իմ ասած խորհուրդներով մաքրել ուտելուց առաջ, երբեք չեմ գնա պոկեմ, ձեռքով մաքրեմ և ուտեմ, որովհետև դա օրգանական է և իմ իմացած ինչ֊որ մի ծանոթի բանջարանոցից է։ Եվ, միևնույն ժամանակ, եթե ես առաջ ասում էի՝ թեկուզ 600գ, թեկուզ 800գ օրական կերեք, հիմա ես շատ ավելի զգույշ եմ և ասում եմ` 400-500 գրամ, մինչև 400 գրամը լրիվ բավարար է»,-ասում է սննդաբանը։

Եզրափակելով Ա. Մկրտչյանն ասում է, որ թունաքիմիկատ ամեն տեղ էլ օգտագործում են, ամենաշատը՝ Չինաստնում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, այլ հարց է, թե ինչպես է դրա կիրառումը վերահսկվում Հայաստանում.

«Համապատասխան կառույցներին պետք է դիմել այդ հարցով»,-ասում է նա։

 

Թերի վերահսկողություն, անկանոն կիրառում, ժամկետանց թունաքիմիկատներ. ի՞նչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Աշոտ Հարությունյան

Շատ կարևոր է` ճիշտ վերահսկել Հայաստան ներմուծվող ագրոքիմիկատները, քանի որ ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից։ Ասում է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նա նշում է, որ այդ հարցը դեռևս 2016-2017թթ.ից ուշադրության կենտրոնում էր, և Կառավարությունն այդ ժամանակ քայլեր էր ձեռնարկում ժամկետանց թունանյութերի, թունաքիմիկատների, կայուն օրգանական միացությունների փաթեթավորման և դրանց՝ երկրից արտահանման մասով։

«Ճիշտ է, այդ պրոցեսը կիսատ մնաց, և այս պահին, ոնց որ,  չեն էլ զբաղվում, բայց, իմ օպերատիվ տվյալներով՝ շուրջ 200 տոննա այդպիսի նյութեր կան հանրապետությունում՝ վաղուց ժամկետանց ու պահպանման տեղերն են շատ վտանգավոր. Երևանի հարակից տարածքում էլ կան»,-ասում է Ա. Հարությունյանը։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ ժամանակին իրենք նախաձեռնել էին նաև օրենսդրական փոփոխություններ, որով սահմանվում էր, որ Հայաստան ներկրվող թունաքիմիկատների արտադրության ժամկետն ու վերջնաժամկետը առնվազն 1-1,5 տարի պահուստային ժամկետով լինեն։

«Ի՞նչ էր կատարում՝ այն թունաքիմիկատները, որոնք որ դրսում արդեն մոտենում էին իրենց ժամկետայնության {ավարտին}, շատ էժան գներով ներկրում էին հանրապետություն և մեկ սեզոն չվաճառվելու դեպքում, խանութում դառնում էին ժամկետանց։ Այսինքն` ոնց որ թե Հայաստանը կամաց֊կամաց դառնում էր ժամկետանց պեստիցիդների վայր։ Դրա դեմը մենք առանք. փոփոխություններ արեցինք։ Անկեղծ, չեմ կարող ասել, հիմա վերահսկողությունը պատշաճ կատարվում է, թե ոչ»։

Ըստ Ա. Հարությունյանի՝ մեկ այլ խնդիր է թունաքիմիկատների ճիշտ կիրառումը, քանի որ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ զբաղվող մարդիկ «իներցիայով» են դրանք օգտագործում, թունաքիմիկատների վաճառքի շատ կետերում էլ գիտելիքի պատշաճ մակարդակ չկա. չի մատուցվում խորհորդատվություն, չի բացատրվում օգտագործման կարգը և դեռևս տարածված է՝ «թույն առնել, թույն վաճառել» ասվածը։

«Չգիտեն՝ որը որից հետո պետք է արվի, ինչ քանակներով, դրանք ինչ սպասման ժամկետներ ունեն և, կուտակվելով սննդամթերքի մեջ, ինչ ծանր հետևանքներ են ունենում, առավել ևս՝ մատաղ սերնդի զարգացման վրա»,-ասում է նա։ 

Բույսերի պաշտպանները խորհուրդ են տալիս «հերթափոխել» թունաքիմիկատները. օրինակ,  եթե առաջին սրսկումն իրականացվել է քլորպիրիֆոսով, 2-րդ սրսկումն իրականացնել դիմետոատով։ Բացի այդ, եթե մշտապես օգտագործվի մեկ տեսակի թունաքիմիկատ, վնասատուն դիմադրողականություն է ձեռք կբերի դրա նկատմամբ, ինչպես, օրինսկ, հակաբիոտիկների դեպքում է։ 

Նաև, ցանկացած թունաքիմիկատ ունի իր սպասման ժամկետը. պարզ ասած, եթե սրսկել եք լոլիկը, ասենք, դիմետոատով, 14 օր իրավունք չունենք քաղելու և ուտելու։

Ա. Հարությունյանը վստահ է՝ եթե հիմա էլ մտնենք ցանկացած բանջարանոց, այգի, որտեղ մեծ քանակությամբ գյուղմթերք է արտադրվում, դրանցում թունաքիմիկատները մի քանի անգամ գերազանցելու են.

«Ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով չեն օգտագործում, էֆեկտը չեն տեսնում, կրկնում են կամ չափաքանակ են ավելացնում՝ առանց հասկանալու, որ դրանք կուտակվում են, ասենք, խաղողի մեջ՝ գնում է գինի, գինուց գալիս է, օգտագործում ենք, լյարդի վրա է անմիջապես ազդում։ Մեկ էլ՝ նիտրատներն են կուտակվում ձմերուկի մեջ, կարտոֆիլի մեջ, ուտում ենք թարմ, թեկուզ՝ եփած, դարձյալ, նիտրատները համարվում են քաղցկեղածին։ Այս ամեն ինչը անվերահսկողության, մասնագետների պակասի, պարարտանյութերի չափաքանակն առանց հասկանալու օգտագործելու հետևանք է։ Պատահական չէ, որ ժամանակին գիտահետազոտական աշխատանքներ են արվել, թեկնածուականեր են պաշտպանվել այդ չափաքանակների հետ կապված, հիմա գիտեն, թե ինչքան շատ տան, այնքան բերք շատ կստանան, չեն հասկանում, որ վնասում են իրենց երեխային»,-ասում է Ա. Հարությունյանը։

Խնդիրներից մեկն էլ, ըստ նախկին փոխնախարարի, նաև այն է, որ թունաքիմիկատները պատշաճ չեն փորձաքննվում, գրանցումը միայն փաստաթղթավորմամբ է կատարվում՝ «ոչ կոմպետենտ» հանձնաժողովի կողմից։

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստան ներմուծվող, արտադրվող և շրջանառվող թունաքիմիկատները  ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Գրանցումն իրականացվում է ՍԱՏՄ կողմից՝ գրանցման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որում ընդգրկվում են մասնագետներ տարբեր գերատեսչություններից, գիտական, կրթական կազմակերպություններից։ 

Գրանցման համար պարտադիր է ունենալ թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացություն, որը տրամադրում է Առողջապահության նախարարությունը։

Ագրոքիմիկատների լաբորատոր փորձաքննությունն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարության՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ թունաքիմիկատները փորձաքննվում են ՍԱՏՄ՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի (ՀԱԲԼԾԿ) կողմից։

Բացի այդ, 2025թ. հունիսի 3-ից ուժի մեջ են մտել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի փոփոխությունները, որով հաստատվել են բուսաբուծության ոլորտում աշխատանքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների հետ աշխատանքի անվտանգության կանոնները։ 

ՀՀ-ում գրանցված և օգտագործման համար թույլատրրված թունաքիմիկատների և ագրոգիմիկատների ցանկը կարելի է տեսնել այստեղ

Նշված խնդիրներին զուգահեռ, թուլացել է վերահսկողությունը, ինչն էլ իր հերթին մեծացնում է վտանգավոր հետևանքները.

«Եթե մինչև 2019թ. իներցիայով մի բան աշխատում էր, կային ոլորտին շատ, թե քիչ տիրապետող մասնագետներ, կար ինչ֊որ կարգ ու կանոն, դրանից հետո վիճակն ավելի վատացել է։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե հիմա իրականացվի մոնիթորինգ՝ 2023-2025 թթ., վիճակը շատ ավելի վատ է, որովհետև մենք ոլորտի մարդ ենք, տեսնում ենք` ինչեր են ներկրվում, ոնց է օգտագործվում,-ասում է Ա. Հարությունյանը։- Այգիներ կան, որ {թունաքիմիկատների} կիրառումից հետո անմիջապես չորանում են, և հետո նոր վնասատուներ, նոր հիվանդություններ են «ներմուծվում», որովհետև սերմեր, տնկիներ, տնկանյութ, որ ներկրվում է, պատշաճ ստուգում չի իրականացվում, և կարանտին վնասատուներ, հիվանդություններ են եկել Հայաստան,-ասում է նա՝ նշելով, որ պաշտոնյաների մի մասը հիմնականում կա’մ չեն հասկանում, կա’մ ղեկավարվում են՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Արդյունքում, գյուղատնտեսությունը, որը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար, ներկայումս չունի ոլորտի արդյունավետ քաղաքականություն մշակող։ ՍԱՏՄ-ն էլ, որ պետք է այս մոնիթորինգից հետո հստակ գործողություններ իրականացներ նաև հողի, ներկրված թունաքիմիկատների ու դրանց կիրառման մասով, ոչինչ չի արել։

Ա. Հարությունյանը խորհուրդներ տալ չի ուզսում, սակայն ասում է, որ եթե որևէ մեկը ցանկանում է մեծ այգի հիմնել, անպայման պետք է ներգրավի համապատասխան մասնագետների՝ ագրոնոմներ, բույսերի պաշտպանների և այլն՝ չխնայելով դրա վրա, քանի որ հաճախ մարդիկ վճարում են ամեն ինչի համար, բացի մասնագետներից, և արդյունքում ստացվում է այպսիսի պատկեր։

 

Ոչ մի պետական կառույց իր տեղում չէ. ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյան

Հայաստանում գյուղատնտեսությունը շատ վատ վիճակում է, ոչ մի համապատասխան կառույց իր տեղում չէ, չի աշխատում ու չի էլ  փորձում աշխատել, այլ ստեղծում է աշխատանքի իմիտացիա, իսկ 20% մտահոգության շեմը արսափելի մեծ թիվ է և «վախենալու»։ Այսպես է մեկնաբանում մոնիթորինգի արդյունքներն ու դրանց հնարավոր հետևանքները ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը.

Խոսելով այն մասին, որ միրգ-բանջարեղենում հաճախ հայտնաբերվել են ԵՄ երկրներում, ԱՄՆ, Կանադայում արգելված թունաքիմիկատներ, Հ. Մնացանյանն ասում է, որ Հայաստանում դրանց այլըտրանքն ուղղակի չկա, քանի որ շուկան այսօր շատ փոքր է. «Ժամանակին թունաքիմիկատների մի քանի տասնյակ ներկրողներ կային, աստիճանաբար այդ թիվը կրճատվում է, որովհետև չխոսամ արդեն` ինչ է տեղի ունենում շուկայում և կոնկրետ մի 2-3 անձանցից է դա կախված»,-նշում է նա։ 

Ըստ նրա՝ գյուղացիները մեծ մասը թունաքիմիկատներ գնում են առանց երկար-բարակ մտածելու. գնում են խանութ և վերցնում են վաճառողի առաջարկածը.

«Ենթադրենք, ասում են՝ 30 մլ կխառնես 10 լիտր ջրին, կսրսկես քո այգին, բնականաբար, այդ 30 մլ գյուղացին չի պահում, 30  մլ-ի տեղը, պետք լինի, 50 մլ է խառնում՝ աչքաչափով,  կարող է 10 մլ խառնել, հետո որ 10 մլ խառնի, տեսնի, որ ազդեցություն չունի, կբռնի 40 մլ կամ 60 մլ կխառնի, ու այդ վերջնական հետևանքն արդեն սպառողի վրա է երևում»,-ասում է Հ. Մնացականյանը՝ նշելով, որ գյուղացինը ռիսկերը նույնիսկ չի էլ պատկերացնում։

Հետևաբար, ըստ Հ. Մնացականյանի, տարբերություն չկա, թե մենք որտեղից կգնենք միրգն ու բանջարեղենը.

«Նույն պտուղ-բանջարեղենը որ սուպերմարկետից էլ գնես, նույն տեղերից է եկել, ուղղակի, Աստծո հույսին, մենք օգտագործում ենք, դրա համար քաղցկեղով հիվանդացության մակարդակով Հայաստանում առաջատարն ենք»,-ասում է Մնացականյանը

Նա նշում է, որ, ցավոք, այս ամենից խուսափելու տարբերակ էլ չկա, իսկ ռիսկերը նվազեցնելու միակ միջոցը պետական վերահսկողությունն է, որն իրենից ենթադրում է քայլերի շղթա.

«Առաջինը, պետք է բժշկի դեղատոմսի նման լինի. դու պիտի չկարողանաս ազատորեն գնես այն, ինչ դու ես ուզում՝ առանց որևէ ագրոնոմի դեղատոմսի. դու ունես այսքան քառակուսի մետր հող, պիտի ներկայացնես` ինչ ես աճեցնում, դրա հիման վրա քեզ այդքանից՝ թույլատրելի նորմից ավելի չպիտի թողնեն պեստիցիիդ գնես»,-ասում է Մնացականյանը։

Բացի այդ, ըստ նրա, պետք է խիստ վերահսկվեն, խոշոր ֆերմերային տնտեսությունները, ապրանքի նմուշառում և փորձաքննություն իրականացվի, ստուգվեն ներկրվող թունաքիմիկատների ազդող նյութերը, ինչը, ցավոք սրտի, Հայաստանում պատշաճ չի արվում.

«Սպառողների մոտ հստակ պրոպագանդա, իրազեկում պիտի իրականացվի, որ զգու’յշ եղեք։ Էս ամբողջը պիտի կիրառվի, որ մենք դուրս գանք էս ճահիճի միջից»,-նշում է նա։

Հ. Մնացականյանն ասում է, որ պետական պատասխանատու մարմիններից ամեն մեկն իր պատասխանատվության շրջանակում պետք է փորձի կոնկրետ գործողություններ իրականացնել, բացի այդ, պետք է լինի հետագծելիություն.

«Մի քանի տարի առաջ Հայաստանում մոտ 15-18 հոգի մարդ էր թունավորվել, իմ բժիշկ ընկերը պատմեց, ու այդ մարդիկ թունավորվել էին սեխի մեջ նիտրատների մի քանի անգամ գերազանցող քանակից, ու էդ գործին ընթացք չտրվեց, էդ մարդկանցից մեկը, կարծեմ, մահացավ, մի քանիսին մի կերպ կարողացան փրկել, սեխն էլ շուկայում վաճառվեց, վերջացավ, որովհետև ինչ-որ մեկը չափից դուրս պարարտացրել էր, ու մարդկանց օրգանիզմը չէր դիմացել»,-պատմում է Հ. Մնացականյանը՝ նշելով, որ երբ տեսնում ես, որ այսքանից հետո որևէ գործողությունչի իրականացվում, արդեն դառնում ես անտարբեր։

«Դրա համար ՍԱՏՄ-ն  ամեն տարի ցույց կտա 3- 4 տարի առաջվա տվյալները և բացարձակ ցույց չի տա հենց նույն տարվանը, որ արդեն հնարավոր չլինի որևէ բան փոխել»,-ասում է նա։

Հետևաբար, ինքն արդեն չի վերահսկում իր կերածը, միայն նշում է, որ աշխատում է օգտվել ջերմատնային տնտեսությունների միրգ-բանջարեղենից, քանի որ, ըստ նրա, այնտեղի մշակաբույսերն ավելի անվտանգ են. կան ագրոնոմներ և քիչ, թե շատ վերահսկողում են թունաքիմիկատների և պարարտանյութերի կիրառումը։ Սակայն ոչ մեկին, նույնիսկ՝ տանեցիներին այս թեմայով խորհուրդներ աշխատում է չտալ.

«Ես նման անշնորհակալ գործով չեմ զբաղվում. ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ էս երկրում ոչ մեկ, ոչ մեկի խորհուրդը չի լսում, մարդիկ անում են էն, ինչ իրենց դուր է գալիս,-եզրափակում է Հ. Մնացականյանը։

 

3 և 5 տարի ուշացումով արդյունքները հայտնելը հանցավոր կոծկում է. սննդագետ

Դավիթ Պիպոյան

2024թ.ին 2019 և 2021թ.ի մոնիթորինգի արդյունքները հայտնելը ՍԱՏՄ ինքնախոստովանական ցուցմունքն էր. այն հանգամանքը, որ պետական վերահսկողությունն իրականացնողն մոնթիորինգի արդյունքների մասին հայտնել է 3 և 5 տարի ուշացումով վկայում է «հանցավոր կոծկման մասին», ինչի հետևանքով տարեցտարի պատկերը  վատացել է։ Այս կարծիքին է սննդագետ Դ. Պիպոյանը.

«Այսինքն՝ սպասել են, որ ամբողջ թունաքիմիկատներով և անհամապատասխան սննդամթերքը սպառվի և իրազեկել են այդ մասին, երբ հանրությունն այլևս պաշտպանության որևէ գործիք չուներ»։

Բացի այդ, միրգն ու բանջարեղենն օգտակար սննդամթերքի խումբ են, որը առողջապահական ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել, սակայն այսօր ինքն էլ, լինելով սննդագետ, ով մինչ այս ևս խորհուրդ է տվել շատ միրգ և բանջարաեղն օգտագործել, այլևս զգուշություն է դրսևորվում.

«Մինչև ամբողջական, համալիր բոլոր թունաքիմիկատների ռիսկի գնահատումը չավարտես, դու չես կարող մարդկանց ասել՝ գիտե՞ք մրգի և բանջարեղենի օգտագործումը օգտակար է և շատ լավ է խրախուսվում է, ո’չ։ Դու պետք է իմանաս, որ քանակներն են, երբ սպառողներն օգտագործում են, և թունաքիմիկատները ռիսկը չի գերազանցում»։

Դավիթ Պիպոյանն ասում է որ թեև ինքը ռիսկերի գնահատման մասնագետ է, սակայն, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և  բոլորի նման նման նույն տոնավաճառներից, նույն կրպակներից, նույն առևտրի կետերից է գնումներ կատարում, որտեղ չկա համապատասխանաության գնահատման ենթարկված միրգ-բանջարեղեն (բուսասանիտարական սերտիֆիկատը պարտադիր պահանջ է, հեղ.). 

«Ես ցանկանում եմ, որ մեր երկրում լուծվի այս խնդիրը,  լինեն վայրեր, որտեղ ես ինքս կարող եմ գնալ և ձեռք բերել համապատասխանության գնահատած և պետական վերահսկողություն անցած, առանց թունաքիմիկատների գերազանցումների միրգ և բանջարեղեն։ Եվ վերջապես, կարողանամ սպառողներին, իմ ընկերներին, իմ հարազատներին խորհուրդ տալ՝ որ վայրերից ձեռք բերել միրգ և բանջարեղեն»,-ասում է Դ. Պիպոյանը։

 

Մոնիթորինգի նպատակն է ունենալ ընդհանուր պատկեր և տալ խորհրդատվություն. ՍԱՏՄ

Մենք դիմել ենք ՍԱՏՄ՝ փորձելով հասկանալ 2019թ, 2021թ.մոնիթորինգից հետո ինչ գործողություններ են ձեռնարկել, արդյո՞ք իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ կամ գուցե սահմանափակումնե՞ր են մտցրել։

ՍԱՏՄ-ից մեզ հայտնել էին, որ հայտնաբերված անհամապատասխանությունների մասով վարչական միջոցներ չեն կիրառվել, քանի որ մնացորդային նյութերի մոիթորինգը վերահսկողական գործառույթ չէ, հետևաբար, օրենքով պատասխանատվության միջոցներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն։

«Այս աշխատանքի նպատակն է ունենալ ընդհանուր պատկեր և ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի հաջորդ տարիների բերքը նման խնդիր չունենա»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից

Ամենաշատն, իհարկե, հետաքրքրում էր՝ արդյոք հայտնաբերված թունաքիմիկատների մասով իրականացվել է վերլուծություն և ռիսկերի գնահատում՝ հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն հենց իր` 2024թ.ի հաղորդագրության մեջ էր նշել, որ սննդամթերքում թունաքիմիկատների մնացորդային քանակները «վտանգավոր են մարդու կյանքի և առողջության համար»։ ՍԱՏՄ-ից մեզ հայտնել էին, որ ռիսկերի վերլուծություն չեն արել, քանի որ «նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունեն»։

Մյուս կարևոր հարցն այն էր, թե մոնիթորինգի արդյունքներից հետո ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն պլանավորում նվազեցնել սննդամթերքում հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակները, արդյո՞ք ունի մշակված որևէ քաղաքականություն։ 

ՍԱՏՄ-ից մեզ հայտնել էին, որ թունաքիմիկատների մնացորդային քանակը ֆերմերների և հողօգտագործողների կողմից ոչ ճիշտ գյուղատնտեսության վարման հետևանք է, հետևաբար, ռիսկերը նվազեցնելու համար պետք է «գրագետ գյուղատնտեսության վարման մեխանիզմի ներդրում ու զարգացում, որը չի հանդիսանում Տեսչական մարմնի գործառույթ»։

ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ իրենք միայն մասնագիտական խորհրդատվություն են տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց արտադրած գյուղմթերքում շեղումներ են հայտնաբերվել, զգուշացրել նրանց, որ խախտումների կրկնվելու դեպքում «վարչական պատասխանատվության միջոցներ կկիրառվեն»։

Բացի այդ, մոնիթորիգների արդյունքները ՍԱՏՄ ներկայացրել է նաև ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին՝«բոլոր հողօգտագործողներին խնդրի մասին իրազեկելու և համապատասխան (կանխարգելիչ) միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Հետագայում, սակայն, պարզեցինք, որ ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչ էլ նույնիսկ Առողջապահության նախարարությունը չեն կարծում, որ այս հարցն իրենց պատասխանատվության շրջանակում է։ Ավելին, Հայաստանը նույնիսկ չունի նորմեր՝ հասկանալու՝ որքանով են հողերն աղտոտված թունաքիմիկատներով և ինչ ռիսկեր են դրանք պարունակում։ 

 

Թունաքիմիկատների առողջապահական ռիսկերն Առողջապահության նախարարության տիրույթում չեն

Դեռևս 2025թ. մարտին մենք դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ ինչ գործողություններ է իրականացրել նախարարությունը մոնիթորինգի արդյունքներն իմանալուց հետո՝ հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ դրանք «վտանգավոր են մարդու կյանքի և առողջության համար»։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել էին, որ նշվածը ՍԱՏՄ վերահսկողության տակ է, և իրենց հետ կապ չունի։

Իսկ նախարարությունը գոնե դիմե՞լ էր ՍԱՏՄ-ին կամ այլ պատասխանատու մարմիններին՝ հայտնաբերված թունաքիմիկատների հնարավոր վտանգի քննարկման, ուսումնասիրության և կանխարգելման մեխանիզմների մշակման նպատակով, կամ մինչ օրս ունի՞ ուսումնասիրություններ, թե՞ Հայաստանի գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող թունաքիմիկատներն ինչպես կարող են ազդել  մարդկանց առողջության, այդ թվում՝ քաղկցեղի զարգացման վրա։

Այս բոլոր հարցադրումներին նախարարությունը պատասխանել էր մեկ ընդարձակ նախադասությամբ՝

«Ձեր կողմից բարձրացված հարցերով պահանջվող տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ մարդու առողջության վրա սննամթերքում առկա վնակասակար նյութերի ազդեցությունը կանխարգելելու նպատակով սահմանված են սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող իրավական ակտեր, որոնցում ամրագրված են սննդամթերքում թունաքիմիկատների սահմանային թույլատրելի չափաքանակներ, իսկ տվյալ իրավական ակտերի մասով ամրագրված պահանջների նկատմամբ վերահսկողության լիազորություններ վերապահված են համապատասխան տեսչական մարմիններին (ՍԱՏՄ, հեղ.)»,-նշված էր ԱՆ պատասխանում։

 

Քաղաքականություն մշակող, բայց ոչ պատասխանատու. ի՞նչ է ասում Էկոնոմիկայի նախարարությունը

Էկոնոմիկայի նախարարությունն այն լիազոր մարմինն է, որը և բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն է մշակում, համագործակցում է տարբեր գերատեսչությունների, գիտական հաստատությունների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում՝ լրամշակում թունաքիմիկատների և ագրոքիմիկատների շրջանառության տարբեր փուլերին առնչով իրավական ակտերը։ 

Թեև նախարարությունն ուղղակիրորեն իրավասու չէ վերահսկելու թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառման գործընթացը, սակայն, որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին, մենք խնդրել էինք նախարարությանը մեկնաբանել 2019, 2021թթ իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ հասկանալու՝ պարունակում են արդյոք դրանք ռիսկեր առողջության կամ շրջակա միջավայրի համար. գուցե մոնիթորինգի արդյունքների վկայում էին այն մասին, որ բուսասանիտարիայի ոլորտում փոփոխությունների կարի՞ք կա։

Սակայն Էկոնոմիկայի նախարարությունը պարզապես նշել էր, որ «չի իրականացնում վերահսկողական գործառույթներ»։

«Ոլորտում իրականացվող վերահսկողության վերաբերյալ հարցերն անհրաժեշտ է ուղղել Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, քանի որ բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողության իրականացումը վերապահված է վերջինիս»,-պատասխանել էին մեզ։

 

Պետությունը չունի նորմեր՝ հասկանալու՝ որքանով են հողերն աղտոտված թունաքիմիկատներով

Չնայած մասնագետների խորհրդին՝ լավ լվանալ միրգն ու բանջարեղենը ռիսկերն ինչ-որ չափով նվազեցնելու համար, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք.  թունաքիմիկատներն ամբողջությամբ չեն անհետանում հողից։ Դրանք կարող են կուտակվել հողի շերտերում՝ երկարաժամկետ ազդեցություն ունենալով հողի միկրոֆլորայի, ջրային ռեսուրսների և սննդային ամբողջ շղթայի վրա։ Հատկապես, երբ նույն հողամասում շարունակաբար օգտագործվում են թունաքիմիկատներ` առանց պատշաճ վերահսկողության և հողի վերականգնման մեխանիզմների, ռիսկերը կրկնապատկվում են։

Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների թե’ շրջակա միջավայրի և թե մարդու առողջության համար։

Հետևաբար, մենք հարցում էինք ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ հասկանալու՝

Այս երկար ու բարակ հարցումն ուղարկելուց հետո մեզ հետ կապվեցին ԲՏԸՄ-ից՝ նշելով, որ չեն կարող պատասխանել հարցերին, քանի որ համապատասխան նորմեր այդ մասով չկան։ Իսկ ո՞ր մարմնից ակնկալել բնապահպանական թեմաներով հարցերի պատասխան, եթե ոչ, օրինակ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հետաքրքրվեցինք մենք, ինչից հետո ԲՏԸՄ-ն հարցումը վերահասցեագրեց ՍԱՏՄ-ին և Էկոնոմիկայի նախարարությանը։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հասցեագրված գրությամբ հայցվող տեղեկատվությանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չի տիրապետում, քանի որ վերջինիս ՀՀ օրենսդրությամբ նման գործառույթ վերապահված չէ»,- ԲՏԸՄ-ին պատասխանել էին ՍԱՏՄ-ից։

«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը նախարարության լիազորություններից դուրս է»,-պատասխանել էր Էկոնոմիկայի նախարարությունը։

Թեև գոյություն ունի «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենք, որը գործում է, սակայն, ցավոք, այնտեղ հստակ ձևակերպված չէ, որ տեսչությունը պարտավոր է մոնիթորինգ իրականացնել թունաքիմիկատներով հողի մասով։ 

Ստացվում է՝ մենք այսօր չունենք պետական մակարդակով վերլուծություն կամ տվյալներ այն մասին, թե որքանով են Հայաստանի հողերն աղտոտված թունաքիմիկատներով, հատկապես՝ գյուղատնտեսական այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Արմավիրի, Արարատի կամ Արագածոտնի մարզերի որոշ համայնքները։

Չունենք նաև վերընշված հարցման հասցեատեր։

Եվ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է։

 

Կեղծված թունաքիմիկատներ չեն ներկրվել, բայց փորձել են ներմուծել չգրանցվածները. ՊԵԿ

Թունաքիմիկատները Հայաստան են ներմուծվում ԱՏԳ ԱԱ 3808 ապրանքային կոդով (միջատասպան նյութ, հերբիցիդ, ռոդենտիցիդ, ֆունգիցիդ)։ Դրանց ներմուծելու ժամանակ պարտադիր պահանջվում է լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվություն։

Տարեկան միջինը Հայաստան է ներկրվում մոտ 3000 տոննա թունաքիմիկատ։ 2020-2024թթ. և 2025թ. մայիսն ընկած ժամանակում ներմուծվել է 16 300 տոննա թունաքիմիկատ՝ ընդհանուր՝ 94 մլն 361 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

ՊԵԿ-ից մեզ հայտնել էին, որ թեև 2020-2025թթ.ին կեղծված թունաքիմիկատներ չեն ներկրվել, սակայն փորձել են ներկրել գրանցում չունեցող թունաքիմիկատներ։

«Առկա են եղել դեպքեր, երբ ապրանքատեսակները ներմուծվել են ՀՀ, սակայն լիազոր մարմնի կողմից ստացել են մերծում՝ ՀՀ-ում գրանցված չլինելու պատճառով, և ներմուծող կազմակերպությունները նշված ապրանքնտեսակները հայտարարագրել են «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և հետ են վերադարձրել մատակարարին»,-հայտնել են ՊԵԿ-ից։

2020-2025թթ.ին արձանագրվել են խախտումներ նաև թունաքիմիկատների մաքսային ձևակերպումների ժամանակ, ինչի պատճառով կազմվել են արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 304-րդ, 308-րդ, 316-րդ հոդվածների հատկանիշներով։

«ՊԵԿ-ը համագործակցում է տարբեր պետական գերատեսչությունների, այդ թվում ՍԱՏՄ-ի հետ՝ մասնավորապես, ըստ անհրաժեշտության, ապրանքների պահպանման վայրերում իրականացվում է ապրանքների նմուշառում»,- հայտնել էր ՊԵԿ-ը

2024-ի մոնիթորիգի արդյունքները դեռ ամփոփվում են. 5 ամիս սպասելով ՍԱՏՄ պատասխանին

2024թ. սեպտեմբերի 17-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում («իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ թունաքիմիկատների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով): 

2025թ. փետրվարին մենք հարցում էինք ուղարկել ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել մոնթիորինգի արդյունքները, եթե դրանք պատրաստ են։ ՍԱՏՄ-ից մեզ հայտնել էին, որ «փորձաքննության արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից՝ 2025թ. մարտի 21-ին մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ-ն՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

Ասում են՝ հուսահատությունը մեղք է, և մենք որոշ ժամանակ անց դարձյալ փորձեցինք հասկանալ՝ արդյոք մոնիթորինգի արդյունքները պատրաստ են։ Այս հարցով վերջին պատասխանը ՍԱՏՄ-ից ստացանք 2025թ. հունիսի 13-ին.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Հուսով ենք՝ ոչ 3 կամ 5 տարի անց։

 

Share
40

Տես նաև

19.01.2026

Սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն


Կարդալ

2 Comments

  1. Liana:
    22.08.2025 в 12:22

    Շնորհակալ եմ, էս հարցը ինձ վաղուց էր տանջում ((

    Ответить
  2. Գոհար:
    28.08.2025 в 13:00

    Հսկայական ծավալի աշխատանք եք կատարել։ Շնորհակալություն որակյալ ու բազմակողմանի լրագրության համար։ Իսկ թեման անսահման կարևոր է, ցավոք, այդպես էլ ուշադրության չի արժանանա չեղած պետության չեղած ղեկավարների (նախկին/ներկա) կողմից։

    Ответить

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
    19.01.2026
  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co