

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ՝ աշխատանքային հանդիպում է կայացել «Հանրապետական շտապօգնության ծառայության» պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է ծառայության տարեկան հաշվետվությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:
Մասնավորապես նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների և կայանների թիվը եռապատկվել է, հաջորդիվ մեծածավալ աշխատանք է տարվում կենտրոնի աշխարհագորւթյունն ընդլայնելու ուղղությամբ` վերանորոգված և վերազինված պայմաններ ապահովելով: Ամփոփելով խոսքը նա փաստել է, որ անցնող տարում շուրջ 130 000 կանչ է սպասարկվել:
Արմեն Գասպարյանն ընդգծել է ծառայության կարևորությունը, հատկապես` տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգոնությունը բարձրացնելու առումով: Նա հանձնարարել է ձևավորել հերթապահ բրիգադներ` յուրաքանչյուր կայանում ավելացնելով 1-ական բժշկական բրիգադ, և աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով: