

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:
Սնդիկը թունավոր քիմիական տարր է, որի ազդեցությունը կարող է վնասել մարդու նյարդային, երիկամային և այլ համակարգերին։ Ռիսկերը կախված են սնդիկի ձևից, քանակից և ազդեցության տևողությունից։
Մասնավորապես, սնդիկը կարող է վնասակար ազդեցություն ունենալ նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, երիկամների, թոքերի, մաշկի և աչքերի վրա։
Շրջակա միջավայր մտնել ինչպես բնական գործընթացների, այնպես էլ մարդու գործունեության՝ մասնավորապես հանքարդյունաբերության, որոշ արդյունաբերական գործընթացների, ածխի այրման և թափոնների պատճառով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ներառում է խմելու ջրի համար վերահսկվող քիմիական վտանգների շարքում։ Օրինակ, ԵՄ խմելու ջրի վերաբերյալ դիրեկտիվով սնդիկի պարամետրային արժեքը 1 մկգ/լ է։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA) գործող ստանդարտը անօրգանական սնդիկի համար 0.002 մգ/լ (2 մկգ/լ) է
Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։
Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։
Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:
«Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով»:
Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:
Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»,-հայտնում է նախարարությունը։