Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Սալմոնելա բակտերիաները կարող են հայտնվել թռչնամսում երկու դեպքում՝ եթե թռչունները հիվանդ են եղել դեռ կենդանի ժամանակ, կամ եթե մորթից հետո միսը աղտոտվել է սանիտարական անբավարար պայմանների հետևանքով։ Սալմոնելան կարող է առաջացնել սալմոնելյոզ՝ սուր աղիքային վարակ՝ ախտանիշներով՝ բարձր ջերմություն, փորլուծություն, փսխում։ Հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի համար։
Ավելացված խոնավություն նշանակում է, որ մսամթերքում հայտնաբերվել է բնական խոնավությունից բարձր խոնավության մակարդակ, ինչը կարող է լինել ջրի ավելացման հետևանք։ Եթե խոնավության զանգվածային բաժինը գերազանցում է սահմանված տեխնոլոգիական նորմերը, ապա այն չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Այդպիսի մսամթերքը կարող է ունենալ փոխված կառուցվածք և ֆիզիկաքիմիական հատկանիշներ։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: