Վերջերս մենք լաբորատոր փորձաքննության էինք ներկայացրել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջաններից վերցրած ծորակի ջուրը։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ որոշ վարչական շրջաններում ջուրն ունի խնդիրներ կոշտության, հանքայնացման և կալցիումի քանակի մասով։
Մանրէաբանական շեղումներ ոչ մի վարչական շրջանում չէին հայտնաբերվել։ Սա, սակայն, կասկածի տեղիք էր տվել մեր ընթերցողների մոտ, որոնք նշում էին, որ ծորակի ջուրն ունի «վատ համ և հոտ», հետևաբար, «չեն վստահում փորձաքննության արդյունքներին»։
Այդ պատճառով մենք խնդրեցինք մանրէաբանին պարզաբանել, թե ինչու մանրէաբանական շեղումների բացակայությունն ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը պետք է համ ու հոտ չունենա, և սպառողները գոհ լինեն դրա որակից։
Բացի այդ, մանրէաբանը բացատրում է, թե ինչո՞վ են պայմանավորված ջրի կոշտությունը, համն ու հոտը, ինչպե՞ս լավացնել ջրի համը, ինչու՞ շուկայում եղած ջրի ֆիլտրերը «չեն սպանում մանրէներին», ինչու՞ է վտանգավոր թորած ջուր խմելն, ու ե՞րբ է ցնդում քլորը։
Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, մանրէաբան Ինգա Բազուկյանի հետ։
Ի՞նչ մանրէներ են սովորաբար լինում ջրում և ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե Երևանի ջուրն իսկապես ունենար անվտանգային խնդիրներ։
Երևան քաղաքը մատակարարող ջրամբարները բաց համակարգեր են, և քանի որ ջրամբարներն իրենցից ներկայացնում են էկոխորշ, ապա այնտեղ կարող են բնակվել որոշակի մանրէներ։ Սակայն, ըստ պետական ստանդարների, ջուրը միշտ ենթարկվում է մշակման այնպիսի նյութերով, որոնք թույլատրված են հենց պետական կառույցների կողմից։
Այն ջուրը, որ մենք խմում ենք, կարող է պարունակել որոշակի քանակությամբ մանրէ, բայց դա գտնվում է թույլատրելի սահմաններում։
Ինչո՞վ է պայմանավորված ջրի համն ու հոտը
Ջրի համը և հոտը ձևավորվում է բազմաթիվ գործոններից։
Առաջին հերթին՝ այն ջրամբարներից, որտեղ որ հավաքվում է, այսինքն՝ այն մայրական ապարներից. երբ որ ձնհալի ժամանակ ջուրը հալվելով հավաքվում է ջրամբարում, այն անցնում է հողային հատվածներով՝ հողից դուրս լվալով նաև իր մեջ լուծված աղերը։ Դրա համար մենք այս կամ այն վարչական շրջանում ստանում ենք տարբեր հանքայնացման, տարբեր կոշտության ջրեր. սա կախված է նրանից, թե ինչ ջրամբարից է մատակարարվում Երևանի տվյալ հատվածը։
Իրականում կոշտությունը պայմանավորված է հենց այն հողային և մայր ապարներով, որոնք մասակցում են տվյալ ջրամբարում հավաքվող ջրի ջրամատակարարմանը։
Մանրէները նույնպես կարող են ձևավորել համն ու հոտը։ Սակայն, քանի որ ջրամատակարաման կազմակերպությունն օգտագործում է մանրէասպան միջոցներ, որպեսզի ջուրը խմելու ջուր դարձնի, ապա այդ ջրամբարներում բնակվող մանրէները մահանում են։ Այսինքն՝ ողջ բջիջ մենք չենք հայտնաբերում։ Բայց դա չի նշանակում, որ տվյալ ջրամբարում չկան այդ բջիջների մնացորդները. իրենք մարդու առողջության համար վտանգավոր չեն, բայց իրենք կարող են ձևավորել ջրի համն ու հոտը։
Փորձաքննության արդյունքներից խոսել ենք նաև տարբեր մանրէաբանների հետ, ովքեր նշում էին, որ եթե ջրում մանրէաբանական շեղումներ լինեին, դրանք անմիջապես կդրսևորվեին. համատարած աղիքային սուր հիվանդություններ կլինեին, համաճարակ և այլն։ Եթե մանրէաբանական շեղումներ իսկապես լինեին, ինչպե՞ս դրանք կդրսևորվեին։
Միանշանակ այդպես կլիներ։ Ջրում կարող են հայտնաբերվել բազմաթիվ ախտածին մանրէներ, պայմանական ախտածին մանրէներ։ Օրինակ, աղիքային ցուպիկը պայմանական ախտածին է, բայց դառնում է ախտածին այն դեպքում, երբ իր քանակությունն անցնում է թույլատրելի նորմայի սահմաններից։
Այդ պատճառով, եթե ջրում մենք ունենանք թույլատրելի սահամնից ավելի աղիքային ցուպիկ, ապա, առաջին հերթին տվյալ վարչական շրջանում կլինեին տարբեր աղիքային խանգարումներ, իսկ հետո դրանք կտարածվեին ամբողջ քաղաքում, և մենք կունենայինք համաճարակ։
Բացի աղիքային ցուպիկից, ջրում որոշվում է նաև ոսկեգույն ստաֆիլակոկը, որը ևս համարվում է սննդային թունավորումների պատճառ և սննդով է անցնում։ Օրինակ, եթե սնունդը լվանում ենք տվյալ ջրով, ապա այն միանաշանակ անցնում է օրգանիզմ։ Ախտածին մանրէների առկայությունը ջրում ոչ մի դեպքում թույլատրելի չէ։
Հետևաբար, կարող ենք ասել, որ տվյալ ջուրն անվտանգ է մանրէաբանական տեսանկյունից։
Նշեցիք, որ ջրում կարող են լինել մանրէների մնացորդներ, որոնք լաբորատոր փորձաքննությամբ կարող են չերևալ։ Այդ դեպքում կարելի՞ է դարձյալ ջուրը համարել անվտանգ, թե՞ դրանք կարող են այնուամենայնիվ կուտակվել և հետագայում ինչ-որ կերպ «դրսևորվել»։
Մանրէների կողմից սինթեզված նույնիսկ ամենաթունավոր նյութերը ժամանակի ընթացքում քայքայվում են, քանի որ օրգանական միացություններ են։
Ջրամբարում տեղի է ունենում օրգանական նյութերի շրջանառություն, բայց երբ մենք օգտագործում ենք մանրէասպան միջոցներ, նշանակում է, որ մենք ջրամբարում պահում ենք մանրէների թիվը թույլատրելի նորմայից ցածր։ Այսինքն՝ թունավոր նյութերը կուտակվել չեն կարող, քանի որ ջրամբարում անընդհատ օգտագործվում են մանրէասպան նյութեր։
Բացի աղբյուրներից, որոնցից ջուրը գալիս, հասնում է մինչև ծորակ, էլ ինչո՞վ է պայմանավորված ջրի համն ու հոտը։
Ջրի համն ու հոտը պայմանավորված է նաև այն խողովակներով, որոնք պատասխանատու են ջրամատակարարման համար։ Խողովակների հնությունը, խողովակների անսարք լինելը, ջրամբարից մինչև սպառողի տուն հասնելիս, կարող են մյուս աղբյուրներից վարակի պատճառ հանդիսանալ։
Եթե ձեր նմուշառումն արվել է հենց սպառողի ծորակից, ապա դուք արդեն այդ խնդիրը չեք հայտնաբերել։ Դա նշանակում է, որ խողովակը սարքին է։
Օրենքով՝ ջրամատակարարումն ապահովող կազմակերպությունը միշտ վերահսկում է, որովհետև եթե խողովակում լինի որևէ ծակ, անցք, ճաք, ապա կլինի ջրի կորուստ, իսկ ջուրն ամենաթանկարժեք բանն է Երկիր մոլորակում։ Եթե կա արտահոսք, ապա ջրամատակարման կազմակերպությունն այդ մասին պետք է իմանա։
Կարող է խողովակը լինել հին, ինչի պատճառով համն ու հոտը փոխվեն, բայց ախտածին մանրէի մուտք չկա։
Իսկ ջրի կոշտությունը, ինչը պայմանավորված է հանքային աղերի քանակով, կարո՞ղ է նույնպես ազդել համի վրա։
Միանաշանակ։ Կոշտությունը գալիս է նրանից, թե ինչքան լուծված աղ կա այդ ջրի մեջ։ Այն աղերը, որոնք գալիս են մայր ապարներից, կամ նույնիսկ կուտակվում են խողովակներում, քիչ-քիչ լուծվում և լցվում են ջրի մեջ և փոխում համը։
Գիտենք, որ ջրի մանրէազերծման համար քլոր պարունակող միացություններ են օգտագործում, արդյո՞ք դա նույնպես կարող է ազդել համի և հոտի վրա, թե՞ դրանք ինչ-որ ժամանակ հետո ցնդում են։
Օգտագործվելիք նյութերը պետք է այնպիսին լինեն, որ իրենք համի ու հոտի վրա չազդեն։ Քլոր պարունակող միացությունները, որոնք հիմա օգտագործվում են, իրենք այնպիսին են, որ շատ արագ ցնդեն։ Այսինքն, եթե մենք հավաքում ենք ջուրը և 5 րոպե պահում ենք, քլոր պարունակող այդ միացությունները պետք է ցնդեն։ Օրենքով՝ իրենք պետք է չազդեն համի ու հոտի վրա։
Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ, անկախ վատ համից ու տհաճ հոտից, եթե ջուրը քլորով մշակված է, ուրեմն, մանրէաբանական տեսանկյունից, այն անվտանգ է։
Քլորով պայմանավորված վատ համն ու տհաճ հոտը մի քանի րոպե պետք է լինի, դրանից հետո այն պետք է գոլորշիանա, ցնդի, և այդ հոտն այլևս պետք է չլինի։ Այսինքն, այդ նյութերը չպետք է ազդեն համի ու հոտի վրա։
Ի՞նչ միջոցառումներ կարելի է իրականացնել ջրի համն ու հոտը բարելավելու համար։
Միակ խորհուրդս, որ կարող եմ տալ մեր քաղաքացիներին այն է, որ երբ խողովակը նոր եք բացում, թողեք 1-2 րոպե ջուրը հոսի, օրենքով՝ 5 րոպե պետք է հոսի, բայց դա ծախսատար է։ Նաև՝ բաժակները ողողեք 2-3 անգամ։
Համը, միանշանակ, կփոխվի, քանի որ ջուրը կանգնում է խողովակում, և առաջին րոպեների ընթացքում գալիս է այն ջուրը, որը կանգնած է խողովակում։ Իսկ խողովակները մենք հաճախ չենք փոխում, խողովակի պատերին եղած աղերը կարող են փոխել համը։
Նաև նշեմ, որ ջրի համն ու հոտը կախված է նաև անհատից, քանի որ մենք ունենք տարբեր քիմք, համի ու հոտի տարբեր զգացում, ըստ որի՝ մի մարդու համար ջուրը համով է, մյուսի համար՝ համով չէ։
Բայց մեզ համար կարևորը, որ այն առողջության համար անվտանգ լինի, և առաջինը ջրի մանրէաբանական մաքրությունն է, հետո արդեն՝ կոշտությունը, հանքայնացումը և այլն։
Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ անվտանգության տեսանկյունից ջուրը խնդիր չունի
Կոշտության և հանքայնացման շեղումները, որոնք հայտնաբերվել են, պայմանավորված են աղերի պարունակույթամբ։ Բացյցքանի որ քաղաքացիները ոչ միայն «ջրով են ողջ մնում», այլ նաև սնվում են, իրենք կարող են իրենց սննդակարգում օգտագործել շատ և շատ աղեր, որոնք արդեն կարող են կուտակումների պատճառ դառնալ։ Միայն և միայն համալիր գործոնների ազդեցությունը կարող է պատճառ դառնալ այս կամ այն հիվանդության զարգացման համար։
Ջրի ֆիլտրերը կարո՞ղ են օգնել, դրանք օգտագործելն իմաստ ունի՞
Ֆիլտրերն օգնում են, որ պահեն ավազի կոշտ մասնիկները, նաև՝ պոմպերի վերանորոգումից ջրից մեջ անցած յուղային հատվածները։ Սակայն ամբողջովին պակասեցենել աղերի քանակությունը ֆիլտրը չի կարող, մանրէներին հանել՝ բացարձակապես չի կարող։
Այն ֆիլտրերը, որոնք հիմա շուկայում կան, հիմնականում ուղղված են մեծ մասնիկները բռնելու և պահելու վրա։
Իսկ թորումը՞
Թորելիս ջուրը զրկվում է աղերից, առօրյայում մենք, սովորաբար, նման բան չենք անում, թորված ջուր չենք խմում ու այն չի էլ կարելի օգտագործել։ Ինքն անհամ է բացարձակապես, նույնիսկ վտանգավոր կարող է լինել, որովհետև ջրի հետ մենք ստանում ենք ինչ-որ քանակությամբ աղեր։