

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30․09․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Նշենք, որ
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
ՄԱՖԱՄ— ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: