

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» հայտնում է, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են նաև ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
Նշվում է, որ այժմ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
»
ԻՆՉ ՄԱՆՐԷՆԵՐ ԵՆ ԴՐԱՆՔ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՋՐՈՒՄ ԵՎ ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆ
Կոլիֆորմ մանրէների առկայությունը հաճախ նշանակում է, որ ջուրը կարող է աղտոտված լինել կոյուղաջրերով կամ կենդանական/մարդկային արտաթորանքով, որտեղ արդեն կարող են լինել իրական ախտածիններ։
Հետազոտություններով հայտնաբերված մի շարք վիրուսներ և բակտերիաներ, որոնք արդեն ուղղակիորեն կարող են առաջացնել հիվանդություններ․
Ռոտավիրուս – հաճախ հանդիպող աղիքային վիրուս է, հատկապես երեխաների մոտ։ Առաջացնում է փորլուծություն, փսխում, ջերմություն և կարող է արագ բերել ջրազրկման։
Ադենովիրուս – կարող է առաջացնել ինչպես շնչառական, այնպես էլ աղիքային ախտանիշներ, այդ թվում՝ փորլուծություն։
Էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին E. coli (կոլի խմբի ախտածիններ) – որոշ շտամներ կարող են առաջացնել ծանր աղիքային վարակներ, ներառյալ՝ արյունային փորլուծություն և, հազվադեպ դեպքերում, լուրջ բարդություններ։
Այսպիսի մանրէներն ու վիրուսները սովորաբար ջրամատակարարման համակարգ են հասնում՝
կոյուղու կամ կեղտաջրերի ներթափանցման դեպքում
ջրատարների վնասման կամ ճաքերի պատճառով
ոչ բավարար ախտահանման (օրինակ՝ քլորացման խախտման) դեպքում
ուժեղ անձրևներից կամ հողի լվացքից հետո
Այսինքն՝ խնդիրը, որպես կանոն, կապված է ջրի աղտոտման աղբյուրի կամ համակարգի խափանման հետ։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքում գրանցվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Ըստ տվյալների՝ ստացվել էր մոտ 30 կանչ, որոնցից 11 դեպքում մարդիկ հոսպիտալացվել էին։
Հաջորդ օրը «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ խմելու ջրի որակի հետ կապված շեղումներ չեն արձանագրվել.
«Իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»