
2026թ. մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակվելու է Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Այս մասին երեկ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը գործելու է մինչև «արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»։
ՌԴ կողմը նշում է, որ որոշումն ընդունվել է հայկական միրգ-բանջարեղենի մատակարարումների ընթացքում արձանագրվող խախտումների հաճախացման և «Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով»։
«Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսանիտարական վիճակի համար», — ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ։
Ռուսական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հայկական իրավասու մարմինների կողմից «նախկինում արձանագրված խախտումների մասով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»։
Նշենք, որ մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզոր»-ը ստուգումներ է իրականացրել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց ընթացքում ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։
Ռուսական կողմի տվյալներով՝ միայն 2026թ. ընթացքում հայկական միրգ-բանջարեղենի ներմուծման ժամանակ արձանագրվել է նման խախտման 181 դեպք։
Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդում է, որ հայկական բազմաթիվ արտահանողներ գործում են «անհայտ սեփականության ձևով» և խուսափում են կարանտինային բուսանիտարական վերահսկողությունից, ինչը, ըստ գերատեսչության, վկայում է արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը սահմանափակումներ և խստացված վերահսկողություն էր կիրառել նաև հայկական հանքային ջրի, ծաղիկների և որոշ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։
Մանրամասները կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ՝