

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը խստացված վերահսկողությունն ու սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք արտադրանքների նկատմամբ։
Միայն «Ջերմուկ» հանքային ջրի դեպքում սահմանափակումները վերաբերում են մոտ 37 միլիոն շշի, իսկ հայկական ծաղիկների վերահսկման ընթացքում արձանագրվել է խախտման 135 դեպք։
Ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» ընկերությունների մի շարք արտադրատեսակների վաճառքը։
Այս ֆոնին շարունակվում են նաև տեղեկությունները Վերին Լարսի անցակետում հայկական բեռների նկատմամբ խստացված ստուգումների և երկար հերթերի մասին։
Ռուսական կողմը հիմնավորում է որոշումները «անվտանգության», «ֆիտոսանիտարական վերահսկողության» և «արտադրանքի համապատասխանության» հարցերով, մինչդեռ հայկական բիզնես շրջանակներում աճում են մտահոգությունները արտահանման խոչընդոտների շուրջ։
.
ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռևս ապրիլի վերջին հայտարարել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և շրջանառության ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսական կողմի տվյալներով՝ որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների բարձր պարունակություն, ինչը չի համապատասխանել պիտակավորման վրա նշված տվյալներին։
Ռուսական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է 2025թ. հոկտեմբերից մինչև 2026թ. ապրիլ արտադրված մի շարք խմբաքանակների։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ նման անհամապատասխանությունը կարող է սպառողներին մոլորեցնել ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և «առողջական ռիսկեր» ստեղծել։
Ըստ ռուսական «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգի օպերատորի՝ «Ջերմուկի» նկատմամբ կիրառված սահմանափակումները վերաբերում են շուրջ 37 միլիոն շշի։
Մասնավորապես, 0.33, 0.5, 1 և 1.5 լիտրանոց ապակյա և պլաստիկ տարաներով հանքային և գազավորված ջրերին, այդ թվում՝ համային հավելումներով արտադրանքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».
«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։
։
ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ՝ մինչև հայկական ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը։
Ռուսական կողմը նշել է, որ, չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության երաշխիքներին, մասնագետները շարունակում են հայտնաբերել ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող օբյեկտներ։
«96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը», — ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել և չի կարող նշել, թե դրանք որքան կտևեն։
«Եթե մենք ընդհանուր առմամբ ստանում ենք 2 միլիարդ ծաղիկ, իսկ 96 միլիոնը գալիս է Հայաստանից, ապա դա կազմում է 5%-ից մի փոքր քիչ»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Նա նաև հայտարարել է, որ ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում ոչ միայն Հայաստանից ներմուծվող ծաղիկների, այլ նաև մրգերի և բանջարեղենի դեպքում։
«Խնդիրը միայն ծաղիկները չեն։ Մենք խնդիրներ ունենք նաև բանջարեղենի և մրգերի հետ», — ռուսական «Вести»-ի փոխանցմամբ՝ ասել է Դանկվերտը։
։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանից ներմուծված որոշ գինիների և կոնյակների վաճառքը։ Խոսքը վերաբերում է «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքին։
Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է արտադրանք, որը «չի համապատասխանել պարտադիր պահանջներին»։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ առևտրային ցանցերին և ներմուծողներին արդեն ուղարկվել են ծանուցումներ՝ տվյալ արտադրանքի վաճառքը դադարեցնելու և այն շրջանառությունից հանելու վերաբերյալ։
Ռուսական կողմի հրապարակած ցանկում ներառված են՝
«Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինի (11% ալկոհոլ, 0.75 լ),
«Legends Arni» սպիտակ չոր գինի (12% ալկոհոլ, 0.75 լ),
«Հայկական կոնյակ 5 աստղ»,
«Shahnazaryan XO» յոթնամյա հայկական կոնյակ։
Այս պահին ռուսական կողմը չի հրապարակել, թե կոնկրետ ինչ չափանիշների կամ ցուցանիշների չեն համապատասխանել տվյալ խմիչքները։
Հայկական բեռնափոխադրողների շրջանում վերջին օրերին հաճախ են հայտնում Վերին Լարսի անցակետում երկար հերթերի և խստացված ստուգումների մասին, հատկապես՝ սննդամթերքի և ալկոհոլային արտադրանքների դեպքում։
Ռուսական պաշտոնական կառույցները այս մասով առանձին մանրամասն հայտարարություն դեռ չեն հրապարակել, սակայն թեման ակտիվ քննարկվում է հայկական տիրությում, նաև՝ բեռնափոխադրողների և արտահանողների շրջանում։
Այս ֆոնին Հայաստանում է գտնվում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը։ ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում հայկական մի շարք ընկերություններում՝ բուսական և կենդանական ծագման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին գնահատելու նպատակով։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ առաջիկա օրերին վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն 8 բուսաբուծական և 4 ձկնաբուծական արտադրություններում։ Ստուգումները տևելու են 1 շաբաթ։