Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020թ. ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշմամբ՝ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղ պարունակող արտադրանքը՝ «Աշտարակ Կաթ»-ը որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգով բուսական յուղ պարունակող ապրանքը չի հանդիսանում «թթվասեր») տուգանել է 14 306 034 դրամիով։
ՄՊՀ-ն ընկերության արարքը որակել է՝ որպես «հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն»։
Այսօր Վերաքննիչ վարչական դատարանն իր դիրքորոշումն է արտայայտել ՄՊՀ վերընշված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.
- «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․
- Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․
- Մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․
- Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․
- Վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․
- Իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։
Հիշեցնենք, որ 2023թ. մայիսին ՄՊՀ մեկ այլ որոշմամբ՝ «Արբան» և «Պարգև» ընկերությունները դարձյալ տուգանվել էին 17,5 մլն դրամով՝ բուսական յուղ պարունակող «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը՝ որպես թթվասեր վաճառելու համար։