
Կառավարությունը հունիսի 11-ի նիստին հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է:
Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:
Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3%։
Ակցիզային հարկը պետության կողմից որոշ ապրանքների վրա կիրառվող լրացուցիչ հարկ է, որը ներառվում է ապրանքի գնի մեջ։ Այն հիմնականում վերաբերում է ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին և այլ հատուկ կարգավորվող ապրանքներին։ Ակցիզի փոփոխությունը սովորաբար ազդում է այդ ապրանքների վերջնական գնի վրա։
Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7%-ով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30%-ով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100%-ով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20%-ով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40%-ով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30%-ով։
Օրինագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30%-ով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33%-ով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։
Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։