

ԵԱՏՄ-ն էական ներդրում է կատարում գլոբալ պարենային ապահովվածության ամրապնդման գործում։ Այս մասին օրերս հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում՝ Հռոմում։
«Հասկանալով գլոբալ պարենային ապահովվածության կարևորությունը՝ Եվրասիական տնտեսական միության պետությունները կարևոր ներդրում են կատարում սովի դեմ պայքարում՝ բարձրորակ արտադրանք մատակարարելով համաշխարհային ագրարային շուկա: Միությունը ցորենի, արևածաղկի յուղի և սառեցրած ձկան աշխարհի առաջատար արտահանողն է, ցորենի ալյուրի և կանճրակի յուղի՝ մեծությամբ երկրորդ և գարու և քուսպի՝ երրորդ արտահանողն է», — նշել է ԵՏՀ նախարարը:
Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՊԳԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մաուրիցիո Մարտինիի հետ։
Քննարկվել են ԱԱՀ-ում փոխգործակցության ապագա ուղղությունները, մասնավորապես՝ անդամ երկրների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ապահովումը, ագրարային ոլորտի բազմակողմ արդիականացումը, կոոպերացիայի խթանումը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Աշխատանքային հանդիպումներին մասնակցել են նաև ԵԱՏՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ՊԳԿ-ի ավելի քան 20 անդամ պետությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման հեռանկարային ուղղությունները և խորացման հարցեր:
«Համոզված եմ, որ «հնգյակի» երկրների համատեղ գործողությունները թույլ կտան դիմակայել աշխարհում ի հայտ եկող մարտահրավերներին և ամրապնդել Միության՝ որպես գլոբալ պարենային ապահովվածության ոլորտի կարևորագույն գործընկերոջ կարգավիճակը, — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: -Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ պատրաստ է շարունակել և խորացնել ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների և երկրների հետ բոլորի համար ավելի կայուն, ներառական և սովից ազատ ապագա ստեղծելու համար»:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Բելառուսի նախագահության շրջանակներում: