

2026 թվականի հունվարի 1-ից սիգի բնօգտագործման դրույքաչափը կավելանա մոտ 3 անգամ՝ դառնալով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
ՇՄՆ Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշում է, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն վերանայվել են ընդհանուր կենսապաշարների բնօգտագործման վճարները։
«Հարկային օրենսգրքի փոփոխությամբ ամբողջությամբ վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք ավելացվել են հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկնատեսակի, որը բարձրացել է 3 անգամ։ Ասեմ, որ վերջին անգամ դրույքաչափերը վերանայվել են 2006 թվականին, այնուհետև կիրառվել են որոշակի գործակիցներ, սակայն միևնույն է բավական ցածր են շարունակում մնալ։ Դրույքաչափերի վերանայումը նպատակ ունի արժևորել եղած ռեսուրսները։ Սիգը կարևոր դեր ունի Սևանա լճի էկոհամակարգի համար, պարենային անվտանգության տեսանկյունից այն նշանակալի ռեսուրս է։ Այսօր սիգի շուկայական արժեքը 1000-1500 դրամ է, իսկ բնօգտագործման վճարն ընդամենը 65 դրամ է։ Հունվարի 1-ից արդեն փոփոխված տարբերակը ուժի մեջ կլինի»,-ասաց Լուսինե Ավետիսյանը՝ հավելելով, որ չի բացառվում շուկայում սիգի գնի վերանայում այս փոփոխությամբ պայմանավորված։
Բնօգտագործման վճարները տնտեսական ռեսուրների կառավարման մեխանիզմներ են և դրանք գեներացվում են պետական բյուջեում։
ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը հայտնել է, որ նոր կարգավորումը միայն դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված չէ. փոխվել է նաև վճարման ընթացակարգը։ Այսօր բնօգտագործման վճարը կատարվում է փաստացի օգտագործման համար, սակայն հունվարի 1-ից վճարները պետք է իրականացվեն արդեն որսի համար թույլատրված չափաքանակի համար։
«Այսօր Երբ սիգի որսի թույլտվությունը պաշտոնապես լինում է, իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցները դիմում են որոշակի չափաքանակով որս կատարելու քվոտա ստանալու համար։ Փորձը ցույց է տալիս, որ որոշ շահառուներն ավելի շատ չափաքանակի թույլտվություն են ձեռք բերում, քան գործնականում որս կատարում են։ Արդյունքում՝ այն մյուս տնտեսվարողները, որ կարող էին ավելի շատ չափաքանակի համար դիմել, հնարավորություն չէին ունենում։ Հիմա այս նոր մոտեցմամբ կգործի արդարացի բաշխման մեխանիզմը։ Անձը կվճարի ոչ թե փաստացի կատարած որսի, այլ թույլատրված չափաքանակի համար»,-ասաց Սևակ Բալոյանը։
Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։