

Վերջերս նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։
Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։
Ինչու՞ թունաքիմիկատները պատշաճ չեն փորձաքննվում, որքա՞ն ժամկետանց թունաքիմիկատ կա Հայաստանում, ի՞նչն է այս պատկերի պատճառը, ովքե՞ր են մեղավոր և ի՞նչ անել։ Այս հարցերի մասին զրուցել ենք ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
Շատ կարևոր է` ճիշտ վերահսկել Հայաստան ներմուծվող ագրոքիմիկատները, քանի որ ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից։ Ասում է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նա նշում է, որ այդ հարցը դեռևս 2016-2017թթ.ից ուշադրության կենտրոնում էր, և Կառավարությունն այդ ժամանակ քայլեր էր ձեռնարկում ժամկետանց թունանյութերի, թունաքիմիկատների, կայուն օրգանական միացությունների փաթեթավորման և դրանց՝ երկրից արտահանման մասով։
«Ճիշտ է, այդ պրոցեսը կիսատ մնաց, և այս պահին, ոնց որ, չեն էլ զբաղվում, բայց, իմ օպերատիվ տվյալներով՝ շուրջ 200 տոննա այդպիսի նյութեր կան հանրապետությունում՝ վաղուց ժամկետանց ու պահպանման տեղերն են շատ վտանգավոր. Երևանի հարակից տարածքում էլ կան»,-ասում է Ա. Հարությունյանը։
Նախկին փոխնախարարի խոսքով՝ ժամանակին իրենք նախաձեռնել էին նաև օրենսդրական փոփոխություններ, որով սահմանվում էր, որ Հայաստան ներկրվող թունաքիմիկատների արտադրության ժամկետն ու վերջնաժամկետը առնվազն 1-1,5 տարի պահուստային ժամկետով լինեն։
«Ի՞նչ էր կատարում՝ այն թունաքիմիկատները, որոնք որ դրսում արդեն մոտենում էին իրենց ժամկետայնության {ավարտին}, շատ էժան գներով ներկրում էին հանրապետություն և մեկ սեզոն չվաճառվելու դեպքում, խանութում դառնում էին ժամկետանց։ Այսինքն` ոնց որ թե Հայաստանը կամաց֊կամաց դառնում էր ժամկետանց պեստիցիդների վայր։ Դրա դեմը մենք առանք. փոփոխություններ արեցինք։ Անկեղծ, չեմ կարող ասել, հիմա վերահսկողությունը պատշաճ կատարվում է, թե ոչ»։

Ըստ Ա. Հարությունյանի՝ մեկ այլ խնդիր է թունաքիմիկատների ճիշտ կիրառումը, քանի որ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ զբաղվող մարդիկ «իներցիայով» են դրանք օգտագործում, թունաքիմիկատների վաճառքի շատ կետերում էլ գիտելիքի պատշաճ մակարդակ չկա. չի մատուցվում խորհորդատվություն, չի բացատրվում օգտագործման կարգը և դեռևս տարածված է՝ «թույն առնել, թույն վաճառել» ասվածը։
«Չգիտեն՝ որը որից հետո պետք է արվի, ինչ քանակներով, դրանք ինչ սպասման ժամկետներ ունեն և, կուտակվելով սննդամթերքի մեջ, ինչ ծանր հետևանքներ են ունենում, առավել ևս՝ մատաղ սերնդի զարգացման վրա»,-ասում է նա։
Բույսերի պաշտպանները խորհուրդ են տալիս «հերթափոխել» թունաքիմիկատները. օրինակ, եթե առաջին սրսկումն իրականացվել է քլորպիրիֆոսով, 2-րդ սրսկումն իրականացնել դիմետոատով։ Բացի այդ, եթե մշտապես օգտագործվի մեկ տեսակի թունաքիմիկատ, վնասատուն դիմադրողականություն է ձեռք կբերի դրա նկատմամբ, ինչպես, օրինսկ, հակաբիոտիկների դեպքում է։
Նաև, ցանկացած թունաքիմիկատ ունի իր սպասման ժամկետը. պարզ ասած, եթե սրսկել եք լոլիկը, ասենք, դիմետոատով, 14 օր իրավունք չունենք քաղելու և ուտելու։
Ա. Հարությունյանը վստահ է՝ եթե հիմա էլ մտնենք ցանկացած բանջարանոց, այգի, որտեղ մեծ քանակությամբ գյուղմթերք է արտադրվում, դրանցում թունաքիմիկատները մի քանի անգամ գերազանցելու են.
«Ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով չեն օգտագործում, էֆեկտը չեն տեսնում, կրկնում են կամ չափաքանակ են ավելացնում՝ առանց հասկանալու, որ դրանք կուտակվում են, ասենք, խաղողի մեջ՝ գնում է գինի, գինուց գալիս է, օգտագործում ենք, լյարդի վրա է անմիջապես ազդում։ Մեկ էլ՝ նիտրատներն են կուտակվում ձմերուկի մեջ, կարտոֆիլի մեջ, ուտում ենք թարմ, թեկուզ՝ եփած, դարձյալ, նիտրատները համարվում են քաղցկեղածին։ Այս ամեն ինչը անվերահսկողության, մասնագետների պակասի, պարարտանյութերի չափաքանակն առանց հասկանալու օգտագործելու հետևանք է։ Պատահական չէ, որ ժամանակին գիտահետազոտական աշխատանքներ են արվել, թեկնածուականեր են պաշտպանվել այդ չափաքանակների հետ կապված, հիմա գիտեն, թե ինչքան շատ տան, այնքան բերք շատ կստանան, չեն հասկանում, որ վնասում են իրենց երեխային»,-ասում է Ա. Հարությունյանը։

Խնդիրներից մեկն էլ, ըստ նախկին փոխնախարարի, նաև այն է, որ թունաքիմիկատները պատշաճ չեն փորձաքննվում, գրանցումը միայն փաստաթղթավորմամբ է կատարվում՝ «ոչ կոմպետենտ» հանձնաժողովի կողմից։
«Բուսասանիտարիայի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստան ներմուծվող, արտադրվող և շրջանառվող թունաքիմիկատները ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Գրանցումն իրականացվում է ՍԱՏՄ կողմից՝ գրանցման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որում ընդգրկվում են մասնագետներ տարբեր գերատեսչություններից, գիտական, կրթական կազմակերպություններից։
Գրանցման համար պարտադիր է ունենալ թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացություն, որը տրամադրում է Առողջապահության նախարարությունը։
Ագրոքիմիկատների լաբորատոր փորձաքննությունն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարության՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ թունաքիմիկատները փորձաքննվում են ՍԱՏՄ՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի (ՀԱԲԼԾԿ) կողմից։
Բացի այդ, 2025թ. հունիսի 3-ից ուժի մեջ են մտել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի փոփոխությունները, որով հաստատվել են բուսաբուծության ոլորտում աշխատանքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների հետ աշխատանքի անվտանգության կանոնները։
ՀՀ-ում գրանցված և օգտագործման համար թույլատրրված թունաքիմիկատների և ագրոգիմիկատների ցանկը կարելի է տեսնել այստեղ
Նշված խնդիրներին զուգահեռ, թուլացել է վերահսկողությունը, ինչն էլ իր հերթին մեծացնում է վտանգավոր հետևանքները.
«Եթե մինչև 2019թ. իներցիայով մի բան աշխատում էր, կային ոլորտին շատ, թե քիչ տիրապետող մասնագետներ, կար ինչ֊որ կարգ ու կանոն, դրանից հետո վիճակն ավելի վատացել է։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե հիմա իրականացվի մոնիթորինգ՝ 2023-2025 թթ., վիճակը շատ ավելի վատ է, որովհետև մենք ոլորտի մարդ ենք, տեսնում ենք` ինչեր են ներկրվում, ոնց է օգտագործվում,-ասում է Ա. Հարությունյանը։- Այգիներ կան, որ {թունաքիմիկատների} կիրառումից հետո անմիջապես չորանում են, և հետո նոր վնասատուներ, նոր հիվանդություններ են «ներմուծվում», որովհետև սերմեր, տնկիներ, տնկանյութ, որ ներկրվում է, պատշաճ ստուգում չի իրականացվում, և կարանտին վնասատուներ, հիվանդություններ են եկել Հայաստան,-ասում է նա՝ նշելով, որ պաշտոնյաների մի մասը հիմնականում կա’մ չեն հասկանում, կա’մ ղեկավարվում են՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։
Արդյունքում, գյուղատնտեսությունը, որը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար, ներկայումս չունի ոլորտի արդյունավետ քաղաքականություն մշակող։ ՍԱՏՄ-ն էլ, որ պետք է այս մոնիթորինգից հետո հստակ գործողություններ իրականացներ նաև հողի, ներկրված թունաքիմիկատների ու դրանց կիրառման մասով, ոչինչ չի արել։
Ա. Հարությունյանը խորհուրդներ տալ չի ուզսում, սակայն ասում է, որ եթե որևէ մեկը ցանկանում է մեծ այգի հիմնել, անպայման պետք է ներգրավի համապատասխան մասնագետների՝ ագրոնոմներ, բույսերի պաշտպանների և այլն՝ չխնայելով դրա վրա, քանի որ հաճախ մարդիկ վճարում են ամեն ինչի համար, բացի մասնագետներից, և արդյունքում ստացվում է այպսիսի պատկեր։
Աշոտ Հարությունյանի և «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ թեմայի շուրջ քննարկումը կարող եք դիտել այստեղ՝
1 Comment
Իսկ ով պետք է սրա դիմացն առնի, սարսափելի է։