

Դեկտեմբերի 2-ին մեր «ԱՆվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում Տաթևիկ Մովսեսյանն ահազանգել էր, որ նախորդ շաբաթ օրը «Ծիրան» սուպերմարկետից գնել է «Գրանդ քենդի» ընկերության շոկոլադե կոնֆետներ («Կարմիր կակաչ», «Красный мак») որոնց մեջ որդեր են եղել։
«Երբ դիմում ես թե’ խանութ, թե’ ֆիրմային, բայց իրենց էնպես են պահում, որ ոչ ոք մեղավոր չէ. խանութը ասում է՝ ֆիրման է էսպես բերել, ֆիրման ասում է՝ խանութում է էս վիճակին հասել,-դժգոհել էր Տ. Մովսեսյանը։ — Ուղղակի ամոթ է, զգուշացեք, ժողովուրդ ջան, էս խայտառակությունից»։

Խմբի ահազանգին արձագանքել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից և հայտնել, որ ընթացք կտան այս ահազանգին։
Ահազանգի մեկնաբանություններում մարդիկ նույնպես պատմել էին իրենց փորձի մասին. ոմանք նշում էին, որ խնդիրը «Ծիրան» սուպերմարկետում է, քանի որ «միայն կոնֆետը չէ, որ այդ վիճակում է»։ Ոմանք էլ նշում էին, որ նույնիսկ «Գրանդ Քենդիի» ֆիրմային խանութում գնված կոնֆետներում են որդեր հայտնաբերել.
«Ես մի անգամ հարցրեցի, ասեցին մերը բնական է,դրա համար է շուտ որդնում ես էլ ուղղակի հրաժարվեցի իրենց շոկոլադներից։ Խայտառակություն։ Գնում ես, մեկի տուն ես տանում,իբր որակով ապրանք, պարզվում է՝ մեջը սաղ որդեր են»,-հատնել է Աշխեն Եսայանը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մեր խմբում ահազանգում են նույն խնդրի մասին։
Նաև հիշեցնենք, որ կոնֆետներում որդեր կարող են առաջանալ տարբեր փուլերում՝ թե’արտադրական գործընթացի , թե’ սխալ պահման պայմանների պատճառով։
Հետևաբար, սննդի որդնածության պատճառը հասկանալու համար պետք է ուսումնասիրել սննդի արտադրության փուլերը. շատ կարևոր է հենց հումքի անվտանգությունը և արտադրական պայմանները։
Օրինակ, եթե հումքը պատշաճ վերահսկողության չի ենթարկվել, և դրա մեջ եղել են թրթուրներ, արտադրության փուլում պետք է ճիշտ տեխնոլոգիաների կիրառել և ջերմային ռեժիմներ օգտագործել՝ դրանց վերացնելու համար։
Բացի այդ, իրացման ցանցում հինն ու նորը կարող են խառնվել իրար, և եթե հին խմբաքանակի մեջ արդեն իսկ կա որդ կամ թրթուր, ապա արտադրանքը կարող է աղտոտվել։