
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան փոփոխություններ է կատարել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգում։ Նոր պահանջները վերաբերում են, մասնավորապես, տրանսպորտային միջոցներին, բջջային հեռախոսներին և բջջային կապի հնարավորություն ունեցող պլանշետներին, որոնց հայտարարագրման ընթացքում անհրաժեշտ կլինի ներկայացնել լրացուցիչ տվյալներ։
։
ԵՏՀ-ն հայտնում է, որ էլեկտրոնային առևտրի շրջանակում տեղափոխվող տրանսպորտային միջոցների, բջջային հեռախոսների և բջջային կապի գործառույթ ունեցող պլանշետների հայտարարագրման ժամանակ անհրաժեշտ կլինի նշել տվյալներ, որոնք պահանջվում են դրանց նույնականացման և մաքսային վճարների հաշվարկման համար։
Փոփոխություններով նաև կարգավորվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ապրանքների ծագման երկրի, սակագնային արտոնությունների կիրառման և ամբողջ հայտարարագրի շրջանակում մաքսային վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը։
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևի խոսքով՝ նոր պահանջները միտված են պարզեցնելու մաքսային ընթացակարգերը և արագացնելու ապրանքների առաքումը վերջնական ստացողներին.
«Նման տեղեկությունների հայտարարագրումը նվազագույնի կհասցնի մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների պահանջները, մաքսային գործառնությունների իրականացման ժամկետները և, համապատասխանաբար, ապրանքների առաքման ժամանակը վերջնական ստացողին»։-ասել է նա։
ԵՏՀ հաղորդագրության համաձայն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը կկիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից։
Այն կօգտագործվի ինչպես էլեկտրոնային առևտրային հարթակներից ֆիզիկական անձանց կողմից անմիջապես ձեռք բերված ապրանքների, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում գտնվող պահեստներից ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքների համար։
Նշենք, որ 2023թ. դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում էին փոփոխություններ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում՝ արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով։
Ավելի վաղ՝ 2024թ. դեկտեմբերի 17-ին, ԵՏՀ կոլեգիայի թիվ 143 որոշմամբ հաստատվել էին էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևն ու դրա լրացման կարգը։