

Վերջերս նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։
Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։
Թեմայի շուրջ մենք զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական բաժնի փոխտնօրեն, բ.գ.թ., ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի հետ, ով պարզաբանել է՝ ինչ դեր ունի սնունդը հիվանդությունների և մասնավորապես, քաղցկեղի զարգացման մեջ։
Առողջապահության ազգային ինստիտուտի՝ 2024թ. հրապարակած վերջին տվյալների համաձայն (ամփոփված են 2023թ. տվյալները, հեղ.)՝ Հայաստանում քաղցկեղ ունի մոտ 63 000 մարդ, այսինքն՝ ամեն 47-րդը։ Մահերի պատճառների թվում քաղցկեղը 2-րդ տեղում է (ընդհանուր մահերի 20% հենց քաղցկեղից է, հեղ.)։
5 տարում Հայաստանում քաղցկեղի տարածվածությունն ավելացել է 45%-ով. համեմատության համար, 2019թ-ին Հայաստանում քաղցկեղ ուներ ամեն 68-րդը։
Քաղցկեղի դեպքերն ամենաշատը Երևանում են. վերջին տվյալներով՝ Երևանի ամեն 42-րդ բնակիչ քաղցկեղ ունի։
Հաջորդը Լոռու մարզն է. քաղցկեղ ունի ամեն 44-րդը։ Ամենաքիչը դեպքերն Արմավիրի մարզում են. քաղցկեղ ունի մարզի ամեն 58-րդ բնակիչը։ Արմավիրի հաջորդում է Արագածոտնը. քաղցկեղ ունի մարզի ամեն 56-րդ բնակիչը։
Տոկոսային շատ քիչ տարբերությամբ՝ քաղցկեղ ավելի շատ հայտնաբերվում է կանանց մոտ։ Օրինակ, 2023թ.ին արձանագրված քաղցկեղի 8327 դեպքից 55,7%-ը կանանց մոտ է, 44,3%-ը՝ տղամարդկանց։
Թեև թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ դեպքերն ամենաշատը գրանցվել են 60-ից բարձր տարիքում, սակայն կանանց մոտ նկատվում է քաղցկեղի երիտասարդացում, մասնավորապես՝ 25-45 տարեկան կանանց շրջանում։ Օրինակ, 25-54 տարեկան կանանց մոտ քաղցկեղի դեպքերը մոտ 2 անգամ ավելի շատ են, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։

«Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք»,-առաջին միտքն էր, որ ասաց Հայկուհի Գյոքչյանը` լսելով մեր հետազոտության թեման։ Նա ընդգծում է՝ սնունդը շատ կարևոր գործոն է ոչ միայն քաղցկեղի, այլև մնացած բոլոր հիվանդությունների զարգացման մեջ, իսկ սննդի և քաղցկեղի կապը մի ամբողջական շղթա է.
«Ապացուցված է, որ ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումները, չափից դուրս շատ շաքարի և ածխաջրերի օգտագործումը բերում են կրծքագեղձի, էնդոմետրիալ քաղցկեղի, շագանակագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացմանը»,-ասում է նա։
Ուռուցքաբանը նշում է, որ այն ընտանիքները, որոնք շատ են օգտագործում կարմիր միս, նրանք առավել հաճախ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հեղ.). մինչդեռ եթե հայկական ընտանիքներում միս կամ մսով ճաշ չկա, ուրեմն ընտանիքը սոված է.
«Պետք է այդ միֆը հանել, որովհետև սպիտակուցների աղբյուր կարող են լինել բազմաթիվ այլ մթերքներ, իսկ կարմիր միսը մենք ընդհանրապես խորհուրդ ենք տալիս օգտագործել շաբաթվա մեջ 2-3 անգամ, ընդամենը 400-500 գրամ»,-նշում է Հ. Գյոքչյանը։
Խոսելով ածխաջրերի չարաշահման մասին՝ ուռուցքաբանն ասում է, որ մասնավորապես, 50 և բարձր տարիքի կանանց մոտ ածխաջրերով սննդի չարաշահումը հաճախ հանգեցնում է ճարպակալմանը և էստրոգենի ավելցուկին (կանացի հորմոն, հեղ.), ինչն էլ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հ. Գյոքչյանը նշում է, որ վերջին տարիներին շատացել են վահանձև գեղձի քաղցկեղի դեպքերը, ինչը, ըստ ուռուցքաբանի, պայմանավորված է նաև թունաքիմիկատներ պարունակող սննդի կիրառմամբ և օդի աղտոտվածությամբ, այլ ոչ միայն Հայաստանում եղած յոդի դեֆիցիտով։
Հետևաբար, թունքիմիկատներով, նիտրատներով և նիտրիտներով միրգ և բանջարեղենի երկարատև կիրառումը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, պարզապես, ուռուցքաբանի խոսքով, հետևանքներն անմիջապես չեն երևում, քանի որ այն կուտակային է.
«Մարդը տարիներ շարունակ պետք է անընդհատ օգտագործի, որ այդ քաղցկեղածին նյութերի քանակն այնքան բարձրանա օրգանիզմում, որ {քաղցկեղ} առաջացնի,-ասում է նա -Մենք ունենք սննդակարգի ուղեցույց մեր պացիենտների համար, որտեղ գրում ենք` ինչն է կարելի և ինչը խորհուրդ չի տրվում, կամ ինչ քանակով օգտագործել, որպեսզի սնուցումը ճիշտ կազմակերպվի, ինչն էլ կնպաստի հիվանդության կա’մ չառաջացմանը, կա’մ առաջանալու դեպքում՝ հնարավորինս ավելի ճիշտ բուժմանը»,-ասում է ուռուցքաբանը։
Սննդակարգի առումով՝ ուռուցքաբանը խորհուրդ է տալիս ուտել միայն սեզոնային մրգեր և «վախենալ շատ գեղեցիկներից», բացի այդ, լավ լվանալ և, հնարավորության դեպքում, կեղևազրկել միրգն ու բանջարեղենը, քանի որ հիմնականում «թունավոր նյութերը» կուտակվում են կեղևի մեջ.
Հ. Գյոքչյանն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ այս ուսումնասիրությամբ կարողանանք Կառավարությանը ցույց տալ, որ անհրաժեշտ է պարտադիր նորմեր սահմանել, որ «այդ թունաքիմիկատները մեզ մոտ էլ պատշաճ ստուգվեն», ինչպես, օրինակ, արվում է եվրոպական երկրներում.
«Մեր սերունդները, որոնք օգտագործում են այս թունաքիմիկատները, ապագայում հիվանդ մարդիկ են դառնալու։ Այսինքն՝ սա տարիների երկար գործընթաց է, մինչև հիվանդությունը զարգանում է, բայց մենք կունենանք հիվանդ սերունդ, դրա համար պետք է մենք այսօրվանից այդ ամենը ճիշտ կարգավորենք»,-ասում է նա՝ ընդգծելով, որ բժիշկներն ինչքան էլ այսքանն ասեն, կարևոր է, որ լինի վերահսկողություն պետական մակարդակով.
«Կան բաներ, որոնք տանը մենք միշտ կատարում ենք, որպեսզի հնարավորինս իջեցնենք ռիսկը, բայց, իհարկե, գաղափարը ոչ թե այն է, որ ամեն մեկն իր տանը կեղևազրկի կամ սոդայով լվանա, այլ որ դա լինի կառավարական մակարդակով, որպեսզի թույլ չտա, որ մենք ուտենք պեստիցիդներով, նիտրատներով, նիտրիտներով հագեցված սնունդ, և հետագայում մեր սերունդները լինեն հիվանդ, այ սա է մեր ամենակարևոր մեսիջը»,-եզրափակում է նա։