
Երեխաների շրջանում դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից թունավորման դեպքերը 2026թ. առաջին կիսամյակում զգալիորեն աճել են։ Այս մասին այսօր հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշել է, որ 2026թ.-ի առաջին վեց ամիսներին դեպքերն աճել են 81,3%-ով. գրանցվել է 464 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 256-ի համեմատ։
Ա. Ավանեսյանը հորդորել է ծնողներին և երեխաների խնամքով զբաղվող ընտանիքի անդամներին դեղորայքն ու կենցաղային քիմիական նյութերը պահել երեխաների համար անհասանելի վայրերում.
«Խնդրում եմ ձեզ, ծախսե’ք 3 րոպե ժամանակ և հեռացրե’ք երեխաների հասանելիության դաշտից կենցաղային քիմիան և դեղորայքը»,- ասել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է դեղերն ու քիմիական նյութերը պահել փակ դարակներում կամ բարձր, երեխաների համար անհասանելի վայրերում։
«Բոլոր դեղերը և կենցաղային քիմիայի պարագաները տարեք հեռու, փակ դարակներում տեղավորեք այս ապրանքները»,- նշել է նախարարը։
Ավանեսյանը նաև ընդգծել է, որ վտանգը կարող է առաջանալ ոչ միայն երեխաների համար նախատեսված դեղերի կամ նյութերի դեպքում։ Նա խորհուրդ է տվել երեխաներից հեռու պահել ընտանիքի մյուս անդամների կողմից օգտագործվող դեղերը.
«Եթե խմում եք որևէ դեղ՝ քրոնիկ հիվանդության դեմ՝ տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ, պահե’ք դրանք փակ դարակում, պայուսակում մի տեղավորեք, էնպես, որ դա հասանելի լինի երեխաներին»,- ասել է նա։
Նախարարը անդրադարձել է նաև կենցաղային քիմիական նյութերին՝ մասնավորապես լվացող միջոցներին, որոնք ևս պետք է պահվեն փակ և երեխաների համար անհասանելի վայրերում։
Ավանեսյանը նշել է, որ թունավորումների և վնասվածքների ընդհանուր թվի աճի պայմաններում առաջին կիսամյակում մահացության դեպքերի կայունացում է արձանագրվել՝ դա կապելով բժիշկների և մյուս գերատեսչությունների համակարգված աշխատանքի հետ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընտանիքները չպետք է հույսը դնեն միայն բժշկական համակարգի վրա.
«Պետք չէ ապավինել այս ուժերին, պետք է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է առողջապահության նախարարը։
Նա քաղաքացիներին կոչ է արել ստուգել տանը պահվող դեղերի և կենցաղային քիմիական նյութերի տեղը և անհրաժեշտության դեպքում տեղափոխել դրանք երեխաների համար անհասանելի վայր։
«Մենք մեր երեխաներին շատ ենք սիրում, դրա համար խնդրում եմ այդ սերն էլ արտահայտենք անվտանգության կանոններին հետևելով»,- նշել է Ավանեսյանը։