

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մի շարք նախաձեռնություններ և որոշումներ է կայացրել սննդամթերքի որոշ տեսակների և կոսմետիկ արտադրանքի մակնշման միասնական կանոններ սահմանելու վերաբերյալ։
Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունները ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում նույնականացման գործիքներով ապրանքների մակնշման ներդրման ամսաթիվն ու կարգը, սակայն դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 6 ամիս առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն ԵՏՀ-ին։
Բացի այդ, ամեն երկրի համար երաշխավորված կլինի միասնական պահանջներին համապատասխան մշակված այլ պետությունների նույնականացման գործիքների ճանաչումը։
«Հանձնաժողովն ընդունել է հիմնարար որոշումների համապարփակ փաթեթ, որն ուղղված է ԵԱՏՄ հիմնարար ազատություններից մեկի ապահովմանը։ Ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պայմաններ Միության ներսում ապրանքների լայն տեսականու անարգել տեղաշարժի համար և կանխել ներքին շուկայում խոչընդոտների առաջացումը», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Որոշում է ընդունվել նաև աստիճանաբար անցում կատարել մորթուց պատրաստված արտադրանքի մեջ վերահսկիչ նույնականացման նշանների օգտագործումից դեպի ավելի ժամանակակից Data Matrix տեխնոլոգիա:
Փաստաթղթի համաձայն՝ մորթուց պատրաստված արտադրանքը կարող է մակնշվել RFID-ով՝ մինչև 2026թ. փետրվարի 28-ը ներառյալ: Դրանից հետո նման արտադրանքի մակնշման համար կօգտագործվի Data Matrix-ը։
Data Matrix – երկչափ շտրիխ-կոդ է, որը տեղադրվում է արտադրանքի փաթեթավորման վրա։ Այն հնարավոր է արագ սկանավորել տեսախցիկով՝ ստանալով ապրանքի մասին անհրաժեշտ տեղեկությունը։
RFID (Radio Frequency Identification) – ռադիոհաճախականային նույնականացման տեխնոլոգիա է, որի դեպքում ապրանքի վրա տեղադրված փոքրիկ չիպը կարող է ընթերցվել հեռավորությունից՝ առանց մոտ պահելու կամ տեսնելու։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մորթուց պատրաստված իրերը երկարաժամկետ օգտագործման արտադրանք են, նախորդ տեխնոլոգիայով մակնշված արտադրանքների վաճառքը կթույլատրվի ևս մեկ տարի՝ մինչև 2027թ. մարտի 1-ը։
Նշվում է, որ այս միջոցառումները թույլ կտան «բիզնեսներին անխափան վաճառել իրենց մնացած պաշարները և պատրաստվել մակնշման նոր մեթոդին աստիճանական անցմանը»: