

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացել է տեղեկատվություն՝ «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ, 1 ապակե սրվակ, 50 մլ, կաթիլաներարկման լուծույթի խտանյութ» դեղի՝ N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։
«Մաբթերան» ռիտուքսիմաբ ակտիվ նյութով դեղ է, որն օգտագործվում է արյան քաղցկեղի որոշ տեսակների՝ մասնավորապես ոչ-Հոջկինյան լիմֆոմայի և քրոնիկ լիմֆոցիտային լեյկեմիայի բուժման համար։
Այն կիրառվում է նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի, գրանուլոմատոզ պոլիանգիիտի, միկրոսկոպիկ պոլիանգիիտի և պեմֆիգուս վուլգարիսի դեպքում։
Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում այն կարող է նշանակվել քիմիաթերապիայի հետ համատեղ
Տեղեկատվության համաձայն՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր քննության վերջնական արդյունքների՝ ներկայացված «Մաբթերա» N1130B24 խմբաքանակի դեղը հաստատվել է որպես կեղծ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից»,-նշել է ԱԱՏՄ-ն։