
Մենք հաճախ ենք խոսում առողջ սնվելու կարևորության մասին, բայց որքանո՞վ է իրականում մեր ամենօրյա սեղանը բազմազան։ Առաջին անգամ Հայաստանում գիտականորեն ուսումնասիրվել են չափահաս բնակչության անհատական սննդային սովորությունները, որոնք ցույց են տվել, որ սննդակարգում գերակշռում են հացն ու ալրային արտադրանքը, մինչդեռ միսը, ձուկն ու ձուն, ինչպես նաև՝ միրգն ու բանջարեղենը համեմատաբար սահմանափակ տեղ ունեն։ Մինչդեռ շաքարավազի, մեղրի և քաղցրավենիքի օգտագործումը լայն տարածում ունի
Ի՞նչ է բացահայտել Հայաստանի սննդակարգի հետազոտությունն ու ի՞նչն է ամենաանհանգստացնողը։ Քանի՞ կիլոկալորիա են օրական ստանում կանայք և տղամարդիկ ու որքանո՞վ է այդ ցուցանիշը համապատասխանում միջազգային նորմերին։ Ինչպե՞ս է պատրաստման եղանակը փոխում կալորիաների թիվը։
Ինչպե՞ս փոխել սննդային սովորությունները և հնարավո՞ր է արդյոք քիչ գումարով սնվել ավելի բազմազան։
Ի՞նչով ենք նման հարևան երկրներին և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ պետական մակարդակում։
Ուսումնասիրել ենք 2026թ. հրապարակված գիտական հետազոտությունը, զրուցել դրա համահեղինակ, սննդագետ Դավիթ Պիպոյանի ու սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու հետազոտության բացահայտումները, դրանց նշանակությունն ու հնարավոր լուծումները։
.
.
2026 թվականի մայիսի 20-ին «Frontiers in Nutrition» գիտական ամսագրում հրապարակվել է «Հայաստանի չափահաս բնակչության սննդակարգի մոդելների և մակրոնուտրիենտների սպառման գնահատում» (Assessment of dietary patterns and macronutrient intake among the adult population of Armenia) հետազոտությունը։ Այն Հայաստանում առաջին փորձն է, երբ բնակչության սննդային սովորույթները գնահատվել են անհատական մակարդակով՝ 24-ժամյա սննդային հիշեցման տվյալների հիման վրա։
Հետազոտության հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտնականներ Դավիթ Պիպոյանը, Մելինե Բեգլարյանը, Բագրատ Հարությունյանը և Դանիայի տեխնիկական համալսարանի Ազգային սննդի ինստիտուտի փորձագետ Սարա Մոնտեյրո Պիրեսը։
Ուսումնասիրության հիմքում 18-80 տարեկան 1400 չափահասի տվյալներն են։ Մասնակիցները ներկայացրել են նախորդ 24 ժամվա ընթացքում իրենց օգտագործած սննդի մասին տեղեկություններ։ Վերլուծությունն ընդգրկել է 164 սննդատեսակ՝ 124 առանձին մթերք և 40 խառը ուտեստ։
Արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրված բնակչության սննդակարգում գերակշռում են հացն ու ալրային արտադրանքը։ Սննդից ստացված միջին օրական էներգիան կազմել է 1738 կկալ, իսկ սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի միջին օրական սպառումը համապատասխանաբար կազմել է 71.51 գ, 209.57 գ և 69.91 գ։
Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ այս ցուցանիշները ցածր են Եվրասիական տնտեսական միության սահմանած առաջարկվող մակարդակներից։
Եվրոպական սննդի անվտանգության մարմնի (EFSA) սահմանած արժեքների համեմատ՝ հետազոտության մասնակիցների միայն փոքր մասն է հասել ածխաջրերի և ճարպերի համար սահմանված միջակայքերին, իսկ սպիտակուցի միջին պահանջը բավարարել է մասնակիցների 70%-ը։
Իսկ որքա՞ն կալորիա է մարդուն անհրաժեշտ օրական։ Թեև չկա միասնական նորմա, քանի որ դա կախված է մարմնի քաշից, տարիքից և ֆիզիկական ակտիվությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ պատրաստված զեկույցի օրինակներով՝ 30-50 տարեկան կնոջը նստակյաց կամ թեթև ակտիվ կենսակերպի դեպքում կարող է անհրաժեշտ լինել օրական մոտ 2000 կկալ, իսկ չափավոր ակտիվության դեպքում՝ մոտ 2350 կկալ։
Տղամարդկանց պահանջը, սովորաբար, ավելի բարձր է․ օրինակ՝ չափավոր ակտիվ կենսակերպ վարող տղամարդու օրական էներգետիկ պահանջը կարող է մոտենալ 3000 կկալին։
Հետևաբար, Հայաստանի 1738 կկալ միջին ցուցանիշը պետք է դիտարկել հետազոտության բացահայտած մյուս տվյալների համատեքստում։
Իսկ էլ ի՞նչ է հետազոտությունը բացահայտել։
։
Համաձայն հետազոտության՝ հարցված բնակչության մեծամասնությունը՝ շուրջ 96%-ը, հետազոտության օրը կամ նախորդ 24-ժամում օգտագործել է հաց և ալրային արտադրանք։
Այս խումբն օրական միջինում ուտում է 300 գրամ հաց, ընդ որում՝ առաջին տեսակի ցորենի հացն իր տարածվածությամբ և սպառման ծավալներով 2.5 անգամ գերազանցում է լավաշին։
Օրինակ, առաջին տեսակի ցորենի հաց օգտագործած մասնակիցները միջինում կերել են 175 գրամ, իսկ լավաշ օգտագործածները՝ 70 գրամ։
Ալրային մյուս ապրանքներից մարդիկ հիմնականում սպառում են քաղցրավենիք ու թխվածքաբլիթներ, որոնք օգտագործում է բնակչության 40%-ը, իսկ մակարոնեղեն և ձավարեղեն սպառում է, համապատասխանաբար, 13%-ը և 20%-ը։
։

։
Սպիտակուցներն անհրաժեշտ են մկանների և մարմնի այլ հյուսվածքների կառուցման ու վերականգնման, ինչպես նաև՝ հորմոնների և ֆերմենտների արտադրության համար։
Ըստ Հայաստանի սննդակարգի հետազոտության՝ սպիտակուցային սննդատեսակների սպառումը բնակչության շրջանում աչքի է ընկնում անհամաչափությամբ։ Հետազոտությունը պարզել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում կաթնամթերք օգտագործել է հարցվածների 70%-ը. նրանց կողմից ամենասիրված մթերքը պանիրն է. մածունն ու թթվասերը զբաղեցնում են ավելի ցածր տեղեր։
Մսամթերք սպառում է բնակչության 55%-ը. ընդ որում՝ առաջատարը հավի միսն է, որին հաջորդում են երշիկեղենն ու տավարի միսը։
Համաձայն ուսումնասիրության՝ հարցվածների միայն 2%-ն է օրվա մեջ սպառում ձկնատեսակներ։
Սպիտակուցի աղբյուրներից լայն տարածում ունեն նաև հավի ձուն և ձվածեղի տարբեր տեսակները, որոնք հաճախ պատրաստվում են լոլիկով, երշիկով կամ պանրով։
Հետազոտության օրը մասնակիցների 11%-ը կերել է խաշած ձու, իսկ 18%-ը՝ ձվածեղ։
։
Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է օրական սպառել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն, հայաստանյան բնակչության մեծ մասը հեռու է այս չափանիշից։
Հետազոտության համաձայն, եթե հաշվի չառնենք ձմերուկն ու սեխը, մրգի և բանջարեղենի օրական միջին սպառումը կազմում է 328 գրամ, այսինքն՝ սպառողների շուրջ 70%-ը չի հասնում առաջարկվող նվազագույն շեմին։
Նույնիսկ եթե հաշվարկներում ներառվեն սեզոնային ձմերուկն ու սեխը, միևնույն է, հետազոտթության մասնակիցների 63%-ի մոտ առկա է մրգի ու բանջարեղենի սպառման պակաս։
Միևնույն ժամանակ, շաքարավազի, շոկոլադի և քաղցրավենիքի սպառումը բավականին բարձր է․ այդ մթերքներն օգտագործում է հարցվածների 73%-ը, միջինը՝ 150գ։
Հարցվածների մեկ երրորդի կամ 31%-ի մոտ օրական սննդակարգի մաս է կարտոֆիլը։ Հետազոտության նախորդ 24 ժամվա տվյալներով՝ կարտոֆիլ օգտագործած մասնակիցների միջին սպառումը կազմել է մոտ 200 գրամ։ Նրանք կարտոֆիլն օգտագործում են տարբեր ձևերով՝ տապակած, խաշած, պյուրեի, ջեռոցում թխած կամ ֆրիի տեսքով։
Պատրաստի ճաշատեսակներից մարդիկ հաճախ կերել են ավանդական ապուրներ, ինչպիսիք են՝ հավով ապուրը, բորշչը, սպասը, նաև՝ ամառային ու կաղամբով աղցանները։ Հետազոտության մասնակիցների շուրջ 28%-ը կերել է աղցան, իսկ 20%-ը՝ ապուր կամ մսով ավանդական ուտեստ։
։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ հայաստանյան ափսեի պարունակությունը տարբեր է նաև կախված սեռից և տարիքից։
Տղամարդկանց սննդակարգի օրական էներգետիկ արժեքը (1,892 կկալ) միջինում 284 կկալ-ով բարձր է կանանց ցուցանիշից (1,608 կկալ):Այսինքն՝ կանանց շրջանում միջին էներգիայի սպառումը տղամարդկանցից մոտ 15%-ով ցածր է։
Ընդ որում, տղամարդկանց 25%-ը սպառում է 2,415 կկալ-ից ավելի, մինչդեռ կանանց ամենաշատ սնվող 25%-ի ցուցանիշը սկսվում է 2,050 կկալ-ից։
Տարիքային խմբերի համեմատությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում օրական միջին էներգիայի ընդունման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 40-49 տարեկանների մոտ՝ 1,994 կկալ, իսկ կանանց շրջանում՝ 18–29 տարեկանների մոտ՝ 1,809 կկալ։
70-79 տարեկանների խմբում օրական միջին ցուցանիշներն ամենացածրը են եղել տղամարդկանց մոտ՝ 1,558 կկալ, կանանց մոտ՝ 1,510 կկալ։
։
Ինչպես նշեցինք, Հայաստանում օրական էներգիայի միջին սպառումը՝ 1,738 կկալ է, ինչն ավելի ցածր է, քան մի շարք երկրների ցուցանիշները։ Օրինակ, Ավստրալիայում օրական սպառումը 2,030 կկալ է, ԱՄՆ-ում՝ 2,076 կկալ, Ֆրանսիայում՝ 2,162 կկալ, Դանիայում՝ 2,125 կկալ։
Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանին միավորում է սննդակարգի որոշ նմանություններ. այդ երկրներում մարդիկ նույնպես մեծամասամբ սպառում են էժան ածխաջրեր՝ հացահատիկային ապրանքներ, որի պատճառներից մեկը ֆինանսական սահմանափակ հնարավորություններն են։
Իսկ, օրինակ, իրանական սննդակարգում գլխավոր խնդիրը ճարպերի, այդ թվում՝ հագեցած ճարպերի չափից շատ սպառումն է։
Հայաստանում, ըստ հետազոտության, մտահոգիչ են էներգիայի համեմատաբար ցածր միջին ընդունումն ու սննդակարգի բազմազան չլինելը։
։

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով այս հետազոտության հեղինակներից մեկն է, մտահոգիչ է համարում, որ հացն ու ալյրային արտադրանքը մեծահասակ բնակչության ընդհանուր էներգիայի 53%-ի և ածխաջրերի 57%-ի աղբյուրն են։ Կամ, օրինակ, հարցման օրը ձուկ օգտագործել է մարդկանց ընդամենը 2%-ը։
Ըստ Դ.Պիպոյանի՝ առաջին հերթին, սա ցածր բազմազանության հստակ նշան է.
«Ստացվում է կրկնակի բեռ. մարդիկ օգտագործում են էժան, ածխաջրերով հարուստ մթերք։ Առանձնապես մտահոգիչ է, որ բնակչության զգալի մասի մոտ սննդակարգը աղքատ է, ոչ բազմազան և սննդանյութերի հավասարակշռությունը ևս խախտված է»,-նշում է սննդագետը։
Վերջինիս խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ բազմազանությունը ոչ այնքան նոր և թանկ մթերք ավելացնելու, որքան սննդի հարաբերակցությունը փոխելու հարց է.
«Եթե չենք ուզում մեծ գումար ծախսել, հացի մի մասը կարելի է փոխարինել այլ մթերքներով։ Օրինակ, նույն կալորիան կարելի է ստանալ ձավարեղենից (հնդկաձավար, վարսակ, ձավար, հաճար)»,-ասում է Դ. Պիպոյանը։
Հատիկաընդեղենը, օրինակ՝ ոսպը, լոբին, բուսական սպիտակուցի և բջջանքի աղբյուրն է, բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ ամեն տարի ավելի քիչ ենք օգտագործում։
Սննդագետի հաջորդ խորհուրդը ձուն՝ որպես մատչելի սպիտակուց օգտագործելն է.
«Ձուն համեմատաբար մատչելի, բայց բարձրորակ սպիտակուցներից է, սակայն բազմաթիվ սպառողներ շատ քիչ ձու են օգտագործում։ Մածունը, օրինակ, կամ առանց շաքարի յոգուրտները, պանիրն արդեն սննդակարգի մաս են, և դրանք կարող են ավելի «կայուն» տեղ զբաղեցնել»,-նշում է սննդագետը։
Ամռանն ու աշնանը Հայաստանում բանջարեղենի գները նվազագույնն են, և հենց այդ շրջանում իմաստ ունի հասնել օրական 400 գ-ի, ինչպես նաև թթու, չորացրած և պահածոյացված տարբերակներով պաշար ապահովել ձմռան համար։ Սա սննդագետի հաջորդ խորհուրդն է։
Ինչ վերաբերում է քաղցրավենիքի, շաքարի, հրուշակեղենի սպառմանը, Դ.Պիպոյանն ասում է, որ դա ծախս է, որը սննդային արժեք գրեթե չի բերում.
«Այդ գումարը կարող է ուղղվել ձվի, ընդեղենի կամ բանջարեղենի ձեռքբերմանը»,- ասում է սննդագետը։
Ստացվում է՝ խնդիրը ոչ թե «ավելի շատ ծախսել» այլ «նույն գումարով այլ կերպ ընտրելն է»։
։

Սննդակարգի բազմազանությունը բարելավելու անհրաժեշտության մասին է խոսում նաև բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը։ Նա շեշտում է, որ խնդիրը ածխաջրերն ամբողջությամբ բացառելը չէ, այլ դրանց աղբյուրներն ու սննդակարգում մթերքների հարաբերակցությունը փոխելը.
«Ածխաջրերը մեր օրգանիզմի էներգիայի կարևոր աղբյուր են։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչպիսի ածխաջրերի մասին է խոսքը և ինչ մթերքների հաշվին են դրանք գերակշռում»,- ասում է նա։
Ըստ սննդաբանի՝ եթե ածխաջրերի մեծ մասը գալիս է սպիտակ հացից, բարձր տեսակի ալյուրից և այլ ռաֆինացված արտադրանքներից, իսկ սննդակարգում քիչ են ամբողջական հացահատիկները, բանջարեղենը, մրգերը և լոբազգիները, կարող է լինել բջջանյութի և որոշ միկրոտարրերի անբավարարության վտանգ։ Բացի այդ, սննդակարգը կարող է դառնալ ավելի քիչ բազմազան։
«Խնդիրը ոչ թե «ածխաջրերը նվազեցնելն» է, այլ դրանց աղբյուրները բարելավելը․ օրինակ, ավելի շատ ամբողջական հացահատիկ, լոբազգիներ, բանջարեղեն և միրգ, և համեմատաբար քիչ՝ բարձր տեսակի ալյուրից պատրաստված արտադրանք»,- նշում է սննդաբանը։
Արմեն Մկրտչյանը մտահոգություն է հայտնում, որ հարցվածների 73%-ը վերջին 24 ժամվա ընթացքում օգտագործել է շաքար, մեղր կամ հրուշակեղեն. դա բավականին բարձր ցուցանիշ է.
«Սա ցույց է տալիս, որ քաղցր մթերքները շատերի սննդակարգի սովորական մասն են։ Դրա պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ սննդային սովորություններ, մշակութային ավանդույթներ, քաղցր թեյի կամ սուրճի օգտագործում, հասանելիություն, գին, գովազդ, ընտանիքի սովորություններ և նույնիսկ սթրեսի կամ հոգնածության ժամանակ քաղցրի նկատմամբ նախընտրությունը»,-մեկնաբանում է սննաբանը։
Թեև ցածր բազմազանությունը կամ սննդային սահմանափակ ընտրությունը, ըստ Ա. Մկրտչյանի, կարող է նշանակել, որ մարդիկ որոշ սննդանյութերի բավարար քանակ են ստանում, բայց, միևնույն ժամանակ, մյուսների աղբյուրները սահմանափակ են, և որոշ ժամանակ անց կարող է առաջանալ այդ սննդանյութերի անբավարարություն.
«Եթե սննդակարգում գերակշռում են հացը և ալրային արտադրանքը, իսկ քիչ են բանջարեղենը, միրգը, լոբազգիները, ընկույզները, ձուկը, այլ կենդանական սպիտակուցի աղբյուրները և այլ սննդամթերքի խմբերը, կարող է նվազել սննդակարգի կենսաբանական արժեքը և բջջանյութի՝ սննդային թելիկների բազմազանությունը»,-ասում է նա։
Սննամթերքի պատրաստման եղանակը, ըստ Ա. Մկրտչյանի, կարող է էապես փոխել ուտեստի էներգետիկ արժեքը։ Հատկապես՝ տապակելու դեպքում մթերքը կարող է կլանել յուղ, և արդյունքում նույն մթերքի կալորիականությունը կարող է զգալիորեն բարձրանալ։
Օրինակ, բանջարեղենը, կարտոֆիլը կամ միսը ինքնին կարող են լինել առողջ սննդակարգի մաս, բայց դրանց տապակումը մեծ քանակությամբ յուղով կարող է էապես ավելացնել ճարպի և էներգիայի քանակը.
«Միևնույն ժամանակ, պետք չէ տապակումը ներկայացնել որպես «թույն» կամ ամբողջությամբ արգելված մեթոդ։ Ավելի կարևոր է տապակման հաճախականությունը և օգտագործվող յուղի քանակը»,-բացատրում է սննդաբանը։
։
Արմեն Մկրտչյանը խորհուրդ չի տալիս փորձել մեկ օրում ամբողջությամբ փոխել սննդակարգը։ Դա սովորաբար դժվար է, իսկ արդյունքը երկարաժամկետ չի պահպանվում։
Այնուամենայնիվ, ըստ սննդաբանի, պետք է ոչ թե միանգամից «արգելել» բոլոր քաղցր մթերքները, այլ աստիճանաբար փոխել սովորությունները. նվազեցնել թեյի կամ սուրճի մեջ ավելացվող շաքարի քանակը, սահմանափակել քաղցր ըմպելիքները, քաղցրավենիքը չդարձնել ամենօրյա սովորություն, ավելի հաճախ ընտրել միրգ, ուշադրություն դարձնել նաև պատրաստի մթերքներում առկա ավելացված շաքարներին, անպայման կարդալ սննդային մակնշումները։
«Ավելի արդյունավետ է սկսել 2-3 փոքր, իրատեսական նպատակներից և փոփոխություններից։ Օրինակ՝ ամեն օր ավելացնել բանջարեղենի և մրգի քանակը։ Եթե այսօր գրեթե չեք օգտագործում, սկսեք օրական մեկ լրացուցիչ բաժնից։ Հացը ամբողջությամբ չհանել, այլ փոխել դրա որակը»,-բացատրում է նա։
Սննդաբանն առաջարկում է նաև ավելացնել նոր մթերքներ, փոխել պատրաստման եղանակը, հրաժարվել քաղցր գազավորվածն ըմպելիքներից և, ի վերջո, սնվել հստակ ռեժիմով՝ միշտ որոշակի ժամերի, չթողնել հիմնական չափաբաժինները ուշ երեկոյան ժամերին և այլն։
։
Սննդակարգի բարելավումը միայն անհատական ընտրության հարց չէ․ այն կախված է նաև սննդարար մթերքների մատչելիությունից, իրազեկվածությունից և պետական քաղաքականությունից։
Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերն է առանձնացնում հետազոտության համահեղինակ, սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Առաջինը, ըստ նրա, ազգային սննդային ուղեցույցներն են, որոնք Հայաստանն այսօր չունի։
«Այս հետազոտությունն առաջինն է, որ Հայաստանում սննդակարգը գնահատում է անհատական մեթոդով։ Մինչ այժմ պետությունն ապավինել է տնային տնտեսությունների բյուջեի հարցումներին, որոնք ցույց են տալիս ծախսը, բայց ոչ այն, թե ով ինչ և որքան է իրականում ուտում։ Անհրաժեշտ է պարբերական, մեթոդապես ամրագրված սննդային հետազոտություն՝ կրկնվող 24-ժամյա հարցումներով, տարիքային, սեռային և տարածաշրջանային բաշխմամբ»,-ընդգծում է Դ. Պիպոյանը։
Այս և նախորդ հետազոտությունները, ըստ գիտնականի, ցույց են տալիս, որ վատ սննդակարգի պատճառներից մեկը ոչ թե միայն փողի, այլ գիտելիքի պակասն է։ Սննդագետը կարծում է, որ առողջ սննդի հիմունքները պետք է լինեն դպրոցական ծրագրի, առաջնային բուժօգնության և հանրային իրազեկման մաս։
Մյուս կարևոր խնդիրը տնտեսականն է.
«Այստեղ գործիքներն են սոցիալական աջակցության ծրագրերում սննդային բաղադրիչի ներմուծումը, դպրոցական սննդի որակի բարձրացումը, տեղական արտադրության ընդեղենի, ձավարեղենի և բանջարեղենի աջակցությունը, ինչպես նաև՝ ձկան արտադրության ու սպառման խթանումը՝ մի ոլորտ, որտեղ Հայաստանն ունի ներուժ, բայց սպառումը ցածր է»,-պնդում է Դ. Պիպոյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը չի կարելի անտեսել.
«Սննդակարգը հանրային առողջության հարց է, և առանց տվյալների, չափանիշների և համակարգված միջամտության ոչ վարակիչ հիվանդությունների բեռը կշարունակի աճել»,-եզրափակում է սննդագետը։